Ֆրանսիայի
նախագահ Նիկոլա Սարկոզին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող
օրինագիծը ստորագրելու է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Այս մասին
տեղեկացնում է Reuters գործակալությունը, հղում անելով Ելիսեյան պալատի իր
անանուն աղբյուրին:
«Հանրապետության նախագահը օրենքը կվավերացնի սահմանված ժամկետում` երկու
շաբաթվա ընթացքում», - ասել է նախագահական վարչակազմի ներկայացուցիչը:
Նշվում է, որ այս ընթացքում օրինագծի սահմանադրականության տեսական
հնարավորություն կա: Օրինագծի սահմանադրականությունը իրավունք ունեն նաև
վիճարկել խորհրդարանի վերին պալատի խոսնակ Ժան-Պյեռ Բելը, Ֆրանսիայի
նախագահ Նիկոլա Սարկոզին, ինչպես նաև, նվազագույնը 60 խորհրդարանականներից
կազմված խումբը:Սակայն, ինչպես նշում են մի շարք լրատվամիջոցներ, նման
քայլի հավանականությունը չափազանց ցածր է, քանի որ օրինագիծը մշակվել է
նոխագահական կուսակցության` «Ժողովրդական շարժման աջակցման միության»
կողմից և, հետևաբար ունի Ելիսեյան պալատի աջակցությունը: Չափազանց ցածր է
նաև օրինագիծը` նախագահ Սարկոզիի կողմից չվավերացվելու հավանակությունը:
Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ի լույս 24–ի գիշերը ձայների 127 կողմ և
86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը
քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից
ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց
ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝
Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում):