ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 04:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 7 » 24 տարի առաջ ազատագրվեց Շուշին /Հայության բարոյահոգեբանական հաղթանակի խորհրդանիշը/
09:57
24 տարի առաջ ազատագրվեց Շուշին /Հայության բարոյահոգեբանական հաղթանակի խորհրդանիշը/

Հաղթանակած Արցախի Ժողովուրդը համայն հայության հետ նշում է գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի, բերդաքաղաք Շուշիի ազատագրության եւ ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը։ Հետադարձ հայացք ձգելով ոչ հեռավոր անցյալին, որը պատմության մեջ փառավորվեց փայլուն էջերով, արցախյան ազատամարտի յուրաքանչյուր մասնակից, անկախ զինվորական կոչումից, ամեն հայ փորձում է յուրովի ընկալել եւ արժեւորել մայիսի 9—ի խորհուրդը։
Պանծալի տոնի (մասնավորապես՝ Շուշիի ռազմագործողության)  առիթով Արցախում «ՀՀ» թղթակցի հետ ունեցած զրույցում իրենց նկատառումներն են հայտնել ու նաեւ նոր բացահայտումներ արել հայոց բանակին զինվորագրված անձինք։
Ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացված Խոջալուի հաջող ռազմագործողությունից հետո հակառակորդը Շուշիում ավելի էր ակտիվացել, եւ Ստեփանակերտի ու շրջակա հայկական մյուս բնակավայրերը շարունակ հրետակոծության տակ էին պահվում։ Քաղաքն ավերվում, բնակչության շրջանում զոհերի թիվն անվերջ աճում էր։ Չնայած խուճապ չկար, սակայն լարվածության ուժգնացման պատճառով ցանկացած պահի իրադրությունը կարող էր անկառավարելի դառնալ։ «Պահանջվում էր անհապաղ վերացնել Շուշիի կրակակետերը, ինչը հնարավորթյուն կտար խուսափել հետագա ավերածություններից եւ զոհերից, ու ամենակարեւորը՝ բերդաքաղաքն ազատագրել թշնամուց ու Լաչինի միջանցքով ճանապարհ բացելով դեպի Հայաստան, Արցախը դուրս բերել երկարամյա դաժան շրջափակումից»,–ստեղծված ծանր կացությունից դուրս գալու, Շուշիի ռազմագործողությունը ծրագրելը եւ կազմակերպելու անհրաժեշտությունն այսպես է կարեւորում գեներալ—մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր—Թադեւոսյանը (Կոմանդոսը), ով իբրեւ «գլխավոր դիրիժոր», ստանձնել էր ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող այդ ծանր ու պատասխանատու բեռը։
«Թե՛ Երեւանում, թե՛ Ստեփանակերտում շատ լավ հասկանում էին, որ հայկական ուժերն ակնհայտորեն բավարար չեն այն իրականացնելու համար,–պարզաբանում է Կոմանդոսը։–Մարտական տեխնիկայի, հրետանու եւ ռազմամթերքի քանակով հայկական կողմն անհամեմատ զիջում էր հակառակորդին։ Այն ժամանակ ադրբեջանցիներն ունեին 4 «Տ—72» տանկ, 9 ՀՄՄ 12 միավոր այլ զրահատեխնիկա, համազարկային կրակի 2 միավոր «ԲՄ»—21 (գրադ) համակարգ, մի քանի հրետանային կայանք եւ երկու տասնյակից ավելի ականանետ։ Մինչդեռ այդ ամենի դեմ մենք դուրս էինք բերել ընդամենը 2 «Տ—72» տանկ, 8 ՀՄՄ, 6 հրետանային կայանք եւ 9 ականանետ»։
