Միայն այդ կերպ արհմիությունները կկարողանան կատարել իրենց իրական գործառույթները. Աշխարհի զարգացած երկրներում աշխատաշուկայի կառավարման համակարգի կարեւորագույն մարմին են արհեստակցական միությունները։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներում այս կառույցներն այնքան զարգացած են, ունեն այնպիսի մեծ ազդեցություն երկրի կառավարման բոլոր ոլորտներում, որ ցանկացած քաղաքական գործիչ առաջին հերթին հաշվի է նստում հենց նրանց կարծիքի հետ։ Արհմիություններն ուժ են, որոնք մշտապես կանգնած են աշխատողի թիկունքին, կատաղաբար պաշտպանում են նրա շահերը, ունեն մեծ լծակներ եւ ազդեցություն։ Նորանկախ Հայաստանում, ցավոք, այս ինստիտուտն առայժմ գտնվում է զարգացման սաղմնային վիճակում։ Մեր երկրում գործող արհմիությունների գործառույթները շատ չեն տարբերվում Խորհրդային Միության ժամանակ գործող նմանատիպ կառույցներից։ Բոլոր շահագրգիռ կողմերը՝ պետությունը, հասարակական կառույցները, նույնիսկ՝ գործատուները, հրաշալի գիտակցում են, որ առանց ամուր եւ գործող արհմիություններ ունենալու մեր երկրի աշխատաշուկան չի կարող մրցունակ լինել միջազգային ասպարեզում։ Քայլեր ձեռնարկվում են, սակայն խնդիրը ոչ այնքան օրենսդրությունն է, որքան մարդկանց գիտակցությունը։ «Արհեստակցական միությունների գործունեության երաշխիքները» թեմայով երեկ կայացած խորհրդարանական լսումները միավորում էին բոլոր շահագրգիռ կողմերին՝ պետության, արհմիությունների եւ գործատուների ներկայացուցիչներին։ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը բացման խոսքում նշեց, որ խնդիրը վերջին տարիներին մշտական քննարկման առարկա է եղել, կազմակերպվել են տարբեր քննարկումներ երկու կողմերի՝ գործատների եւ արհիմությունների մասնակցությամբ։ «Խնդիրները բազմաթիվ են, եւ դա նորություն չէ։ Ներկայումս գործող արհմիությունները ժառանգել ենք ԽՍՀՄ—ից, դրանք այս տարիների ընթացքում չեն հասցրել կազմավորվել որպես քաղաքացիական հասարակության լիարժեք մաս եւ չեն կատարում իրենց իրական ֆունկցիաները։ Խնդիրը համակարգային է եւ բխում է ազատ շուկայի, ազատ առեւտրի ոլորտների՝ առայժմ ոչ լիարժեք լինելուց։ Եթե այս քննարկումների արդյունքում կարողանանք որեւիցե կերպ ձեւավորել օրենսդրական առաջարկներ, ապա Ազգային ժողովն իր դերակատարումն այս հարցում կունենա։ Եթե անհրաժեշտ են կարգավորման մեխանիզմներ ՀՀ կառավարությունից, ապա կկարողանանք մեր առաջարկությունները ներկայացնել գործադիրին»,–ասաց պատգամավորը։ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նկատեց, որ արհմիություններ, որպես այդպիսիք, Հայաստանում ընդհանրապես գոյություն չունեն, քանի որ որպես արհմիություն գրանցված կազմակերպությունները չեն կատարում իրենց գործառույթները, գոյություն ունեն միայն թղթի վրա եւ կրում են զուտ վիրտուալ բնույթ։ «Քաղաքացիական հասարակության տարրերը մեզ բոլորիս հայտնի են. քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, անկախ ԶԼՄ—ներ եւ արհմիություններ։ Նրանք պետք է հակակշռեն իշխանություններին եւ կատարեն վերահսկողական ֆունկցիաներ։ Այն, որ Հայաստանում այսօր կան անկախ ԶԼՄ—ներ, ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում։ Գործում են բավականին ուժեղ հասարակական կազմակերպություններ, կուսակցական համակարգը նույնպես կարծես թե շարժվում է քաղաքացիական հասարակության ուղղությամբ։ Սակայն արհմիություններն այս ամենից հետ են մնում, ընդհանրապես չեն կատարում իրենց առաքելությունը»,–ավելացրեց օմբուդսմենը։ Կ. Անդրեասյանի տեղեկացմամբ՝ ՄԻՊ գրասենյակը հարյուրավոր դիմումներ է ստանում աշխատանքի իրավունքի խախտման մասին, քանի որ դիմողները վստահ են՝ իրենց խնդիրներն արհմիությունների միջոցով չեն կարող լուծել. «Հետեւաբար հարց է առաջանում՝ արդյո՞ք կարիք կա այս կառույցներին «արհեստական շնչառության» միջոցով կենդանացնելու։ Իհարկե կա։ Դրա կարիքն ունի ցանկացած աշխատող մարդ։ Սակայն ոչ թե «արհեստական շնչառության», այլ, առաջին հերթին, խորքային պատճառները հասկանալու եւ գործուն մեխանիզմներ մշակելու միջոցով»։ Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ մեր երկրում արհմիություններն այնքան թույլ են, որ նույնիսկ չեն կարող պաշտպանել առանձին անձանց շահերը։ Ոչ մի քաղաքական գործիչ նախընտրական շրջանում չի կազմակերպում հանդիպում արհիմությունների հետ, որովհետեւ նրանք հասարակական կյանքում ոչ մի ազդեցություն ու նշանակություն չունեն։ Մարդու իրավունքների պաշտպանի տեսակետների հետ համաձայն չէր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը, ում կարծիքով, ժամանակ է անհրաժեշտ ոլորտի կայացման համար, քանի որ ոլորտի օրենսդրությունը բացեր չունի, իսկ արհեստական ձեւով՝ վարչարարությամբ, ոլորտ զարգացնելուն ինքը դեմ է։ Փոխնախարարի կարծիքով, վերջին երեք—չորս տարիներին նկատելի են որոշ դրական փոփոխություններ։ «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության նախագահ Էդուարդ Թումասյանը եւս, չհամաձայնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գնահատականների հետ, ոլորտի թուլացման հիմնական պատճառներ համարեց մրցակցության բացակայությունը, քաղաքացիների՝ աշխատանքը կորցնելու վախը, իրավական գիտելիքների պակասը եւ այլն։ Ոլորտի զարգացման ճանապարհը, ըստ նրա, պետական մոտեցումն է. նրա համոզմամբ, անհրաժեշտ է, որ կատարվեն փոփոխություններ, եւ հիմնարկ—ձեռնարկություններում արհեստակցական միությունների ստեղծումը պարտադիր համարվի, ինչպես, օրինակ, կատարվում է այլ երկրներում։ Մտքերի փոխանակության ընթացքում արհմիությունների, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն անդրադարձան համակարգի խնդիրներին եւ ներկայացրին իրենց առաջարկներն ու տեսակետները։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
|