ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 17:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Նոյեմբեր » 19 » Տարածաշրջանը՝ ռազմաքաղաքական ծավալումների սպասումներում
09:20
Տարածաշրջանը՝ ռազմաքաղաքական ծավալումների սպասումներում

Հայաստանի դերը կարող է անսպասելիորեն առաջնային դիտարկվել 

Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց եւ հետագայում Թուրքիայի կողմից այն չվավերացնելուց հետո կարծես երկրորդական դիրքերում են հայտնվել հայ-թուրքական հարաբերություններն առհասարակ։ Առավել եւս, երբ արձանագրությունները չեղարկվեցին Հայաստանի կողմից։ Թերեւս, միայն հայ—ադրբեջանական շփման գոտիներում հակառակորդի սադրանքներից հետո հնչած երկկողմանի արձագանքներին ի պատասխան՝ հանդես էր գալիս նաեւ Թուրքիայի ԱԳ նախարարությունը։ Գրեթե միեւնույն բառապաշարով, որ ամեն հարցում պատրաստ են աջակցել Ադրբեջանին Ղարաբաղը ետ վերցնելու հարցում։
Հայ—թուրքական հարաբերություններն այդպես էլ չկարգավորվեցին։ Չեղարկված երկկողմ ստորագրված արձանագրությունները հաջորդ օրն իսկ «դարձան» եռակողմ՝ հայ—թուրքադրբեջանական։ Առանց նախապայմանների պայմանավորվածությունն ի չիք եղավ մեկ օր անց, որովհետեւ Անկարան իր կողմից առաջադրեց Հայոց ցեղասպանության ճանաչման իր վաղեմի չաշխատող տարբերակը՝ ստեղծել պատմաբանների հանձնաժողով, որն էլ իր եզրակացությունը կհանձներ քաղաքական գործիչներին, եւ ամեն բան պարզ կլիներ բոլորին։ Իսկ թե այդ «ջուրծեծոցին» երբ պիտի ավարտվեր, տար եզրակացությունը, հատկապես թուրք պատմաբանների մասնակցության պարագայում, հասկանալի է՝ երբե՛ք։
Իսկ իրականում պատմությունը փաստում է, որ Հայոց ցեղասպանությունը կամ ինչպես ընդունված է նաեւ ասել՝ Հայոց մեծ եղեռնը իրականացվել է դեռ սուլթան Համիդի ժամանակներից (այն Օսմանյան կայսրության, որը փորձում է վերականգնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը), որը շարունակեցին երիտթուրքերը Աթաթուրքի գլխավորությամբ՝ 1893—1923թթ.՝ շուրջ 30 տարի։ Եվ այս դեպքում, ըստ պատմաբանների, ցեղասպանված հայության թիվը անցնում է 3,5 մլն–ից։ 
Դառնալով տխրահռչակ արձանագրություններին՝ նշենք նաեւ, որ Անկարան Ադրբեջանի հիմնախնդիրը եւս ներառեց հայ—թուրքական հարաբերություններում, թե հայկական զինուժը պետք է դուրս գա Ղարաբաղից, որպեսզի բացվեն հայ—թուրքական սահմանները։ Սա նույնպես նախապայման դրվեց։
Այսօր էլ հայ—ադրբեջանական հարաբերություններն են եռակողմ, հայ—թուրքադրբեջանականից մի փոքր տարբերությամբ, ուղղակի այն պետք է արձանագրել հայ—ադրբեջանաթուրքական։ Այստեղ էլ Բաքուն է թուրք եղբայրների հետ հավասար ընդդիմանում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը՝ «մոռանալով», որ ինքն էլ ունի պատասխաններ տալու ինչպես 1915—1923թթ. Արեւելյան Հայաստանում իրականացրած հայերի ցեղասպանության, այնպես էլ՝ 1988—1992թթ. սումգայիթյան ցեղասպանության, Բաքվի զանգվածային ջարդերի, Գանձակի, Շահումյանի շրջանի եւ այլ հայաբնակ բնակավայրերի հայերի տեղահանության եւ կոտորածների համար։
Եվ այժմ թուրք—սիրիական հակամարտության զինադադարից եւ ԱՄՆ—ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո հայկական հարցը վերստին կարող է օրակարգային դառնալ մեր տարածաշրջանին առնչվող միջազգային հարաբերություններում։ Իհարկե, շատ բան կախված է նաեւ թուրք—ամերիկյան եւ ռուս—թուրքական հարաբերությունների զարգացումներից, եւ, ըստ այդմ էլ, նորովի կձեւավորվեն ինչպես հայ—ռուսական, այնպես էլ հայ—ամերիկյան հարաբերությունները։ Իսկ հայկական հարցի՝ միջազգային օրակարգում առաջադրվելը մեծ կապ ունի այս գործընթացների հետ։
