Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայում կարող է բումերանգ դառնալ Քրդերը Սիրիայում ամենամեծ փոքրամասնությունն են, որոնք երկրի շուրջ 22 միլիոն բնակչության մոտավորապես 11 տոկոսն են կազմում եւ բնակվում են երկրի հյուսիս—արեւելյան՝ Թուրքիայի քրդաբնակ շրջանների հարեւանությամբ։ Նրանք Սիրիայում ներմուծված «Արաբական գարնան» հանդեպ ակնհայտորեն պասիվ եւ չեզոք են կամ, ավելի շուտ, հակված են իշխանությանը, քան՝ ընդդիմությանը։ Մանավանդ որ պաշտոնական Դամասկոսը նրանց իր կողքին պահելու նպատակով այդ ընթացքում հօգուտ նրանց որոշ քայլեր կատարել է՝ քաղաքացիություն է տվել եւ զորքերը դուրս է բերել քրդաբնակ շրջաններից։ Սակայն վերլուծաբաններից ոմանք քրդերի նման դիրքորոշումը բացատրում են նրանով, որ նրանք ոչ ընդդիմությանն են վստահում եւ ոչ էլ իշխանություններին։ Ավելին, քրդերին խիստ մտահոգում է այն հանգամանքը, որ Անկարան ամբողջ ուժով պաշտպանում է ընդդիմությանը, ուստի եթե իշխանության գա ընդդիմությունը, ապա Թուրքիայի ազդեցության ներքո գտնվելով՝ հնարավոր է, որ վերջինիս օրինակով եւ հորդորներով հակաքրդական քաղաքականություն որդեգրի։ Մյուս կողմից Արեւմուտքը քրդերին ակտիվացնելու նպատակով նրանց իրավիճակի բարելավում է խոստանում։ Դեռեւս հունիսի 10—ին լիբանանյան «Ալ Ախբար» օրաթերթը հայտնել է, թե Սպիտակ տունը քրդերին խոստացել է Ասադի վարչակարգի զինված ընդդիմությանը միանալու դեպքում նրանց աջակցել իրենց իրավիճակը բարելավելու եւ Իրաքի օրինակով Սիրիայում դաշնային կարգեր հաստատելու հարցում։ Սիրիայի քրդերի նկատմամբ թուրքերի մտավախության հարցի առնչությամբ հատկանշական են Սիրիայի քրդերի դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Ջամալ Մոլա Մահմուդի տեսակետները, որ արտահայտել է իրանական «Ֆարս» գործակալությանը տված հարցազրույցում։ Նա քրդաբնակ շրջանները քրդերի վերահսկողության տակ հայտնվելու վերաբերյալ տեղեկությունները համարել է Թուրքիայի հորինածը, որպեսզի պատրվակ ստեղծի դրանք իր հարձակումների թերախը դարձնելու։ Նա ընդգծել է, որ քրդերն իրենց անվտանգության ապահովման նպատակով որոշ դեպքերում օգտագործում են անձնական եւ թեթեւ զենքեր։ Թուրքիայի ժողովրդավարության քարոզչությանն ի պատասխան Մահմուդը նշել է, որ Անկարան նախ պետք է լուծում գտնի իր ներքին խնդիրների՝ հայերի ու քրդերի դեմ կատարած ոճրագործությունների, ցեղասպանության համար, որոնց հանդեպ պատմականորեն թշնամանք է տածում։ Քրդերի ցեղասպանությունը Թուրքիան սկսել էր 1942—ից եւ առ այսօր շարունակում է, նույնիսկ Աթաթուրքի հեղափոխության ընթացքում 40 հազար քուրդ ցեղասպանության է ենթարկվել։ Բացի այդ, լավ կլիներ Անկարան լուծում տար նաեւ երկրի 15 միլիոն ալավիների հարցին։ Նրանք զրկված են ամենատարրական իրավունքներից, լուրջ ճնշումների են ենթարկվում իշխանությունների կողմից, արգելվում են կրոնական արարողությունները։ Բայց եւ այնպես, Թուրքիան Սիրիայում քրդական ինքնավարության հավանական ձեւավորումից ահաբեկված է, ամեն ինչ անում է նման սցենարի բացառման ուղղությամբ։ Մինչդեռ արեւմտյան վերլուծաբաններն ու ԶԼՄ—ները, լուրջ քննարկման առարկա դարձնելով Սիրիայում քրդական հարցը, հաճախ նշում են, որ հենց նրանք են լինելու «Սիրիայի գարնան» գլխավոր հաղթողներից։ Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի կենտոնի հետազոտող Արոն Դեյվիդ Միլլերը շեշտում է, որ քրդերը Ասադի վարչակարգի փլուզումից կշահեն, քանզի այն տարածաշրջանում խոշորագույն ազգն է, որ զրկված է անկախ պետությունից, իսկ Ասադի հեռացմամբ տարածաշրջանում քրդերի համար համեմատաբար ավելի անկախ դառնալու հնարավորություն կստեղծվի, սակայն լիարժեք անկախության չեն հասնի, քանզի դա չի արժանանա միջազգային հանրության հովանավորությանը։ Իսկ Լոնդոնի համալսարանի (LSE) տնտեսական ու քաղաքագիտական քոլեջի Միջին Արեւելքի քաղաքականության պրոֆսոր Ֆոազ Ջորջիսը շեշտում է, որ քրդական գործոնը Սիրիայում նույնքան կարեւոր է, որքան Իրաքում էր։ Հաշվի առնելով վերը նշված տեսակետները, կարելի է ենթադրել, որ քրդական հարցը էլ ավելի սուր բնույթ կկրի Թուրքիայում, ձախողելով նրա երազանքները Միջին Արեւելքում ու իսլամական աշխարհում։ hhpress.am
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
|