Ամենայն հավանականությամբ՝ սեպտեմբերից «Քիմպրոմ—Վանաձոր» ՓԲԸ—ն կսկսի պարարտանյութերի արտադրությունը. այս հավաստիացման հեղինակը ՓԲԸ—ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովն է։ Նա վստահ է, որ Հայաստանը մեծ խնդիր ունի՝ կապված պարարտանյութերի հետ, ամեն տարի երկիր է ներկրվում 15—20 հազար տոննա սելիտրա տեսակի պարարտանյութ։ Միեւնույն տեսակի պարարտանյութի տարիներ շարունակ օգտագործումն ամենեւին էլ բարեբեր չէ վարելահողերի համար, բերքը փչացնում է։ Իսկ սելիտրան մեր երկիրն օգտագործում է 20 տարուց ավելի ժամանակ։ Հողերը պահանջում են նաեւ այլ տեսակի պարարտանյութեր։ ՓԲԸ—ն ծրագիր է ներկայացրել ՀՀ կառավարություն, պատրաստակամություն հայտնել արտադրելու երկու տեսակի պարարտանյութ՝ կարբամիդ եւ ամոնիակի սուլֆատ։ ՀՀ էներգետիկայի եւ գյուղատնտեսության նախարարությունների միջեւ արդեն կնքվել է հուշագիր, որ աջակցություն ցուցաբերեն ընկերությանը։ Ընկերությունում փայփայում են հույսը, որ արտադրանքի մի մասը կլինի պետպատվերի շրջանակներում։ Այսօր պետությունն այլ երկրներից գնում եւ մեր երկիր է ներկրում պարարտանյութ, ապա դոտացիայով բաշխում գյուղացիներին։ Հիմա կարող է գնել տեղի գործարանից։ Գործարանի արտադրամասերը կարգաբերվում են, փորձարկումներ են գնում։ Նախատեսվում է արտադրել 20 հազար տոննա կարբամիդ եւ 20—25 հազար տոննա ամոնիակի սուլֆատ՝ տարեկան։ Ի դեպ, քիմգործարանում ամեն ամիս արտադրվում է նաեւ մեկ տոննա կորունդ, 99.5 տոկոսն արտահանվում է, կես տոկոսն էլ մեր երկրում իրացվում է եւ օգտագործվում զարդեղենի արտադրության ոլորտում։ Ընթերցողին կհետաքրքրի, թե քիմգործարանում արտադրվու՞մ է հիմնական արտադրատեսակը՝ կարբիդ։ Այդ գործով այսօր զբաղվում է այլ ընկերություն՝ «Կոմպոզիտ մետալ» ՓԲԸ—ն։ Արտադրամասը վաճառվել է, այժմ այդ ընկերությունն է նախապատրաստական աշխատանքներ կատարում արտադրություն կազմակերպելու նպատակով։ Բոլոր արտադրամասերը վերագործարկելու դեպքում կունենանք 1000—1100 աշխատատեղ, միջին աշխատավարձը կկազմի շուրջ 100 հազար դրամ։ «Քիմպրոմ—Վանաձոր» ՓԲԸ—ն այսօր աշխատանքի է հրավիրում տարբեր մասնագիտություն ունեցող շուրջ 250 մարդու։ hhpress.am Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
|