Ասել եւ ասում ենք՝ շատ կարեւոր է, որ կարողանանք հետեւողականորեն շարունակել պաշտոնական Երեւանի արտաքին փոխլրացնող քաղաքականությունը, որը տարիներ առաջ փոխեց մեր արտաքին ուղեգծի «կամ—կամ—ի» վտանգավոր քաղաքականությունը «եւ—եւ—ի» առավել անվտանգ ու շահավետ քաղաքականությամբ։ Այսօր այդ քաղաքականության արդյունքը Հայաստանի ներկայությունն է ԵԱՏՄ—ի ու ԵՄ—ի գործունեությանը, ՀԱՊԿ—ի եւ ՆԱՏՕ—ի տարաբնույթ նախաձեռնություններին, նաեւ մասնակցությունը Չինաստանից—Եվրոպա ձգվող նոր նախագծերին (քաղաքականից մշակութային)։ Չի բացառվում, որ նաեւ Հայաստանը, որպես տարանցիկ երկիր, հանդես գա Եվրոպա—Իրան հարաբերություններում եւ այլ տարածաշրջանային ծրագրերում։
Եվ այստեղ շատ կարեւոր է, որ Երեւանը կարողանա հանդես գալ ոչ միայն կայուն ու վստահելի գործընկեր, այլեւ նախ սեփական ուժերով կարողանա պաշտպանել Հայաստանի եւ գործընկեր երկրների շահերը։ Հայկական զինուժը եւ ուժային կառույցներն այս հարցում մեծ անելիքներ ունեն։ Իհարկե, Հայաստանի բանակը համարվում է տարածաշրջանում ամենակազմակերպվածը, հայտնի է նաեւ իր բարձր պատրաստականությամբ, ինչը դրսեւորել է ինչպես ՀԱՊԿ, այնպես էլ ՆԱՏՕ—ի նախաձեռնած զինական միջոցառումների ընթացքում, բայց մշտական ուշադրությունը պարտադիր պայման է։
Օրերս Հայաստանի վարչապետի գլխավորությամբ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որին հրավիրված է եղել նաեւ Արցախի պաշտպանության նախարար—ՊԲ հրամանատար, գեներալ—լեյտենանտ Կարեն Աբրահամյանը։ Նիստի ընթացքում նախանշվել են Հայաստանի ու Արցախի ԶՈւ համատեղ միջոցառումների ծրագրով ընթացիկ տարվա ընթացքում արձանագրված արդյունքները, քննարկվել 2020թ., ինչպես նաեւ միջնաժամկետ հատվածում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները։
Ինչքան կարեւոր է ամերիկյան եւ ռուսական ուղղությունների հետ լավ եւ գործնական հարաբերություններ ունենալը, նույնքան էլ կարեւոր է եվրոպական համագործակցության հետ ամրապնդել տարատեսակ կապերը։ Հատկապես որ սիրիական խնդրում եւ Հայոց ցեղասպանության հարցում եվրոպական առաջատար երկրները հետզհետե ավելի հայամետ որոշումներ են կայացնում։ Ինչպես նշել ենք, եվրոպական առաջատար եռյակը՝ Ֆրանսիա—Գերմանիա—Իտալիա, ցայսօր տրամադրված է Թուրքիային պատժելու քաղաքականությունը խստացնելու։
Փոխգործակցության համաձայնությունները կարեւոր են նախ եւ առաջ Արցախի հարցը խաղաղ կարգավորելու առումով, քանի որ ամերիկյան եւ ռուսական կողմերը Սիրիայի խնդրի խաղաղ կարգավորման հարցում որոշակիորեն խաղարկեցին ե՛ւ Դամասկոսի, ե՛ւ Անկարայի ցանկությունները։ Եվ մենք պետք է լուրջ եւ պատասխանատու վերաբերենք մեր բոլոր հարաբերություններին, դրանցում հնարավոր տարաբնույթ փոփոխություններին։ Արցախի նախագահ Բակո Սահակյանը այս օրերին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին, եւ քննարկվել են Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր։ Կարեւոր է նաեւ երկու հայկական հանրապետությունների անխափան համագործակցությունը, եւ նոյեմբերի սկզբին Բակո Սահակյանի հանդիպումը ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ նման նշանակություն է ունեցել։ Հանդիպմանը, որին մասնակցել էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը եւ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Անկարան եւ Բաքուն պետք է հասկանան, որ Արցախի հարցում հայության բացարձակ մեծամասնությունը ՀՀ—ում, ԱՀ—ում եւ սփյուռքում միակամ է եւ վճռական։ Այս նույն վճռականությամբ էլ սպասենք ռուս—թուրքական բարձր մակարդակի հանդիպման արդյունքներին Մոսկվայում, ինչը կնախանշի ինչպես ԱՄՆ—ի, ԵՄ—ի եւ ՌԴ—ի, այնպես էլ Թուրքիայի, Ադրբեջանի, մերձավորարեւելյան երկրների եւ, իհարկե, Հայաստանի հետագա քայլերը։

 

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 305 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024