Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բացելով նիստը, վարչապետը ձայնը տվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին, ով կառավարությանը զեկուցել է, թե ինչպես է Հայաստանը դիմավորում նոր ուսումնական տարին։
2014թ. «Լավագույն դաստիարակ» եւ «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական ավտոմեքենայով պարգեւատրելու նպատակով գործադիրը ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացրել է 12 մլն 700 հազար դրամ։ Պարգեւները շնորհվելու են Ուսուցչի օրը։
Առաջնություն է տրվում կենսական նշանակություն ունեցող ներդրումներին
ՀՀ կառավարությունը թույլատրել է «Նիվեկոտրանս Էյ Էմ» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել երեք տարով։
«Կորսան–կորվիամ կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության Հայաստանի մասնաճյուղն իրականացնում է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի համատեղ ֆինանսավորմամբ «Հյուսիս–հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ճանապարհահատվածների վերակառուցման եւ բարելավման աշխատանքները։ Այս ընկերության ենթակապալառու կազմակերպությունն է «Նիվեկոտրանս Էյ Էմ» ՓԲԸ–ն, որը կատարում է պահանջվող չափանիշներին համապատասխան շինաշխատանք եւ այդ նպատակով ներմուծել է սարքավորումներ. դրանց մաքսային ռեժիմը երկարաձգվել է երեք տարով։
Հաշվի առնելով Իրան–Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի կարեւորությունը, կառավարությունը Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի մի շարք համայնքների ֆինանսական եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների նկատմամբ ճանաչել է բացառիկ՝ գերակա հանրային շահ։ Հողատարածքների ընտրությունն իրականացվել է ըստ սահմանված շինարարական եւ տեխնիկական նորմերի, բնակավայրերի, պատմամշակութային հուշարձանների, բնապահպանական տարածքների եւ ենթակառուցվածքների շրջանցմամբ։
Գործադիրը հավանություն է տվել Լոռու մարզի Դարպասի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի ուղղակի վաճառքի արդյունքում համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 4.5 մլն դրամը հեղեղատարի կառուցմանն ուղղելու ծրագրին։
Արմավիր քաղաքի պահածոյի գործարանի նախկին վարչական շենքը բնակելիի վերակառուցելու շինաշխատանքների ավարտից հետո պետական գրանցումը պատշաճ կազմակերպելու եւ իրականացնելու նպատակով Արմավիրի մարզպետարանին հատկացվել է 2.7 մլն դրամ։
Կբարելավվի սոցիալական պաշտպանության ծառայությունների տրամադրումը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ս.թ. մայիսի 23–ին ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրին, ըստ որի փաստաթղթում սահմանված պայմաններով Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի 21 մլն 200 հազար ԱՄՆ դոլարի վարկ՝ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխման ապահովմանն ուղղելու նպատակով։ ՀՀ կառավարությունը ապահովելու է 20 տոկոս համաֆինանսավորում՝ հարկերի մասով։ Ծրագիրն իրականացվելու է 2014–2018թթ. ժամանակահատվածում։
Նիստում ընդունված որոշումներից երկուսն ուղղված են «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի կիրարկման ապահովմանը։
Եվս երկու որոշմամբ գործադիրը հաստատել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ծրագրերից երկուսի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվները։ Առաջինը գյուղատնտեսական համատարած հաշվառում անցկացնելու համար ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տրամադրելիք 200 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհային ծրագիրն է, մյուսը՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) եւ ՄաստերՔարդ հիմնադրամի տեխնիկական օժանդակությունը, որով իրականացվելու է «Դպրոցից դեպի աշխատանք» ընտրանքային միանվագ հետազոտության երկրորդ շրջափուլը։ Այն կյանքի է կոչվելու 15–29 տարեկան երիտասարդների շրջանում եւ հնարավորություն է տալու ստեղծել ՀՀ աշխատանքի շուկան բնութագրող տվյալների շտեմարան։
Կառավարությունը հավանություն է տվել բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների ծրագրին, որը կնպաստի բնապահպանական արդյունավետ քաղաքականության իրականացմանը։
Հովհաննես Չեքիջյանի 85–ամյա հոբելյանի առթիվ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի Ստամբուլ հյուրախաղերի մեկնելու ավիատոմսերի ծախսը «Չեքիջյան» բարեգործական հիմնադրամին փոխանցելու համար կառավարությունը ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացրել է շուրջ 8 մլն դրամ։
«Վարդապետի լռությունը» պայմանական անվանմամբ եւ «Քարվաճառ» լիամետրաժ խաղարկային կինոնկարների ստեղծման նպատակով կառավարությունը ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացրել է 110 մլն դրամ։
Օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» եւ եւս 12 ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունումը պայմանավորված է գրավով ապահովված գործարքների դերի բարձրացմամբ՝ վարկային եւ ֆինանսական գործարքներ իրականացնելիս։
Նիստում հավանություն է տրվել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» եւ եւս երեք օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունման դեպքում կերաշխավորվի անձնական եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանությունը անձնական տվյալների մշակման բնագավառում։
ՀՀ կառավարությունը քննարկել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Օրինագծի նպատակն է հստակեցնել եւ ճշգրտել օրենսգրքում եղած որոշ դրույթներ։ Գործադիրը նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություն չի ներկայացրել։
Կառավարության առարկությունը չի հարուցել նաեւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ։ Ըստ նրանց հիմնավորման, փոփոխությունների առաջարկությունը կատարվել է տեղական ինքնակառավարման համակարգի գործունեության երկար տարիների փորձի հաշվառմամբ։ Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել հեղինակների հետ համագործակցել նախագծի հնարավոր լրամշակման հարցում։
Գործադիրը պատրաստ է նախագծերի փաթեթի լրամշակման դեպքում համագործակցել ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հետ, ով հանդես է եկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում եւ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ։ Օրինագծի նպատակն է ստեղծել վարկային պայմանագիր կնքած քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ։
Քննության է առնվել ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում, ըստ հեղինակների, անձը հնարավորություն կստանա իրացնել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եւ ՀՀ սահմանադրությամբ ամրագրված իր իրավունքը։ Կառավարությունն սկզբունքորեն ընդունելի է համարել օրենքի նախագիծը՝ անելով նաեւ մեկ առաջարկություն։
Քննարկելով ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ, գործադիրն իր հերթին ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում միայն ընդունելի կհամարի օրենքի նախագիծը։
Վերը նշված օրենքների նախագծերը եւ կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել է «Արմավիա» ավիաընկերություն ՍՊԸ եւ «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ ՀՀ պետբյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունների դիմաց ԴԱՀԿ ծառայության կողմից հայտարարված անշարժ գույքի հերթական էլեկտրոնային աճուրդի ընթացքում գնորդ չլինելու հիմքով չկայանալու դեպքում ընդունել հարկադիր կատարողի առաջարկը պարտքի դիմաց 9 մլրդ դրամ արժեքով «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ պատկանող Երեւանի Մանանդյան փողոց N 41 հասցեում գտնվող անշարժ գույքը եւ ամրագրել ՀՀ ֆինանսների նախարարության հաշվեկշռում։
|