Թուրքիայի
խորհրդարանի արտաքին հանձնաժողովը Ֆրանսիայի խորհրդարանում ընդունված
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի՝ Սենատում
չվավերացնելու պահանջով ծանուցում—զգուշացում է տարածել, որում սպառնացել
է, որ եթե Սենատը վավերացնի հայկական օրինագիծը, ապա «Թուրքիան անհրաժեշտ
քայլեր կկատարի»։ Ինչպես հաղորդում է թուրքական TRT հանրային
հեռուստատեսությունը, Ֆրանսիային ուղղված ծանուցում—զգուշացումը Թուրքիայի
խորհրդարանի արտաքին հանձնաժողովում պատրաստվել է հակահայկական
գործունեությամբ հայտնի տխրահռչակ պատմաբան, Թուրքիայի պատմագիտական
ընկերության նախկին տնօրեն, «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր
Յուսիֆ Հալաչօղլույի եւ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում»
կուսակցության (ԱԶԿ) Անկարայից ընտրված պատգամավոր Սեյիդ Սերթչելիքի
ունեցած ելույթների հիման վրա։ Հանձնաժողովի պատրաստած տեքստը չի
ստորագրել միայն Թուրքիայի խորհրդարանում միակ քրդական «Խաղաղություն եւ
ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Նազմի
Գյուրը։ Ֆրանսիայի Սենատ ուղարկված ծանուցագրում թուրքական հանձնաժողովը
զգուշացնում է, որ Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում
եւ 45 հազար եվրո տուգանք նախատեսող օրինագծի վավերացման դեպքում
թուրք—ֆրանսիական հարաբերությունների հարցում «Թուրքիան հարկադրված կլինի
անհրաժեշտ քայլեր կատարել, կխաթարվեն Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ
համագործակցական կապերը, Անկարան կվերանայի Փարիզի հետ ապագա պաշտոնական
հարաբերությունը»։
*** Հունվարի
23—ին Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական
պատասխանատվություն նախատեսող օրինագծի քննարկության եւ քվեարկության
դրվելու կապակցությամբ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը կրկին զգուշացրել
է Ֆրանսիային, որ օրինագծի ընդունման դեպքում թուրք—ֆրանսիական
հարաբերությունները կհայտնվեն մեծ հարվածի տակ։ Ինչպես հաղորդում է
«CNNTurk» հեռուստաալիքը, Գյուլն ասել է, թե Ֆրանսիայում հայկական օրինագծի
շուրջ կատարվող իրադարձությունները չեն համապատասխանում ոչ Ֆրանսիայի
ժողովրդավարությանը, ոչ էլ՝ Եվրամիության՝ Ֆրանսիայի նման լոկոմոտիվ
երկրին։ «Ինչպես կարող են սենատորները քվեարկել իրավական հանձնաժողովի
կողմից «Սահմանադրությանը հակասող» բնութագրված օրինագծին։ Հուսով եմ, որ
սենատորները նման սխալ քայլ չեն կատարի»,–հայտարարել է Գյուլը։ hhpress.am
|