Ադրբեջանական ագրեսիան, որի նպատակը նաեւ ի վերջո Հայաստանի տնտեսական իրողություններին, տնտեսական ակտիվությանը հարված հասցնելն էր, լիովին ձախողվեց։ Երեկ գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ միաժամանակ հավելելով, թե տնտեսավարողները չեն ենթարկվել ամենատարբեր ասեկոսեների եւ կատարել են իրենց պարտավորությունները (տվյալների համաձայն՝ 2016—ի հունվար–ապրիլին Հայաստանի հարկային ու մաքսային մարմինները հավաքել են 328 մլրդ դրամ։ Համեմատության համար նշենք, որ 2015թ. նույն ժամանակաշրջանում համապատասխան ցուցանիշը 323 մլրդ դրամ էր)։
Բացի այդ, նախարարի խոսքերով՝ հարկային մարմինն էլ է այդ առումով արդյունավետ աշխատել։ Եվ վերջապես երրորդը՝ չմոռանանք, որ ապրիլ ամիսը նաեւ շահութահարկի գծով կանխավճարների վճարման ժամանակահատվածն է։ «Այսինքն՝ մի քանի գործոնների զուգակցմամբ, այո՛, ունենք այսպիսի արդյունք, եւ դա պետք է դրական դիտարկել»։ Արծվիկ Մինասյանը փաստեց, որ բավական կայուն են նաեւ զբոսաշրջությունից ստացվող եկամուտները։ Այսպես՝ 2016—ի առաջին եռամսյակում արձանագրվել է զբոսաշրջային այցելությունների 5 տոկոսի աճ։ Ապրիլին տեմպերը, ճիշտ է, մի քիչ դանդաղել են, բայց մայիսին՝ նորից վերականգնվել։
Հավելենք, որ, ինչպես լրագրողներին տեղեկացրեց նախարարը, կառավարությունը 10 օրվա ընթացքում կամփոփի զոհված զինծառայողների ընտանիքների մասին օրինագծի քննարկումների արդյունքները՝ միտված այդ ընտանիքների համար աշխատանքի ու եկամուտի հնարավորություններ ստեղծելուն։
Դրանից հետո գործադիրը կանցնի օրինագծի բուն տեքստը կազմելու աշխատանքներին։ Եվ այդ աշխատանքներին, անշուշտ, կմասնակցեն սոցապահովության ու պաշտպանության նախարարությունները։
Հերթը հասավ մենաշնորհներին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը համոզված է, որ հակամենաշնորհային քաղաքականությունը պետք է սկսել օրենսդրությունից, օրենսդրական վերանայումից։ Այս մասին նա ասաց երեկ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։ «Դա ոչ մեկ եւ ոչ էլ երկու ամսվա խնդիր է։ Սա քաղաքականություն է, որ որդեգրվում է, եւ սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ այդ աշխատանքներն այժմ իրականացվում են»։ Նախագծները կհրապարակվեն, կլինեն քննարկումներ, կհնչեն գնահատականներ նաեւ օրենքների կիրառման վերաբերյալ։
Նախարարը վստա՞հ է, որ այդ օրենքների ընդունումից հետո մենաշնորհներ չեն լինի։ Հարցին ի պատասխան Ա. Մինասյանը համառոտեց. «Խոսքը արհեստական մենաշնորհների կամ ներմուծումների անհավասար պայմանների մասին է։ Լինելու են այս երեւույթների վերացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություններ»։ hhpress.am
Աստղինե ՄԵԼՔՈՆՅԱՆ
|