Forbes
ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է «Ռուսական անշարժ գույքի
արքաները» ամենամյա վարկանշային աղյուսակը, որի ներքո ներկայացվում են
Ռուսաստանի առևտրային անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերի առաջատար
30 գործարարները և նրանց գործունեության մասին որոշ մանրամասներ։
Ավանդաբար աղյուսակի բարձր հորիզոնականներում տեղ զբաղեցնող մեր
հայրենակից, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը
այս տարի պահպանել է նախորդ տարվա դիրքը՝ հանգրվանելով երրորդ տեղում։
2011-ին Կարապետյանի ընկերության եկամուտը անշարժ գույքի վարձակալությունից
կազմել է 565 մլն դոլար։
Առաջին և երկրորդ տեղերում գտնվող ընկերություններն էլ պատկանում են
ադրբեջանական ծագումով գործարարների։ Նախորդ տարվա առաջատար՝ Крокус
ընկերության սեփականատեր Արաս Աղալարովը իր տեղը զիջել է իր հայրենակիցներ
Զարախ Իլիևին և Գոդ Նիսանովին՝ Киевская площадь ընկերության
սեփականատերերին։ Киевская площадь-ի եկամուտը 2011-ին կազմել է 780 մլն
դոլար, իսկ նրանց «հայրենակից» Крокус-ինը՝ 700 մլն դոլար։
Նկատենք, «առևտրային անշարժ գույք»-ի տակ Forbes-ը նկատի է առնում
վարձակալության տրվող անշարժ գույքը։ Ամսագրի վերլուծաբանների գնահատականով
2011թ. այս ոլորտում իրականացված ռուսաստանցիների ներդրումները կազմում են
7 մլրդ դոլար, որից 1.8 մլրդը բաժին է ընկնում առաջատար հնգյակին։ Ի դեպ,
2011-ին ռուսաստանցի ներդրողները կրկնակի ավելի շատ գումար են ներդրել այս
ոլորտում, քան նախորդ տարի, և ակտիվության այս միտումը չի նվազում։
Չնայած ներդրումների ակտիվացմանը՝ 2011-ը վերջին 7 տարիների ընթացքում
ամենապասիվն է եղել շահագործման հանձնված տարածքների ծավալով՝ ընդամենը 1.5
մլն քմ։ Նման պասիվությունը Forbes-ը բացատրում է երեք տարի առաջ
ճգնաժամով պայմանավորված շինարարության սառեցմամբ, նախընտրական
անորոշություններով, ինչպես նաև Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինի որոշմամբ՝
դադարեցնել քաղաքի կենտրոնում առևտրային տարածքների կառուցումը։
Forbes-ը նաև պարզաբանում է, որ իր աղյուսակում չի ընդգրկել բանկերին,
հրապարակային ընկերություններին և արտասահմանցիներին։ Բանկերը չեն
ընդգրկվել, քանի որ դրանք շատ դեպքերում հանդիսանում են անշարժ գույքի
ժամանակավոր սեփականատերեր, այլապես աղյուսակը կգլխավորեին ВТБ-ն և
Сбербанк-ը։ Օտարերկրյա ընկերություններից էլ առաջատարի դիրքում շվեդական
IKEA-ն է՝ 14 առևտրային կենտրոններով, որոնց օգտակար տարածքը գերազանցում է
1.6 մլն քմ-ը, ինչը մեկուկես անգամ գերազանցում է Forbes-ի վարկանշային
աղյուսակի առաջատար Киевская площадь ընկերության տարածքին։
Կարապետյանի մասին խոսելով, Forbes-ը հիշեցնում է, որ հայ գործարարն իր
բիզնեսը սկսել է Հայաստանում, բայց շատ արագ տեղափոխվել է Կալուգա, որտեղ
զբաղվել է տեքստիլ արդյունբերությամբ և մեծածախ առևտրով։ Ներկայում
Կարապետյանի ընկերությունը առևտրային տարածքների վարձակալությունից բացի,
զբաղվում է նաև էներգետիկայով, մեծածախ առևտրով, հանրային սննդի
սպասարկմամբ և տասնյակ այլ ուղղություններով։ Կարապետյանի ընկերությունների
համախառն հասույթը 2011-ին կազմել է 2.8 մլրդ դոլար։ 2011-ին մոսկվաբնակ
հայ գործարարի ընկերությունների խումբը ձեռք է բերել բնակելի և առևտրային
անշարժ գույքի 7 օբյեկտներ, որոնց ընդհանուր ներդրումային արժեքը
գերազանցել է 1 մլրդ դոլարը։
Աշնանային դպրոցական արձակուրդների նախօրեին Դմիտրովյան խճուղու վրա
գտնվող Рио առևտրա-ժամանցային կենտրոնում բացվել է առաջին օվկիանարիումը։
Forbes-ը նկատում է, որ այդ միջոցառման գովազդն այնքան հաջող էր արվել, որ
բացման օրը՝ հոկտեմբերի 29-ին ժամանցի կենտրոնի խաչմերուկում հսկայական
խցանումներ էին առաջացել, իսկ դրամարկղերի մոտ հսկայական հերթեր էին։ Միայն
առաջին ամսվա ընթացքում օվկիանարիումն ունեցել է 250 հազ. հաճախորդ։