ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 20 » Քաղաքական խրամատից՝ զինվորական խրամատում /Տարաբեւեռ քաղաքական դաշտից՝ համաժողովրդական միասնական դաշտում/
10:13
Քաղաքական խրամատից՝ զինվորական խրամատում /Տարաբեւեռ քաղաքական դաշտից՝ համաժողովրդական միասնական դաշտում/

Միասնությունը քարոզելով գրեթե չի լինում, որովհետեւ եթե մարդու, հասարակության, ժողովրդի ներաշխարհում, հոգու մեջ միասնության գաղափարի սերմ չկա, որեւէ քարոզ օգնել չի կարող։
Մեր միասնության լավագույն դրսեւորումներից պիտի համարել արձագանքները հայ—ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում՝ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում։ Միասնություն թե՛ զենքով, թե՛ առանց զենքի։ Մեր բանակի շնորհիվ վերստին հավաստիացանք, որ հուսալիորեն պաշտպանված ենք, որ երեսներս պարզ անող ու իր կյանքը չխնայող, պատրաստված ու խիզախ զինվոր ունենք, հաղթանակող զինուժ։ Միաժամանակ, համոզվեցինք, որ հուսալի վահանը, ի դեմս մեր բանակի, ինքն էլ հուսալի թիկունք պետք է ունենա, որ սահմանին կանգնած զինվորն իր հետեւում զգա հասարակության պաշտպանիչ շնչառությունը։ Եվ սահմանապահին ու դիրքապահին այցելած, նրանց զենքով ու երգով սատարած վետերան ազատամարտիկներին հետեւեցին մշակույթի գործիչներ, քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ՝ գործադիրից մինչեւ օրենսդիր, նախարարից մինչեւ պատգամավոր, վարչապետից մինչեւ խորհրդարանի նախագահ՝ երկրի նախագահի մշտական ու ամենժամյա չդադարող ուշադրության, բարձրաձայնվող ու բարձրաձայնման ոչ ենթակա գործողությունների ու քայլերի ուղեկցությամբ։
Հերթական ամառվա ավարտին կարելի է արձանագրել, որ այն քաղաքական առումով բնավ էլ թեժ չէ, թեեւ նախկինում էլ ամառը քաղաքական դադարի ժամանակահատված է եղել։ 
Սակայն նույն ամառն արձանագրեց մի կարեւոր փաստ. քաղաքականությունը նաեւ համախմբող տարր ունի այն իմաստով, որ տարբեր դիրքորոշումների ու հայացքների տեր գործիչներ, ովքեր մեկ անգամ չէ, որ տարբեր հարթակներից ու ամբիոններից հանդես են եկել փոխադարձ քննադատությամբ, հակադիր տեսակետներով ու երբեմն նույնիսկ անհանդուրժողականության հասնող հայտարարություններով, քաղաքական տարբեր խրամատներ ունենալով հանդերձ՝ հայտնվեցին բառիս ուղղակի իմաստով նույն խրամատում՝ զինվորական խրամատում, սահմանագոտում, զինվորի կողքին։ Նրանք տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ են, սակայն նույն հասարակության անդամ, այն հասարակության, որը, շնորհիվ սահմանին կանգնած զինվորի, հանգիստ զբաղված է իր աշխատանքով, քաղաքականությամբ ու գրականությամբ, գործերով ու հոգսերով։
Մեր հասարակությունն ինչ—որ առումով անվրդով էր մինչեւ այն պահը, երբ ադրբեջանական դիվերսիոն ձախողումները հասան գագաթնակետին, ցավոք, նաեւ հայ զինվորի կյանքի գնով։ Իրավիճակն աննախադեպ էր դիվերսիոն ինտենսիվության ու սահմաններում լարվածության եւ անհանգստության առումով։ Սակայն հակառակորդի դիվերսիոն ակտիվությանը համընթաց՝ մեզանում տեղի ունեցավ միասնականության գաղափարն ամփոփող մի այնպիսի զգացմունքային ու հասարակական պարպում, որպիսին վաղուց չէինք ունեցել։ Որպես պետություն, հասարակություն եւ ժողովուրդ՝ վերստին ցույց տվեցինք տարաձայնություններից վեր կանգնելու իմաստնություն, քաղաքական տարաբեւեռ դաշտից տեղափոխվեցինք համաժողովրդական միասնական դաշտ, այնտեղից էլ՝ սահման։ 
Միգուցե ոմանց դեպքում եւ ոմանց համար մեր ներսում եւս անսպասելի էր քաղաքական գործիչների նման մեկտեղումը, քանզի նույն սահմանային գոտում, նույն զորամասում էին մարդիկ, ովքեր քաղաքական չգծված սահմանագոտու տարբեր հատվածներում են, ովքեր տարբեր հայացք ունեն պետության զարգացման, ժողովրդի խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ։ Սակայն նրանք նույն դասակում, նույն ուղղության վրա էին, երբ կանգնած էին հայոց բանակի զինվորի կողքին ու նրա հետ նայում էին նույն դիտակետից, երբ տեսնում էին նույն արտաքին թշնամուն։ Որովհետեւ այդ զինվորի գործունեության միակ դաշտը իր խրամատն է, իր դիրքը, իր զորամասը։ Ի պատիվ մեր հասարակական ու քաղաքական դաշտի պետք է ասել, որ նրանց անդամները եւս իրենց ներկայությունը այս օրերին գլխավորապես տեղափոխել են այդ նույն խրամատ, դիրք, զորամաս՝ կանգնելու զինվորի կողքին, զգալու նրա ուժը եւ ինչու չէ, նաեւ զգացնել տալու, որ նրա թիկունքն ամուր է թե՛ հասարակական, թե՛ քաղաքական կյանքում։
Մեկ անգամ չէ, որ դժվարին պահերին կարողացել ենք ձեւավորել միասնական նպատակ եւ գրոհել դեպի միասնական նպատակակետ, համախմբվել եւ միասնական հաղթանակ կերտել, միասնական գիտակցություն եւ միասնական հոգեբանություն ունենալ։ Այդպես է պահանջել երկրի շահը, երկրի անվտանգությունը, երկրի հեռանկարը, որովհետեւ ապագայի երաշխիքը միասնականությունն է։ Մենք պարտադրված ենք այդպիսին լինել ոչ միայն սահմանին, այլեւ քաղաքականության մեջ, պետություն կառուցելիս, հասարակական հարաբերություններում, մեկ ազգը, մեկ պետությունը որպես մեկ ընտանիք գիտակցելով, ընդունելով, համարելով եւ ի բարօրություն այդ ընտանիքի գործելով։ hhpress.am
Կարեն ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 479 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024