Գլխավոր էջ » 2012»Օգոստոս»27 » Քննարկվել են ՀՀ անկախության 21—ամյակի տոնակատարությունների կազմակերպմանն առնչվող հարցեր
10:33
Քննարկվել են ՀՀ անկախության 21—ամյակի տոնակատարությունների կազմակերպմանն առնչվող հարցեր
Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 21—ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման եւ կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, հանձնաժողովի նախագահի տեղակալ—տոնական միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը նշել է, որ անկախության տոնին նվիրված միջոցառումների կազմակերպման աշխատանքներն ընթացքի մեջ են՝ ըստ սահմանված ժամանակացույցի։ Մասնավորապես, սեպտեմբերի 21—ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ՝ ձայնային եւ լուսային ժամանակակից լուծումներով։ ՀՀ անկախության օրը տոնական միջոցառումներ կանցկացվեն նաեւ հանրապետության մարզերում եւ սփյուռքի գաղթօջախներում։ Նիստի ընթացքում ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում ներկայացվել է տարբեր գերատեսչությունների կողմից կազմակերպվող տոնական միջոցառումների ընթացքը։ Վարչապետը հանձնարարել է վերջիններիս ղեկավարներին՝ փոխհամագործակցության միջոցով օպերատիվ կերպով արձագանքել հնարավոր խնդիրներին՝ տոնական միջոցառումները բարձր մակարդակով եւ սահմանված ժամանակացույցին համապատասխան կազմակերպելու համար։