Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետի՝ նախորդ նիստում տված հանձնարարության համաձայն հաղորդումով հանդես է եկել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։ Նա նախ անդրադարձել է այս գարնանը տեղի ունեցած կարկտահարության դեպքերին եւ դրանց պատճառած վնասներին՝ նշելով, որ բոլոր համայնքներում գործում են հանձնաժողովներ, որոնք արձանագրում են վնասի չափերը։ Այնուհետեւ նախարարն ընդհանուր առմամբ դրական է գնահատել գյուղատնտեսական տարին։ Մարտ, ապրիլ, մայիս ամիսներին տեղացած անձրեւի արդյունքում երկրի հիմնական ջրամբարներում անցյալ տարվա համեմատ ավելի շատ ջուր է կուտակվել, ինչի շնորհիվ առատ կլինի մրգի եւ բանջարեղենի բերքը։ Հաջողությամբ սկսված բերքահավաքը շարունակվում է ամբողջ թափով։ Բավականաչափ միրգ եւ բանջարեղեն է արտահանվում հարեւան երկրներ, հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնություն։ Գյուղատնտեսության նախարարի խոսքով՝ լավ արդյունքներ են ակնկալվում ոլորտի գրեթե բոլոր ճյուղերից։
Հակակարկտային կայանների տեղադրման վերաբերյալ հաղորդումով հանդես է եկել ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։ Այժմ Հայաստանում գործում է 412 հակակարկտային կայան, մինչդեռ պահանջարկը ավելի քան 5 հազար է, առաջնային անհրաժեշտությունը՝ 1021 հատ։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է կատարել անհրաժեշտ ֆինանսական հաշվարկներ առաջին հերթին ձեռք բերվելիք կայանների վերաբերյալ։
Հաստատելով օրակարգը, կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը։
Նոր արտոնություններ են սահմանվում առաջին գծի զինծառայողների համար
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին։ Առաջարկվում է առաջնագծում մարտական հերթապահություն կատարող զինծառայողների կենսաթոշակը ձեւակերպելիս այդ ժամանակը հաշվարկել կրկնակի չափով։ Փոփոխությունը հասցեական է, ուղղված է զինծառայողների կոնկրետ խմբի եւ կխթանի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը սպայական, ենթասպայական եւ պայմանագրային շարքային կազմի զինծառայողներով համալրելու գործընթացի արդյունավետությունը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ մշտապես հերթապահություն իրականացնող զինծառայողների խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են։ «Մենք պարտավոր ենք լուծում տալ նրանց հարցերին»,–ասել է կառավարության ղեկավարը։
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում եւ եւս վեց օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ լուծում կտրվի կառուցապատման ոլորտում առաջացող խնդիրներին, կապահովվի կառուցապատողների պարտավորությունների պատշաճ կատարումը, նախնական նշման ինստիտուտի ներդրումը հնարավորություն կտա ապահովել գրանցման ենթակա իրավունքների պաշտպանությունը եւ կանխարգելել հնարավոր չարաշահումներից, կներդրվի կառուցվող անշարժ գույք ձեռք բերելու նոր մեխանիզմ։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է օրենքների նախագծերի փաթեթը եւ վստահեցրել, որ դրա շնորհիվ կպակասի կառուցապատողներից բողոքող քաղաքացիների թիվը։
Գործադիրը քննարկել է «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Նրանց նպատակն է օրենքի որոշ դրույթներ համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը, վերացնել առկա հակասությունները եւ բացերը։ Կառավարությունն իր հերթին արել է մի շարք առաջարկություններ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրինագիծը։
Վերը նշված օրենքների նախագծերը եւ կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Կհստակեցվի տրանսպորտային միջոցների հաշվառման գործընթացը
ՀՀ կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, ուժը կորցրած ճանաչել եւս երեք որոշում։ Նոր որոշումը թելադրված է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներով։ Տրանսպորտային միջոցների հաշվառումը կարգավորող նորմերը սահմանված են տարբեր ժամանակ ընդունված մի քանի իրավական ակտերով, ինչը դժվարացնում է ինչպես քաղաքացիների կողմից դրանց կիրառումը, այնպես էլ հաճախ առաջանում են միեւնույն գործընթացի տարաբնույթ կարգավորման դեպքեր։ Նոր որոշման շնորհիվ կլուծվեն գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները։
ՀՀ կառավարության նախկին որոշումներից մեկով պետք է կանոնակարգվեր «Արարատ–ռեստորան» ՍՊԸ–ին սեփականության իրավունքով պատկանող կառավարական N 2 մասնաշենքում գտնվող շենքի նկուղային եւ առաջին հարկերը «Տանգո» ՓԲԸ–ին վաճառելու գործընթացը։ Նկատի առնելով, որ բաց են թողնվել որոշմամբ սահմանված ժամկետները, եւ փոխվել է անշարժ գույքի հասցեն, կառավարությունն իր որոշմամբ փոփոխություններ է կատարել իր նախկին երկու որոշումներում։
Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է, թե երբ է շահագործման հանձնվելու կառավարական նոր մասնաշենքը։ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի տեղեկացմամբ՝ սահմանված ժամկետը եկող տարվա գարունն է, բայց մասնաշենքը շահագործման կհանձնվի այս տարվա նոյեմբերին, երբ համալրված կլինի գույքով։