Շուշիի վրա գրոհը ձեռնարկվել է չորս ուղղությամբ, որին մասնակցում էր շուրջ 3 հազար մարտիկ։ «Համաձայն ծրագրի, Քյոսալարի ուղղությամբ հարված է հասցվում եւ հաջողության հասնելու դեպքում՝ գրավվում են Քյոսալար եւ Կարագյավ կետերը։ Միաժամանակ վերահսկողության տակ են առնվում Շուշիի մերձակա բարձունքները։ Ապա գրավվում է բերդաքաղաքի արեւելյան արվարձանը, եւ մեր ուժերն ամրանում են բանտ—հիվանդանոց բնագծում։ Նախատեսվում էր Լաչինի ուղղությամբ հարձակում իրականացնել Զառուսլու եւ Լիսագոր կրակակետերի վրա եւ տիրել գերիշխող բարձունքներին, որպեսզի հետագայում հնարավոր լինի սպառնալիք ստեղծել Շուշի—Լաչին ճանապարհին եւ բացառել հակառակորդի կողմից նոր ուժերի կուտակումը»,–Շուշիի ռազմագործողությունը գաղտնազերծում է Կոմանդոսը՝ չմոռանալով ընդգծել, որ բերդաքաղաքն անմիջականորեն գրոհել են «26—րդի», Շուշիի եւ մյուս ուղղությունների մարտիկները։ Մայիսի 9—ի առավոտյան Շուշին արդեն լիովին ազատագրված էր»։
Ըստ Կոմանդոսի, Շուշիի ռազմագործողությունը տեւել է շուրջ 26 ժամ։ Հակառակորդը պարտությունից կատաղած որոշել էր «համարժեք քայլեր» ձեռնարկել։ Շուշիի կայազորին օգնելու նպատակով ադրբեջանական բանակի զորամիավորումները փորձելով հայկական ուժերի ուղղությունը շեղել Շուշի—Լաչին միջանցքով ընթացող մարտական գործողություններից, մայիսի 8—ին սկսեցին հրետակոծության ենթարկել Մարտունու շրջանի Ավդուռ, Մյուրիշեն, Նորշեն, Ասկերանի շրջանի Շոշ եւ Քռասնի գյուղերը։ Ադրբեջանական «Սու—25» գրոհային ինքնաթիռները ու «Մի—24» մարտական ուղղաթիռները միաժամանակ ռմբահարման ենթարկեցին մեր դիրքերը՝ Շուշիում։ Սակայն թշնամին մեծ դիմադրության ենթարկվելով մեր զինվորների կողմից, ստիպված էր հետ քաշվել Ջառուսլուի ուղղությամբ։ Բնականաբար, հայկական զինվորական ուժերի հաղթարշավը ձգվեց դեպի Լաչին՝ ընդհուպ հասնելով Գորիսի շրջանի մատույցներին։ Լաչինի միջանցքի ազատագրմամբ, փաստորեն, բացվեցին դռները դեպի Հայաստան, ինչն օդ ու ջրի պես այնքան պետք էր շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդին…
Արկադի Տեր—Թադեւոսյանի կարծիքով, «ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ չնայած «իսլամական պետության հանգով» էր թշնամին հարձակման ելել հայկական կողմի վրա, հայ զինվորը չընկրկեց ու աչքի ընկավ բացառիկ սխրանքներով եւ համագործակցությամբ։ Մարտական գործողությունների ընթացքում իրենց դերն ունեցան եւ կամավորականները, որոնց հայրենասիրական ոգին ու ձգտումներն ավելի քաջալերեցին եւ հավատ ներշնչեցին երիտասարդ զինվորներին»։
«Մայիսը հայ ժողովրդի հիշողության մեջ եղել ու մնում է որպես նվաճումների ու մեծ հաղթանակների ամիս։ 451—ի մայիսին էր, երբ Վարդան Մամիկոնյանի գլխավորած զորագունդը Ավարայրի դաշտում սկիզբը դրեց այն հերոսական արարումների, որոնց շղթան դարերի միջով ձգվեց մինչեւ Սարդարապատ ու Բեռլին, Շուշի՝ ոգեշնչելով հայրենասերների բազմաթիվ սերունդների։ Ու չնայած մեր պատմության այդ հերոսական դրվագների ժամանակային տարբերությանը՝ հայ ժողովրդի մայիսյան մեծագործությունները բազմաթիվ ընդհանրություններ ունեն»,–այս կարծիքին է ԼՂՀ պաշտպանության փոխնախարար, Արցախի ազատամարտիկների միության խորհրդի նախագահ, Արցախի հերոս Սամվել Կարապետյանը։
