Ամերիկայում հրեական Հակազրպարտչական լիգայի (Anti—Defamation League) գործադիր տնօրեն Աբրահամ Ֆոքսմանը, ով յոթ տարի խուսափողական դիրքորոշում էր դրսեւորում Հայոց ցեղասպանության նկատմամբ, հրապարակայնորեն խոստովանել է, որ հայ ժողովրդի հանդեպ Թուրքիայում կազմակերպված սպանդը ցեղասպանություն է եղել։ Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը։
Ելույթ ունենալով Սաֆֆոլկի համալսարանի իրավաբանական դպրոցի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության ժամանակ, հրեական կազմակերպության ղեկավարը հայտարարել է. «Եթե 1915թ., երբ իրականացվում էր Հայոց ցեղասպանությունը, գտնվեին խիզախ մարդիկ, եթե միջազգային միջամտություն լիներ, երբ զանգվածային սպանություններ էին իրագործվում Կամբոջայում, Բոսնիայում եւ Ռուանդայում, միլիոնավոր անմեղ մարդկանց կյանք կփրկվեր»։
Ֆոքսմանի հիշյալ հայտարարությունը հակադրվում է Հակազրպարտչական լիգայի 2007թ. հնչեցված հայտարարությանը, որտեղ ասվում էր, որ թուրքական կառավարության գործողություններն ընդամենը «ցեղասպանությանը հավասարազոր հետեւանքների» են բերել։
Ամերիկայի Հայ դատի գրասենյակի Մասաչուսեթսի բաժնի ղեկավար Հերման Պուրուտյանը նշել է, որ Ֆոքսմանի դիրքորոշումը դրական փոփոխություն է։
|