Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽ տարածքային եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ Վան Շտաային, ով Երեւան է ժամանել մասնակցելու Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցող ԵԽ տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստին եւ «Մասնակցային ժողովրդավարության զարգացումը տեղական մակարդակով» թեմայով համաժողովին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը կարեւորեց պարոն Շտաայի այցը Հայաստան եւ մասնակցությունը միջազգային համաժողովին։ Նա բարձր գնահատեց կոնգրեսի դերակատարությունը Հայաստանում տեղական իշխանությունների համակարգի կատարելագործման ու զարգացման գործում։ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ տեղական ժողովրդավարությունը ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայությունների հիմնական ուղղություններից մեկն է լինելու։ Նշվեց, որ նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնց միջոցով Հայաստանը կփորձի իր ներդրումը բերել տեղական ժողովրդավարության եւ ԵԽ անդամ երկրների տեղական իշխանությունների միջեւ համագործակցության զարգացման նպատակներին։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԵԽ տարածքային եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահը նշեց, որ կառույցը երկար տարիներ հաջողությամբ համագործակցում է Հայաստանի հետ եւ բարձր գնահատեց մեր երկրի ջանքերը տեղական ինքնառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում։ Նրա խոսքով՝ Հայաստանը այս ուղղությամբ կարեւոր առաջընթաց է գրանցել։ Հերվիգ Վան Շտաայը ողջունեց Հայաստանի որդեգրած միջմշակութային երկխոսությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտությանը եւ հայ—թուրքական հարաբերություններին։ Երկուստեք ընդգծվեց, որ հիմնախնդիրները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով։ «Խաղաղության ճանապարհը այլընտրանք չունի, եւ լուծումներ պետք է գտնվեն միայն այդ հարթությունում»,–ասաց Հերվիգ Վան Շտաայը։
|