Բացվել է ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքը.
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ներկա է գտնվել Գիտելիքի եւ դպրության օրվա առիթով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքի եւ ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար—կոթողի բացման հանդիսավոր արարողությանը։
Միջոցառմանը մասնակցել են ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հարազատներ, ՀՀ ՊՆ զինված ուժերի, ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ եւ ռազմական կցորդներ, հանրապետության այլ բուհերի ռեկտորներ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրներ, կուրսանտներ։
Զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար—կոթողի բացման եւ օծման արարողությունից հետո հանրապետության նախագահը եւ արարողության մասնակիցները ծաղիկներ են դրել խաչքարին, հարգանքի տուրք մատուցել։
Բացման առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ուսումնական տարվա մեկնարկի եւ հրամանատարաշտաբային ֆակուլտետի մասնաշենքի բացման արարողության կապակցությամբ. «Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, կուրսանտներ,
Հարգելի՛ հյուրեր,
Հայաստանի համար այսօր ուշագրավ օր է, քանզի հավաքվել ենք մեր զինված ուժերի զինվորական կադրերի պատրաստման առաջատար կրթօջախում՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողության կապակցությամբ։ Նման ուսումնական հաստատության ստեղծման համար հավասարաչափ պարտական ենք ինչպես մեր ռազմական գերատեսչության մասնագետների եռանդին ու ջանասիրությանը, այնպես էլ մեր բարեկամ եւ գործընկեր պետությունների ակադեմիական փորձին։
Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ինստիտուցիոնալ հիմքի վրա է դրվել ամբողջական սպայական կրթություն ապահովելու գործընթացը՝ նախազորակոչային պատրաստությունից մինչեւ ավագ եւ բարձրագույն սպայական կազմերի կրթության փուլերը։ Կարծում եմ՝ սա լուրջ ձեռքբերում է։
Սպայակազմն, ըստ էության, պետության ողնաշարն է, եւ հավատում եմ, որ այդ ամրությունն ուժեղանում է նրանց գիտելիքների եւ հմտությունների շարունակական զարգացմամբ։ Այս գործընթացում առանցքային դերերից մեկը պատկանում է ռազմական կրթությանը։
Բարձրագույն ռազմական կրթության այս հաստատությունը գումարտակ—բրիգադ օղակում մեր հրամանատարներին եւ շտաբային սպաներին կտրամադրի համազորային, համատեղ, համապետական եւ բազմազգ օպերատիվ միջավայրում կողմնորոշվելու, որոշում ընդունելու եւ գործելու իմացություն՝ զուգահեռաբար ապահովելով նրանց որակավորումը որպես ռազմական կառավարման մագիստրոսներ։ Համոզված եմ, որ հրամանատարաշտաբային ֆակուլտետը դառնալու է քննադատական, ստեղծագործական եւ համակարգային մտածելակերպով օժտված հայոց զինուժի ավագ սպայակազմի կրթության դարբնոցը։
Այժմ ցանկանում եմ խոսքս հղել ֆակուլտետի ունկնդիրներին։
Հարգելի՛ սպաներ,
Այսօր մեկնարկում է ձեր մագիստրոսական ուսումնառության փուլը, որտեղ ձեռք եք բերելու Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ապագա առաջնորդներ դառնալու համար անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ, որոնցից առանցքային են կառավարման գիտությունը եւ ղեկավարման արվեստը։
Հայաստանը յուրահատուկ երկիր է՝ եզակի մարտահրավերներով ու դերակատարությամբ։ Մեր հայրենիքն ունի շատ ուժեղ կողմեր, որոնցից ամենավառը հայ մարդն է՝ իր ստեղծագործական մտքով եւ արարելու անսպառ էներգիայով։
Հրամանատարաշտաբային ֆակուլտետում ձեռք բերվելիք առաջնորդական գիտելիքներն ու հմտությունները ձեզ կուղղորդեն բարդ առաջադրանքների կատարման եւ մարտահրավերների չեզոքացման հարցում, կներարկեն անորոշ իրավիճակներում վերադասի մտադրությունը խորը ըմբռնելու եւ հստակ գործողության մտահղացման միջոցով ենթակաների գործողությունները ուղղորդելու մնայուն հատկանիշներ։ Ապրիլյան մարտական գործողությունները գալիս են կրկին հաստատելու, որ հայրենիքի պաշտպանությանն անվերապահ նվիրվածությունը մեր բանակին հաղորդում է դիմահար, առանց օտարի վրա հույս դնելու, բախման մեջ ախոյանի քանակն ու զինանոցը չեզոքացնելու մրցակցային առավելություն։ Այդ մրցակցային առավելությունն է, որ գոյամարտի հենց առաջին օրերից եւ բանակաշինության բոլոր տարիներին եղել ու մնում է մեր զինուժի հաղթաթուղթը, որը առօրյա ծառայության եւ մարտական գործողությունների ժամանակ պետք է պահեն ու զարգացնեն նաեւ հրամանատարաշտաբային ֆակուլտետի շրջանավարտները։
