Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հաշվի առնելով Սիրիայի ներկայիս պատերազմական իրավիճակը եւ քաղաքական հնարավոր զարգացումները, Սիրիայում բնակվող մոտ 100 հազար հայերին սպառնացող վտանգը, ՀՀ կառավարությունը շտապ միջոցներ է ձեռնարկում մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու եւ նրանց վերադարձը հայրենիք կազմակերպելու համար։ Այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որն սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը, ազատել ՀՀ մուտքի արտոնագրի ժամկետը երկարացնելու համար պետական տուրքի վճարումից։ Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի պարզաբանմամբ. «Եթե ստեղծվում են արտակարգ իրավիճակներ, որոնց համար մեր հայրենակիցները մեղավոր չեն եւ չեն կարողանում պահպանել պաշտոնական ընթացակարգերը, ապա մենք նրանց ազատում ենք տույժ ու տուգանքից, ստեղծում ավելի հարմարավետ պայմաններ, որպեսզի նրանք իրենց խնդիրները կարողանան լուծել՝ մնալով հայրենիքում»։
Հաստատվել է սերմացուի բաշխման ցուցակը
Կառավարությունն իր նիստում հաստատել է ՀՀ—ում 2010—2014թթ. ցորենի սերմնաբուծության եւ սերմնարտադրության զարգացման ծրագրով 2012թ. աշնանացանի համար ՀՀ մարզերին հատկացվող աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխման ցուցակը։ ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ—ի միջոցով ծրագրում ընդգրկված շահառուներից կազմակերպել կանխատեսվող 1000 տոննա սերմացուի գնումը եւ այն, հետ վերադարձվելիք 1200 տոննա սերմացուի հետ, հաստատված չափաքանակների համաձայն հատկացնել ՀՀ մարզպետարաններին՝ կնքելով համապատասխան պայմանագրեր։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, պետությունն ամբողջությամբ բավարարում է մարզերից ստացված դիմումները։ Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում 2012—2017թթ. աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության զարգացման ծրագիրը եւ շահառուների ցանկը՝ խթանելով նման սերմերի արտադրությունը։ Սեւան—Հրազդան իռիգացիոն—էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերի 2012թ. ջրամատակարարումն ապահովելու նպատակով կառավարությունը նախկինում հաստատված ջրաքանակն ավելացրել է 40 մլն խորանարդ մետրով։
Կվերականգնվեն հիմնանորոգում պահանջող օբյեկտները
Իր նիստում կառավարությունը սահմանել է մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների իրականացման եւ կատարված աշխատանքի ֆինանսավորման կարգը, որի համաձայն 2012 թվականին ավարտին կհասցվի հետեւյալ ճանապարհների հիմնանորոգումը. Հ—184, Մ—3—Նորաշեն—Սարչապետ (Նորաշեն—Սարչապետ հատված), Տավուշի մարզի Թեղուտ գյուղի ճանապարհ, Վայք քաղաքի Երիտասարդական փողոց, Լոռու մարզի Հարթագյուղի համայնքը Վանաձոր—Գյումրի մայրուղուն միացնող ճանապարհ, Բազմաղբյուր–Ղազարավան–Փարպի ավտոճանապարհ, Հ—290, Մ—5—Լեռնուղի—Այգեւան–մ5 ավտոճանապարհ։ Կառավարության մեկ այլ որոշմամբ ամբողջությամբ կհիմնանորոգվեն Չարենցավանի N6 եւ Հրազդանի N4 միջնակարգ դպրոցները։ Կառավարությունը Ջերմուկ քաղաքի կամրջի նորոգման նպատակով Վայոց ձորի մարզպետարանին է հատկացրել 137 մլն դրամ, Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի ասֆալտապատման աշխատանքի իրականացման ժամկետը երկարաձգել մինչեւ ս.թ. հոկտեմբերի 1—ը, Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող NN25, 26, 33 եւ 34 շենքերի հարակից տարածքների բարեկարգման եւ կառուցապատման համար ՀՀ քաղաքաշինության նախարարությանը տրամադրել 15 մլն դրամ։ 59 ընտանիքի համար նախատեսված 4 շենքերի բնակեցումը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերին։
Կատարելագործվում է արտոնագրման գործընթացը
ՀՀ կառավարությունը հաստատել է մասնավոր պահնորդական գործունեության արտոնագրման կարգը, արտոնագիր ստանալու հայտի եւ արտոնագրի ձեւերը։ Սահմանվել է, որ մասնավոր պահնորդական գործունեության արտոնագրումն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը։ Իր նախկին որոշումներից մեկում կատարած փոփոխություններն ու լրացումները գործադիրը նպատակաուղղել է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների արտոնագրման գործընթացի բարելավմանը։ Մասնավորապես, «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությանը համապատասխան ուժը կորցրած են ճանաչվել նշված ծրագրերի իրականացման արտոնագրման կարգը եւ արտոնագրի ձեւը՝ փոխարենն առանձին կարգեր եւ արտոնագրի ձեւեր սահմանելով բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերի համար։
Իրացվում են պետության սոցիալական երաշխիքները
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ եւ լրացումներ, որոնցով կարգավորվում են ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների եւ քաղաքացիական ծառայողների կողմից վարձակալված բնակելի տարածության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու հետ կապված հարաբերությունները՝ փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը, փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ որոշում կայացնող մարմինը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ այլն։ Գործադիրը գումար է հատկացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ—ին՝ ապաստան հայցողների կեցությունը եւ կենսապահովման պայմանները հոգալու համար։ Այս տարի նույնպես պետբյուջեի ծախսը նախատեսված էր 30 ապաստան հայցողի հաշվով, սակայն այդ անձանց թիվն ավելացել է, ուստի լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն է առաջացել։ ՀՀ 2012թ. պետբյուջեում կատարելով վերաբաշխում, փոփոխություններ եւ լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը դրանով իսկ ապահովել է «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ—ին ամրացված գույքի պահպանման եւ Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի աշխատողների բնականոն գործունեության ֆինանսավորումը։ 2012թ. պետբյուջեում կատարելով վերաբաշխում, փոփոխություններ՝ իր նախկին որոշումներից մեկում, գործադիրը եւս 18—ով ավելացրել է հանրային պաշտպանների թիվը, ինչի շնորհիվ կբարձրանա քաղաքացիներին ցուցաբերվող իրավաբանական օգնության որակը։
Այլ որոշումներ
Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության www.e—gov.am (էլեկտրոնային կառավարում) կայքի սպասարկման կարգը, որի միջոցով ակնկալվում է ոչ միայն կանոնակարգել, այլեւ բարելավել կայքի սպասարկումը։ Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի համապատասխան դրույթով, գործադիրը որոշել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված երկու օրենքի նախագծերը ներկայացնել Ազգային ժողով։ ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ—պետությունների տարածքների սանիտարական պաշտպանության բնագավառում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Կառավարության որոշմամբ Վահե Ջիլավյանն ազատվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ եւ ստեղծված ավանդույթի համաձայն նոր ուսումնական տարվա սկզբի եւ գիտելիքի օրվա առթիվ կառավարության անդամները սեպտեմբերի 1—ին կայցելեն տարբեր կրթօջախներ։ Նիստի ավարտին հայտարարվել է, որ ս.թ. սեպտեմբերի 14—ին մեկնարկելու է ֆուտբոլի ՀՀ վարչապետի գավաթի ամենամյա խաղարկությունը, որին մասնակցելու են ՀՀ նախարարությունների եւ գերատեսչությունների հավաքական թիմերը։
|