Երեկ Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի, այնուհետեւ խորհրդի նիստերում տեղի ունեցած քննարկումների եւ որպես վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանի առաջադրելու մասին լրագրողներին տեղեկություններ է հաղորդել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«ՀՀԿ—ն որոշում է կայացրել նոր կառավարությամբ գնալ դեպի խորհրդարանական ընտրություններ»,–հայտարարել է նա։
Աշոտյանը նշել է, որ շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին իրականացված փոփոխությունների, գործունեության համար՝ հավելելով, որ ՀՀԿ—ն մնում է մեծ օրգանիզմ, որտեղ աշխատելու ցանկության պարագայում աշխատելու համար միշտ կա համապատասխան դաշտ։ Նրա խոսքով Հովիկ Աբրահամյանը կշարունակի քաղաքական գործունեությունը Հանրապետական կուսակցության կազմում։
Այն հարցին, թե ինչպես է կատարվել նոր վարչապետի թեկնածությունը, նա պատասխանել է. «Հաշվի առնելով Կարեն Կարապետյանի գործունեությունը, ինչպես տեղական ինքնակառավարման համակարգում, այնպես էլ իր կողմից տնտեսական խնդիրներին, էներգետիկ բնագավառին, քաղաքի կոմունալ խնդիրներին եւ այլ ոլորտներին քաջատեղյակ լինելը, հաշվի առնելով իր կառավարչական հմտությունները, բնավորության մի շարք գծերը, որոնք թույլ կտան առաջնորդել փոփոխությունները Հայաստանի կառավարման բնագավառում, ՀՀԿ—ն տվել է վստահության մանդատը Կարեն Կարապետյանին եւ Սահմանադրությամբ նախատեսված ժամկետներում ձեւավորվելու է կառավարություն»։
Պատասխանելով հարցին, թե ինչու որոշեցին հենց այս ժամանակահատվածում նոր վարչապետ նշանակել, Արմեն Աշոտյանն ասել է, որ դա պայմանավորված էր «հասարակական—քաղաքական զարգացման համատեքստում մինչեւ խորհրդարանական ընտրություններին հասնելը երկրում փոփոխությունների նոր փուլ, նոր ձեւաչափ, նոր կառավարման մշակույթ ներդնելու անհրաժեշտությամբ»։
Անդրադառնալով կառավարության ձեւավորման վերաբերյալ հարցին՝ Աշոտյանը նշել է, որ անվանական հարց չի քննարկվել. «Չի քննարկվել կաբինետի պորտֆելների բաշխման հարցը։ Ակնհայտ է, որ կաբինետը ձեւավորվելու է կոալիցիոն հուշագրի համատեքստում։ Այսօրվա նիստում այդ հարցին չենք անդրադարձել»։
|