Հարգելի՛ սպաներ,
Դուք եք ձեւավորելու Հայաստանի Հանրապետության ապագա ռազմական ղեկավարությունը։ Իմ ցանկությունն է, որ ձեր կյանքի այս հատվածն ընդունեք որպես պրոֆեսիոնալ սպաների կայացման կարեւորագույն ուղենիշ։ Շնորհավորելով բոլորիս այս գեղեցիկ օրվա կապակցությամբ՝ համոզված եմ, որ ձեր կողմից ձեռք բերվելիք գիտելիքների եւ հմտությունների հետ մեծ հույսեր են կապում մեր ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, ձեր անմիջական հրամանատարներն ու գործընկերները, բայց ամենակարեւորը՝ ձեր ենթակաները։
Եվ քանի որ այսօր սեպտեմբերի 1—ն է, օգտվելով առիթից՝ այս խորհրդանշական վայրից ուզում եմ ուղերձով դիմել Հայաստանի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այսօր դպրոց ու բուհ են գնացել»։
Այնուհետեւ նախագահը շրջայց է կատարել հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին եւ ուսումնառության պայմաններին։ Բուհի պատասխանատուների ներկայացմամբ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր մասնաշենքի շահագործումը հնարավորություն է ընձեռում ոչ միայն արդյունավետ կազմակերպել եւ անցկացնել սպայական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, այլեւ ստեղծել ռազմական գիտության տեսության մշակման համար ենթակառուցվածքային եւ ինստիտուցիոնալ նախադրյալներ։ Ֆակուլտետի կազմում մտնում են միջազգային եւ ազգային անվտանգության, ռազմարվեստի, ռազմամասնագիտական ամբիոնները։
Ռազմական կրթությունը շարունակաբար կատարելագործվում է
Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կրթությունն իրականացվում է կրտսեր սպայական կազմի կրթության փուլում՝ ռազմական կառավարման բակալավրի որակավորմամբ. այստեղ պատրաստում են «Մոտոհրաձգային, հրետանային, տանկային, հետախուզական եւ ինժեներասակրավորային ստորաբաժանումների կառավարում» մասնագիտությամբ դասակների—վաշտերի հրամանատարների՝ չորսամյա կրթական ծրագրերով, որոնք նախատեսված են հանրակրթական դպրոցները, վարժարաններն ավարտածների համար, եւ մեկամյա սպայական կրթական ծրագրերով՝ բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտածների համար։
Ավագ սպայական կազմի կրթության փուլում ռազմական մագիստրոսի որակավորմամբ պատրաստում են «Միավորումների, զորամասերի կառավարում» մասնագիտությամբ գնդերի հրամանատարների եւ նրանց տեղակալների. գործընթացն իրականացվում է ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում։
Ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր մասնաշենքի բացման ժամանակ ռազմական համալսարանի պետի առաջին տեղակալ գնդապետ Խաչատուր Խաչատրյանը լրագրողներին ասաց, որ հրամանատարաշտաբային դասընթացների մեկնարկը տրվել է 2013—2014 ուսումնական տարվանից, եւ արդեն զինված ուժեր թողարկվել է 39 սպա։
Հրամանատարաշտաբային ֆակուլտետի կազմում ընդգրկված են միջազգային եւ ազգային անվտանգության, ռազմարվեստի, ռազմամասնագիտական առարկաների ամբիոնները։ Հրամանատարաշտաբային ֆակուլտետում իրականացվող դասընթացների տեւողությունը 11 ամիս է, որի ընթացքում ունկնդիրներն ուսումնասիրում են միջազգային եւ ազգային անվտանգության, առաջնորդման եւ կառավարման ու ռազմական մասնագիտության կրթաբլոկների առարկաները։ Հատկապես մեծ ուշադրություն է դարձվում «Ազգային եւ տարածաշրջանային անվտանգություն», «Օպերատիվ արվեստ», «Ընդհանուր մարտավարություն», «Շտաբների ծառայություն մարտական պայմաններում», «Առաջնորդում եւ կառավարում» առարկաներին, որոնց հատկացված է ուսումնական ծրագրի ժամաքանակի հիմնական մասը։
Ունկնդիրները ուսումնառության ընթացքում մասնակցում են ԶՈւ ԳՇ—ի պլանով նախատեսված հրամանատարաշտաբային զորավարժություններին, դասընթացներն ավարտում են պետական ավարտական քննություններով եւ մագիստրոսական թեզի պաշտպանությամբ։
