Նախագահական ընտրություններում առաջադրման նոր հայտեր «Քաղաքական դաշտ վերադառնալու խնդիր չկա։ Ես միշտ էլ քաղաքականության մեջ եմ»,–երեկ անդրադառնալով իր՝ քաղաքական գործընթացներին մասնակցության վերաբերյալ հարցին՝ ասել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։ «Ես բացակայել եմ երկու ամիս, հանգստացել եմ։ Իմ կեցվածքը չեմ փոխելու՝ ազնիվ ձեւով, առանց ընտրակաշառքի, առանց դրսի ուժերին ապավինելու, առանց ներսում միավորվելու, առա՛ջ»,— ասել է բանախոսը։ Անդրադառնալով առաջիկա ՏԻՄ ընտրություններին եւ ընդդիմության գործունեությանը, Տ. Կարապետյանն ասել է. «Մենք չունենք ընդդիմություն», ապա, ՀԱԿ—ի անցկացրած պիկետների առնչությամբ հավելել, որ դա պարզապես արվում է, «որ մարդիկ իրենց չմոռանան, իսկ նրանց պահանջներից ու խոստումներից ոչինչ չի իրականացել, կոչերն էլ դարձել են ավանդույթ»։ ԺԿ առաջնորդը նշել է, որ 2013 թ. նախագահական ընտրություններում ինքն էլ է առաջադրվելու։ Նա կարծիք է հայտնել, որ «իմաստը նախագահ լինելը չէ, իմաստը ժողովրդի կողքին լինելն է»։ Տ. Կարապետյանը ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր—Պետրոսյանի շանսերը նախագահական ընտրություններում համարում է «զրոյական»։ Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը եւս մտադիր է առաջադրել իր թեկնածությունը 2013—ին կայանալիք նախագահական ընտրություններում։ «Իմ մուտքը անհրաժեշտություն է։ Առանց հուսո աստղի եւս արժեք չունի գաղափարը, բայց քաղաքական իրադարձությունների զարգացումը աշնանը այնքան անակնկալ ու հակասական կլինի, կարծում եմ, որ շատ հնարավոր է, քաղաքական արենայում մեկնարկեն լրիվ նոր դեմքեր, որոնք նախկինում չեն դրել իրենց թեկնածությունը»,–մտադրության պատճառի մասին «Panorama.am»—ին հայտնել է հանրապետության գլխավոր մարքսիստը, ավելացնելով, որ այս ամենն ասում է ներքին դրությունը վերլուծելով։ Հակոբյանը խորհուրդ է տալիս առաջին եւ երկրորդ նախագահի ուրվականները քիչ կապել քաղաքական արենայից։ «Այնպես որ, ինչքան գալիքներ կան թաքնված ժամանակի արգանդում, որ պետք է նոր ծնունդ առնեն, ինչպես կասեր Գյոթեն»,—նկատել է նա։ Հարցին, թե ինչը կստիպի իրեն հետ կանգնել առաջադրվելու մտադրությունից, մի քանի ընտրություններում (այդ թվում այս տարվա խորհրդարանական) պարտություն կրած քաղաքական գործիչն արձագանքեց. «Գաղափարական առումով բացարձակապես ոչինչ։ Իմ դժվարությունները միշտ եղել են ֆինանսական աղբյուրները, բայց կարծում եմ, որ իմ նկատմամբ հասարակության համակրանքը կբավարարի իմ ընտրագրավը մուծելու համար»։
|