ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.11.2019, 19:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [601]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [800]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [628]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 30 » Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ՀՀ զինված ուժերի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ
17:55
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ՀՀ զինված ուժերի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, զինվորներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման քսանամյակի կապակցությամբ:
Անկախ պետականության կորստից ի վեր հայ ժողովուրդը բազմաթիվ զինվորներ է ծնել, սակայն իր բանակն ունենալու բախտը չի ունեցել: Հայ մարտիկները, սպաներն ու գեներալներն իրենց անձնական սխրանքով ու նվիրումով փառք են բերել տարբեր երկրների, բայց մեր ժողովրդի քաջարի զավակները զրկված են եղել իրենց հայրենիքի շահերը և հայրենակիցների իրավունքները միասնաբար պաշտպանելու հնարավորությունից:
Քսան տարի առաջ մենք շրջեցինք պատմության անիվը: Այդ առանցքային ժամանակահատվածում մեր ժողովուրդը վերստեղծեց իր անկախ պետականությունը` ամբողջությամբ ստանձնելով պատասխանատվությունն իր իրավունքների ու ազգային շահերի պաշտպանության համար: Վերելքի այդ պատմական պահին կարևորագույն նվաճումներից մեկը հայոց բանակն էր:
Հայ ժողովրդի և մանավանդ արցախահայության գլխին կախված ցեղասպանության վերահաս վտանգը կանխելու անհրաժեշտություն կար: Բանակաստեղծման այդ բեկումնային իրադարձությունը ժամանակի պահանջն էր։
Մեր դատն արդար էր, և մենք պատրաստ էինք դիմակայության։ Գիտեինք, որ միայն մենք կարող էինք պաշտպանել ապրելու մեր իրավունքը: Սակայն մենք նաև քաջ գիտակցում էինք, որ հենց այդ իրավունքն ու արդարությունն էին մեզ ուժ ու կորով հաղորդում:
Անհանդուժողականության, չարության և կույր ատելության դեմ կռվի ելած կամավորները դարձան հայոց կանոնավոր բանակի կորիզը: Ազգային զարթոնքի պահին այդ կամավորներից շատերն իրենց կյանքը դրեցին հայրենիքի անվտանգության ու պաշտպանության զոհասեղանին:
Հավե՛րժ փառք նրանց, խոնարհում ու խնկարկում նրանցից յուրաքանչյուրի պայծառ հիշատակին:
Հարգելի՛ գեներալներ, սպաներ և զինվորներ,
Մեր բանակի տարեդարձը ձեր մասնագիտական տոնն է: Այդ մասնագիտությունն ընտրելով` դուք պատասխանատվություն եք ստանձնել ձեր ժամանակակիցների ու ժառանգների հանդեպ: Բայց միաժամանակ դուք ընտրել եք Վարդան Մամիկոնյանի և Հովհաննես Բաղրամյանի ուղին, ուստի և ձեր արած գործը գնահատվելու է նրանց սահմանած չափանիշներով: Չեմ կասկածում, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր զինվորական, անկախ իր ծառայության վայրից և դիրքից, պիտի գիտակցի այդ պատմական պատասխանատվությունը:
Հիշենք, որ մենք սկսել ենք զենքերը և նույնիսկ փամփուշտները հատ-հատ հաշվելուց և այսօր ունենք սպառազինության լրջագույն մակարդակ։ Մենք մետր առ մետր խրամատ ենք փորել, հարյուրավոր կիլոմետրերով ռազմական ամրություններ, զինվորականների համար հազարավոր բնակարաններ և պաշտպանության նախարարությանը հարիր շենք կառուցել։ Ռազմարդյունաբերական համալիր ենք ստեղծել և բանակի արժանի ընկալում ձևավորել։ Այս ամենը միասին ենք արել, ողջ ժողովրդով։ Եվ շարունակում ենք անել աշխատանքով, բանակի նկատմամբ ունեցած հավատով և առանձնահատուկ ջերմությամբ։
Անհնարին է երկու բառով թվարկել այն, ինչ արվել է քսան տարվա ընթացքում։ Հայոց պետականության վերականգնման 20-ամյակին նվիրված զորահանդեսը և 1994 թվականից պահպանվող զինադադարը մեր բանակի ամենաճշգրիտ զեկույցն ու ստուգատեսն են Հայաստանի ժողովրդի և ողջ հայության առջև։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մեր տարածաշրջանում հավասարակշռության, ուստի և խաղաղության ու կայունության պահպանման ամենակարևոր երաշխավորներից են: Այսօր մեր զինվորը պաշտպանում է Հայաստանի խաղաղությունն ու անդորրը, բայց նա ներգրավված է նաև միջազգային խաղաղապահ առաքելություններում, որտեղ իրեն դրսևորում է լավագույն կողմերով և բազմապատկում իր` կարգապահ ու քաջարի զինվորականի համբավը։
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս փառապանծ տոնի առթիվ: Մաղթում եմ, որ մեր երկրում ու տարածաշրջանում միշտ տիրի խաղաղություն, իսկ մեր ժողովուրդը շարունակի իր ստեղծագործ աշխատանքը` հանուն Հայաստանի հզորության և վերելքի:
Փա՛ռք Հայաստանի զինված ուժերին։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 260 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019