Լրացում կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, գործադիրը սահմանել է, որ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից եւ ՀՀ սահմանամերձ համայնքներում հաշվառված անձանց նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10–ը ներառյալ ներդրված դրամական ավանդների փոխհատուցման համար ամեն ամիս կնախատեսվեն որոշակի ֆինանսական միջոցներ։
Կգործի բիզնեսի աջակցության հստակ համակարգ
ՀՀ կառավարությունը չորս որոշում է ընդունել օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկությամբ։
Առաջին որոշմամբ հստակեցվել են բնակավայրերի տարածքների քաղաքաշինական գոտեւորման նախագծերի մշակման առաջադրանքին, կազմին ու բովանդակությանը, ինչպես նաեւ դրանց փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման ընթացակարգերին ներկայացվող հիմնական պահանջների կատարման ժամկետները։ Սահմանվել է նաեւ համայնքների քաղաքաշինական կանոնադրության օրինակելի ձեւը։
Հաջորդ որոշմամբ սահմանվել է, որ վտանգավոր կամ միջուկային ու ռադիոակտիվ նյութեր կամ ռադիոակտիվ նյութ պարունակող սարքեր փոխադրելու արտոնագիր կամ թույլտվություն կարելի է տրամադրել միայն իրավաբանական անձանց։ Ընդ որում, արտոնագրի տրամադրման պահանջներից հանվել է տվյալ գործունեությամբ զբաղվելու մասնագետների որակավորման պահանջը, կրճատվել ավելորդ վարչարարությունը, ժամանակը եւ փաստաթղթաշրջանառությունը։
Փաստաթղթաշրջանառության էական կրճատման է հանգեցնելու գործադիրի մյուս որոշումը, որը վերաբերում է բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգի մի շարք դրույթների։ Փաստաթղթի մշակման ժամանակ հաշվի է առնվել զարգացած եւ զարգացող երկրների ընդօրինակելի փորձը։
Ձեռնարկատիրական ոլորտը կարգավորող իրավական ակտերում առկա բիզնես գործընթացների վերաբերյալ ազգային կենտրոնի առաջարկությամբ ուժը կորցրած է ճանաչվել կառավարության նախկին որոշումներից մեկը, որով հաստատվել էին պետական գրանցման եւ պետական հաշվառման համար ներկայացվող դիմումներում լրացման ենթակա տվյալները, քանի որ այդ պահանջները սպառիչ սահմանված են համապատասխան օրենքով։
Հաստատվել է նոր տեսչական համակարգին անցնելու ծրագիրը
ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում նոր տեսչական համակարգին անցնելու ծրագիրը, որով շարունակվում է 2009թ. մեկնարկած տեսչական բարեփոխումը։ Այժմ ստուգում է իրականացնում 17 տարբեր տեսչական մարմին։ Տեսչություններ կան տարբեր նախարարությունների աշխատակազմերում, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում, ինչպես նաեւ գործում է մեկ առանձին մարմին՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ երկրում գործող տեսչական համակարգը դեռեւս լիարժեք չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Ծրագրի նպատակն է. պետության համար՝ ռեսուրսների առավել օպտիմալ եւ արդյունավետ օգտագործում, գործարարների համար՝ առավել ազատ եւ ճնշումից զերծ միջավայրի ապահովում, սպառողի համար՝ անվտանգության ապահովում։
2014թ. դեկտեմբերի 30–ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքը։ Փոփոխություններ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, գործադիրը ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության գործառույթները համապատասխանեցրել է վերոհիշյալ օրենքին, որով սահմանվում է պետական վերահսկողություն միայն աշխատանքի անվտանգության նկատմամբ, իսկ աշխատանքային պայմանագրի դրույթների հսկողությունը աշխատողների ներկայացուցիչների՝ արհեստակցական միությունների իրավասությունն է։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նոր քրեական օրենսգրքի հայեցակարգին, որի ընդունմամբ ակնկալվում է մարդու իրավունքների քրեաիրավական պաշտպանվածության բարձրացում, մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով սահմանված՝ մարդու իրավունքների չափանիշների ինկորպորացում, քրեաիրավական նորմերի սխալ կիրառման, դատական սխալների բացառում եւ այլն։
Միջազգային համագործակցություն
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ղրղըզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29–ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի անբաժանելի մաս կազմող երկու արձանագրությանը եւ «Ղրղըզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29–ի պայմանագրին միանալու մասին» 2014թ. դեկտեմբերի 23–ին ստորագրված պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին արձանագրությանը։
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջեւ ավելի մրցունակ եւ զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության համաձայնագրի 6–րդ փոփոխության» համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Բուն համաձայնագիրը կնքվել է 2010 թվականին։ 6–րդ փոփոխությամբ նախատեսվում է նշված նպատակին լրացուցիչ հատկացնել 6 մլն 683 հազար ԱՄՆ դոլար, որի դեպքում հատկացման ընդհանուր թիվը կգերազանցի 51 մլն դոլարը։ 6–րդ փոփոխությունը նախատեսում է, որ դրամաշնորհ ստացողը պետք է մշակի քաղաքացիական ավիացիայի նոր օրինագիծ, սահմանի վերջինիս առնչվող ընթացակարգերը, փոփոխություն կատարի բնապահպանական եւ բնօգտագործման վճարների օրենքում՝ Արարատի եւ Արմավիրի մարզերի ձկնաբուծարաններում օգտագործվող ստորգետնյա ջրի վճարը սահմանելով ծավալի 100 տոկոսի չափով, ինչպես նաեւ ապահովի ջրի որակի եւ ջրօգտագործման թույլտվության տվյալների հասանելիությունը հանրությանը։
|