Նրա համոզմամբ, մայիսյան եռատոնի խորհուրդը հենց այն է, որ երիտասարդները դաստիարակվելով նախորդների՝ հայրերի ու պապերի հարուստ փորձով եւ օրինակով 1992—ի մայիսի 9—ին անչափ ծանր քննություն բռնեցին՝ հերոսական նոր էջ բացելով հայ ժողովրդի տարեգրության մեջ։ «Հատկանշական է, որ մեծ Հայրենականի վետերաններից ոչ քչերը չնայած պատկառելի տարիքին, Արցախի համար օրհասական պահերին չվարանեցին վերստին զինվորական համազգեստ հագնել ու հայտնվել ռազմական գործողությունների հորձանուտում։ Պատերազմի տարիներին նրանք իրենց խորհուրդներով եւ հորդորներով երիտասարդների կողքին էին ու, բնականաբար, նրանցից առած հայրենասիրության դասերն էին, որ մեր ազատամարտիկներին հաղթանակների էին ոգեշնչում։ Այդպես էր ինչպես Շուշիի ազատագրման, այնպես էլ հետագա ռազմագործողությունների ծավալման ժամանակ»,— գտնում է հայրենիքի զինվորը եւ, որպես ասվածի վկայություն, գեներալ Քրիստափոր Իվանյանի օրինակն է բերում, ով «ապահով հանգիստը» թողնելով հեռուներոմ՝ ամենավճռորոշ պահին Ս. Պետերբուրգից Արցախ եկավ ու ռազմական իր տաղանդով ու կենսափորձով անմնացորդ նվիրվեց իր ժողովրդին, հսկայական ներդրում ունեցավ պաշտպանության բանակի կայացման գործում։
Ըստ Ս. Կարապետյանի, Շուշիի ռազմագործողությունը թե՛ մտահղացման, թե՛ իրականացման առումով փայլուն էջ է հայ ռազմարվեստի պատմության մեջ։ «Բերդաքաղաքի անառիկ դիրքը, այնտեղ կենտրոնացված թշնամու մեծաքանակ սպառազինությունն ու կենդանի ուժը ռազմական գործի որոշ տեսաբանների իրավունք ընձեռեցին ռազմագործողությունը համարել վտանգավոր արկածախնդրություն, եթե չլիներ հայ զինվորի հաղթական ոգին»,–իր տեսակետն է հայտնում գեներալը։
Շուշիի ազատագրումն, ըստ փոխնախարարի, փաստորեն առաջին խիզախ քայլը դարձավ փառավոր հաղթանակների այն ճանապարհին, որը պիտի նախապատրաստեր Արցախի շրջափակման ճեղքումն ու մայր Հայաստանի հետ ցամաքային սահմանի բացումը։ Իսկ հայոց բերդաքաղաքի ռազմագործողության ծրագրման ու փայլուն իրագործման գործում անուրանալի է հայ զորապետների ու հրամանատարների, ԼՂՀ պաշտպանության կոմիտեի ղեկավարների դերակատարությունը։ Անուններ, որ վաղուց են մտել արցախյան ազգային–ազատագրական պայքարի պատմության մեջ։ «Շուշիի ազատագրման հետ մեկտեղ մեր ժողովուրդն այսօր մայիսի 9—ը նշում է նաեւ որպես Պաշտպանության բանակի օր։ Ու հետադարձ հայացք նետելով մեր ազատամարտի պատմությանը՝ դժվար չէ համոզվել այն իրողության մեջ, որ հենց Շուշիի ռազմագործողության ժամանակ էր, երբ առաջին անգամ ինքնապաշտպանական ջոկատները գործեցին կանոնավոր բանակի պես,–գտնում է Սամվել Կարապետյանը։–Արձակվում էր մարտական հրամանը, եւ բոլոր գործողություններն իրականացվում էին զորահրամանատարության միասնական ղեկավարությամբ։ Հայ զինվորի կարգապահությունը, նրա անկոտրում կամքն ու հաղթական ոգին նույնպես իրենց դերակատարությունն ունեցան։ Ու կարծում եմ, սխալված չեմ լինի ասել, որ հազիվ թե հնարավոր լիներ նման կարճ ժամանակահատվածում մարտունակ բանակ ստեղծել եւ ակնառու հաջողությունների հասնել, եթե չլիներ մեր ժողովրդին բնորոշ պատասխանատվության զգացումը հայրենիքի, Արցախի ճակատագրի նկատմամբ»։