Նա ընդգծեց, որ ՀՀ պաշտպանական գերատեսչության եւ հատկապես իրենց համալսարանի համար մեծ իրադարձություն է ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր մասնաշենքի շահագործումը, որը հնարավորություն է ընձեռում ոչ միայն արդյունավետ կազմակերպել եւ անցկացնել սպայական կադրերի պատրաստումը եւ վերապատրաստումն, այլեւ ստեղծել ռազմական գիտության տեսության մշակման համար ենթակառուցվածքային եւ ինստիտուցիոնալ նախադրյալներ։
«Սկսած նախազորակոչային տարիքի պատրաստությունից, այնուհետեւ մարտավարական պատրաստությունը, որ մեր սպաները ստանում են գոյություն ունեցող ռազմական համալսարաններում, այնուհետեւ մագիստրոսի կրթական աստիճանով ուսուցումն է, որ հենց այս հրամանատարաշտաբային ֆակուլտետում պետք է ստանան»,–լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զարգացման ուղղությունների մեջ ամենակարեւորներից մեկը ռազմական կրթության բաղադրիչի զարգացումն է, եւ այդ ուղղությամբ վերջին տարիներին բավականին լուրջ աշխատանք է տարվել. ձեւավորվել է ճանապարհային այն քարտեզը, որով հայոց բանակի պրոֆեսիոնալ զինծառայողը, հայոց բանակի սպան պետք է կրթվի եւ այնուհետեւ նաեւ գործնական ծառայության ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ամրապնդի, հմտանա եւ ունենա համապատասխան օպերատիվ մտածելակերպ առօրյա գործունեությունն իրականացնելու համար. «Այսինքն՝ նրանք համապատասխան գիտելիքներ, հմտություններ, ունակություններ են ձեռք բերելու, որպեսզի կարողանան ժամանակակից համազորային օպերացիաներ, մարտական գործողություններ մշակեն, արագ կողմնորոշվեն ցանկացած իրադրության մեջ եւ իրադրության գնահատման արդյունքում համապատասխան որոշումներ ընդունեն։ Նախապատրաստեն զորքը մեր երկրի պաշտպանությունն իրականացնելու համար»։
Նա նշեց, որ կրթական համալիրն օժտված է թե՛ տեսական, թե՛ գործնական պարապմունքների համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններով. «Սրանով չենք ավարտում կրթական ամբողջ ճանապարհային քարտեզի ձեւավորումը։ Այն պետք է շարունակական կատարելագործվի սպայական կազմի ուսումնական ողջ գործընթացի ընթացքում։ Մենք ձեւավորել ենք համապատասխան ծրագրեր, այժմ աշխատանքներ ենք տանում համապատասխան կադրերով համալրման ուղղությամբ։ Արդեն երրորդ տարին է՝ այս համալիրն ըստ էության գործում է, բայց նոր մասնաշենքում այս տարվանից են սկսելու սովորել։ Բացի դրանից, ռազմական կրթության համակարգը փորձում ենք ինտեգրել ժամանակակից բանակների ռազմական կրթական համակարգի հետ։ Փորձի փոխանակման արդյունքում այս կրթական համալիրում օգտագործելու ենք օտարերկրյա դասախոսների հնարավորությունները»։
Ս. Օհանյանը նշեց, որ կադրերը բավարար են. Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը եւ նաեւ ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտն այսօր ունեն այն կադրերը, որ տարիների փորձ են ձեռք բերել, եւ, բացի դրանից, ՀՀ ԶՈՒ—ում այսօր ծառայում են սպաներ, ովքեր փորձառություն են ձեռք բերել ոչ միայն մեզ մոտ, այլեւ օտարերկրյա ուսումնական հաստատություններում։ «Մենք այստեղ դասախոսներ կհրավիրենք եւ ՌԴ—ից, եւ ՀԱՊԿ երկրներից, եւ նաեւ արեւմտյան երկրներից, որոնք կփորձեն իրենց գիտելիքների համադրմամբ ձեւավորել մեր ազգային կրթական ցենզը»։
Ինչ վերաբերում է զինվորական դառնալ ցանկացող ուսանողների թվին, ապա նա նշեց, որ ուսուցման համար թիվը համապատասխանում է ՊՆ կադրային քաղաքականությունը։ «Մենք ընդունում ենք ուղիղ այնքան սպաների, որոնք հետագայում իրենց ծառայությունը պետք է շարունակեն արդեն զորամասի հրամանատարի տեղակալներ, զորամասի հրամանատարներ եւ զորամիավորման հրամանատարի տեղակալներ օղակներում։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Սարգսյանի անվան ռազմական համալսարանում եւ Խանփերյանցի ինստիտուտում ուսանողներին, ապա վերջին տարիներին համապատասխան աշխատանք է տարվում, որպեսզի տեղերը լրացվեն ոչ միայն ի հաշիվ ընդունվողների, այլեւ համագործակցող ՀՀ բարձրագույն տարբեր ուսումնական հաստատություններից մեկամյա կամ այլ ծրագրերի»։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
|