Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ նորանկախ Հայաստանը զրկված էր մասնագիտացված փրկարար ծառայություն ունենալու հնարավորությունից։ Չնայած դրան՝ այդ ծանր օրերին ողջ աշխարհը սատար կանգնեց մեզ, մարդասիրական օգնությունը Հայաստան էր գալիս աշխարհի գրեթե բոլոր ծայրերից։ Դժբախտության պահին մեր բարեկամների շնորհիվ էր նաեւ, որ նորանկախ պետությունը կարողացավ ոտքի կանգնել եւ վերածնվել մոխրից։ Եվ հիմա, արդեն կայացած եւ ամուր փրկարարական համակարգ ունեցող Հայաստանի համար պատվի եւ արժանապատվության հարց է աղետի մեջ հայտնված մեր բարեկամներին օգնության ձեռք մեկնելը։ Օգոստոսի 11—ին Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին Հայաստանի իշխանություններն արձագանքեցին անմիջապես։ ՀՀ նախագահի հանձնարարականով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները անցան պատրաստվածության «տագնապ» աստիճանին՝ պատրաստ ցանկացած պահի մեկնելու հարեւան երկիր եւ մասնակցելու փրկարարական աշխատանքներին։ Իրանը, սակայն, հրաժարվեց փրկարարների ծառայություններից՝ նշելով, որ իր փրկարարները լիովին կարող են աշխատանքներն իրականացնել։ Սակայն մարդասիրական օգնության առումով, տուժած բնակչությանն աջակցելու խնդրում մեր հարեւաններն, իհարկե, ունեն օգնության կարիք։ Եվ ՀՀ կառավարությունը որոշեց երկրաշարժից տուժած բնակչությանը որպես մարդասիրական օգնություն հատկացնել 57 մլն դրամ ընդհանուր արժեքով գույք՝ 26 հազար տուփ պահածոներ, մոտ 40 հազար լիտր խմելու ջուր, 81 վրան, որոնց մեջ տեղավորվում է շուրջ 700 մարդ, 1000 ծածկոց, 6 հազար սավան, 300 ներքնակ, 460 քնապարկ եւ բացովի 100 մահճակալ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը երեկ ասուլիսում տեղեկացրեց, որ օգոստոսի 17—ին, ժամը 19։30—ի սահմաններում մարդասիրական օգնությամբ բեռնված հինգ բեռնատար Երեւանից ուղեւորվեց Իրան։ Օգոստոսի 19—ի երեկոյան օգնությունը հանձնվել է Իրանի Ջուլֆա քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Արեւելյան Ատրպատականի ճգնաժամային շտաբին։ «Սա մեր հարեւան իսլամական հանրապետությանը Հայաստանի հատկացրած չորրորդ մարդասիրական օգնությունն էր։ Նախկինում՝ 1995, 1997 եւ 2003 թվականների երկրաշարժերի ժամանակ նույնպես մենք աջակցություն ցուցաբերեցինք Իրանին։ Ընդհանուր առմամբ՝ տարբեր աղետներից տուժած երկրներին հումանիտար օգնություն ցուցաբերելու խնդիրը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է, քանզի մենք լավ ենք հիշում, թե որքան մեծ էր աջակցությունը՝ հատկացված Հայաստանին, Սպիտակի երկրաշարժի ժամանակ։ Եթե կարիք լինի՝ պատրաստ ենք կրկին աջակցելու մեր հարեւաններին»,— ասաց Ա. Երիցյանը։ Ռուսաստանում տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ Հայաստանը նույնպես պատրաստակամություն էր հայտնել փրկարար ուժեր եւ հումանիտար օգնություն ուղարկելու, սակայն ռուսական կողմը մերժել էր՝ նշելով, որ դրա կարիքը չկա։ Հայաստանում փրկարար ծառայության գործունեությունը դրված է ամուր հիմքերի վրա, օտարերկրյա մասնագետները հատկապես գնահատում են հայ փրկարարների մասնագիտական կարողությունները եւ տեխնիկական հագեցվածությունը։ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որ ունի ճգնաժամային կառավարման ազգային պլատֆորմ. «Դա է պատճառը, որ Բելառուսում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ երկրների արտակարգ իրավիճակների նախարարների խորհրդի նիստում հայկական եւ ռուսական կողմերը որոշեցին Հայաստանում հիմնել տարածաշրջանային հումանիտար կենտրոն՝ աղետներին դիմակայելու եւ արձագանքելու համար»։ Նախարարը հատկապես կարեւորեց համագործակցությունը սեյսմիկ ոլորտում, որը աշխարհում թիվ մեկ խնդիրներից մեկն է մնում, եւ որտեղ Հայաստանը դեռ շատ անելիքներ ունի։ Նա անդրադարձավ Գառնիի սեյսմիկ հետազոտությունների կենտրոնին, որը տարածաշրջանում բացառիկ մի կառույց է։ Կենտրոնը վերջին 20 տարիներին չէր գործում, սակայն այժմ աշխատանքներ են տարվում այն վերականգնելու եւ վերազինելու ուղղությամբ։
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
***
ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունել է լեռնագնաց Անդրանիկ Միրիբյանին, որը բարձրանալով Վրաստանի տարածքում գտնվող Ուշբա լեռը, հայտնվել էր բարդ իրավիճակում։ Մի քանի օր անընդհատ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը կապի մեջ էր Վրաստանի ու Ռուսաստանի գործընկերների հետ՝պարբերաբար ճշտելով իրավիճակը եւ օժանդակելով որոնողափրկարարական աշխատանքներին։ «Յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, որ իր թիկունքում կանգնած է պետությունը, որ մենք միշտ պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել մեր հայրենակիցներին՝ անկախ նրանից, թե աշխարհի որ կետում են նրանք գտնվում»,–ԱԻՆ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ նշել է Ա. Երիցյանը։ Ա. Միրիբյանն իր երախտագիտությունն է հայտնել ԱԻ նախարարին՝ նշելով, որ երբեւէ չէր կարծում, թե շարքային քաղաքացու համար կարող է ոտքի կանգնել մի ամբողջ համակարգ, այն էլ օտար երկրում։ «Ես այդ ամբողջ ընթացքում շատ մեծ աջակցություն, ուշադրություն եւ հոգատարություն էի զգում իմ նկատմամբ՝ ինչ—որ տեղ նաեւ անհարմար զգալով, որ ինձ համար այդքան շատ բան է արվում։ Ամեն ինչ վկայում էր Ձեր կողմից ուշադրության եւ բարձր մակարդակով համագործակցության մասին։ Վրացի փրկարարները նույնպես շատ ուշադիր էին եւ ամեն ինչ անում էին ինձ օգնելու համար։ Այդ պահին ես ինձ հպարտ էի զգում, որ Հայաստանի քաղաքացի եմ»,–ասել է Ա. Միրիբյանը։ Ըստ աղբյուրի՝ հանդիպման ավարտին Անդրանիկ Միրիբյանն ԱԻ նախարարի հետ միասին եղել է ճգնաժամային կառավարման կենտրոնում, որտեղից նա լեռան վրա գտնվելու ժամանակ ուղիղ կապով զրուցել էր նախարարի հետ եւ քարտեզի վրա ցույց տվեց իր անցած ճանապարհը։ Նա իր հիացմունքն է հայտնել մեր ճգնաժամային կառավարման կենտրոնի տեխնիկական հագեցվածության ու աշխատանքի վերաբերյալ՝ նշելով, որ շատ երկրներ կուզենային ունենալ նմանատիպ մի կենտրոն։ hhpress.am
|