Գլխավոր էջ » 2012»Օգոստոս»23 » Քաղաքական պատասխանատվության ժամանակը /Մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը/
16:29
Քաղաքական պատասխանատվության ժամանակը /Մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը/
Երեկ սկսվել է հանրապետության 370—ից ավելի համայնքներում սեպտեմբերի 9—ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Ըստ գրանցված թեկնածուների մասին ԿԸՀ տեղեկատվության՝ իշխող Հանրապետական կուսակցությունն ու «Բարգավաճ Հայաստանը» ամենաակտիվն են այս ընտրություններում։ Մոտ 400 թեկնածուներ ՀՀԿ—ական են, հինգ տասնյակն էլ ներկայացնում են ԲՀԿ—ն։ Որոշ համայնքներում թեկնածուներ ունի ՀՅԴ–ն, իսկ մնացյալ քաղաքական ուժերը կարծես թե մասնակցելու ցանկություն չունեն։ Ցավոք, հերթական անգամ քաղաքական դաշտի խաղացողների մի մասը դարձյալ իրեն դուրս է դնում երկրի քաղաքական համակարգը վերջնականապես կայացնելու գործընթացից՝ չկարեւորելով տեղական ինքնակառավարման մարմինների դերը։ Չէ՞ որ շատ դեպքերում հենց տեղական իշխանությունների չկայացածությունն ու հրատապ խնդիրներին ժամանակին արձագանքելու անկարողությունն են առաջ բերում մարզերի բնակչության արդարացի դժգոհությունը։ Եթե քաղաքական ուժերն իրենց ակտիվ մասնակցությամբ մրցակցային լուրջ միջավայր ձեւավորեն ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ապա կմեծանա այդ ինստիտուտի նկատմամբ վստահությունը, եւ իրենց բակը բարեկարգելու կամ իրենց թաղի ջրագիծը անցկացնելու խնդիրը լուծելու համար մարդիկ հայացքները չեն ուղղի մայրաքաղաք։