Սամվել Կարապետյանի խոսքով, Շուշին արցախցիների, աշխարհի ողջ հայության բարոյահոգեբանական հաղթանակի խորհրդանիշն է դարձել։ Գեներալը զուգահեռներ է անցկացնում նորածնունդ պաշտպանության բանակի, կամավորական ստորաբաժանումների առաքելության եւ թշնամու կողմից ապրիլին սանձազերծած լայնածավալ պատերազմի ժամանակ 18—20 տարեկան զինվորների կատարած սխրագործությունների միջեւ, «որոնք հանուն հայրենիքի չխնայեցին իրենց կյանքը եւ ինչ–որ տեղ գերազանցեցին ավագներին, իրենց ծնողներին՝ ցուցադրելով հայ մարտիկի ոգու անպարտելի ուժը»։
ՊԲ N զորամասի գումարտակի հրամանատար, մայոր Վահագն Մինասյան։ Արդեն տասներորդ տարին է, ինչ սպայական ուսադիրներ է կրում։ Իր գումարտակի տղաներով նա արժանի հակահարված է հասցրել ապրիլի 2–5—ը թշնամու կողմից ձեռնարկված լայնածավալ հարձակումներին՝ պատճառելով զինուժի եւ տեխնիկայի զգալի կորուստներ։ «Մեզնից յուրաքանչյուրը լավ է հասկանում, թե ինչպիսի դժվարությամբ եւ զոհողությունների գնով է ձեռք բերվել խաղաղությունը, հայ զինվորից ինչպիսի կամք ու խիզախում է պահանջվել Շուշին ազատագրելու եւ մարտական հետագա գործողությունները շարունակելու համար։ Ու խոնարհվելով հայրենիքի համար նահատակված մեր հայրերի ու եղբայրների, քույրերի շիրիմներին եւ խնկարկելով նրանց հիշատակը, հաղթանակի բերկանքը վերապրելով՝ առավել մեծ պատասխանատվություն ենք զգում հայրենիքի առաջ։ Այսօր կայացած մարտունակ բանակ ունենք, որը ոչնչով չի զիջում տարածաշրջանի ռազմական ուժերին»,— ասում է Վահագնը։
Երիտասարդ հրամանատարի համոզմամբ, զորամասում զինվորն ու սպան քաջ գիտակցելով իրենց պարտականությունները, աստիճանաբար մերվում, փաստացի դառնում են մի կուռ ընտանիք։ «Ես, որպես հրամանատար, իմ զինվորներին չեմ դիտում որպես միայն ենթականեր, քանի որ բոլորիս առաջ նույն նպատակն է՝ միասին հաղթահարել դժվարությունները, անմնացորդ ծառայել հայրենիքին եւ ապահովել նրա անվտանգությունը։ Ահա թե ինչու, որպես ավագ, որպես հայր նրանց մեջ ես տեսնում եմ նաեւ իմ որդիներին, որոնք օր օրի հասունանում, կոփվում, ուժեղանում են՝ անառիկ պահելով մեր սահմանները»,–անկեղծանում է Վահագնը։ 
Չնայած հրադադարին, այնուամենայնիվ, դիրքերում անհանգիստ վիճակ է տիրում, ու թշնամին հաճախ է դիմում սադրիչ գործողությունների։ «Հակառակորդին երբեք չպետք է թերագնահատել ու պիտի լինել առավել զգոն՝ չմոռանալով այն հայտնի ճշմարտությունը, որ «եթե խաղաղություն ես ուզում՝ պատրաստ եղիր պատերազմի»։ Այդ մասին է հուշում հակառակորդի ապրիլի 2—ի լայնածավալ ագրեսիան մեր սահմանների վրա,–կարծում է գումարտակի հրամանատարը։–Նախնիներս պատմական Հայաստանի Էրզրում քաղաքից են ու սպանդի են ենթարկվել թուրքերի կողմից։ Պապս Անդրանիկ զորավարի զինվորներից է եղել։ Մեր ընտանիքից էլ ես եմ ընտրել զինվորականի պատվաբեր գործը։ Հպարտ եմ, որ սպայական ուսադիրներ եմ կրում ու որպես գումարտակի հրամանատար, ինձ բախտ է վիճակվել հայտնվել արցախյան ազատամարտի վետերանների, լեգենդար հրամանատարների կողքին ու մայիսյան տոնակատարությունների մասնակիցը լինել»։ hhpress.am
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ
Լուսանկարը՝ Ռուսլան ՍԱՐԳՍՅԱՆԻ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 349 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024