Երեկ Բրյուսելում՝ ՆԱՏՕ—ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ 28+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 28 երկրների դեսպանները, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Նիստին Հայաստանի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան ելույթներով։
Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայաստան—ՆԱՏՕ համագործակցության տարբեր ոլորտներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, միջազգային հարաբերությունների օրակարգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին։
Անդրադառնալով Հայաստան–ՆԱՏՕ հարաբերություններին՝ Էդվարդ Նալբանդյանը դրական գնահատեց Անհատական գործընկերության գործողությունների ծրագրերի շրջանակներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը։ Նախարար Նալբանդյանը նշեց, որ արդեն պատրաստ է Հայաստան— ՆԱՏՕ ԱԳԳԾ—ի թվով չորրորդ 2014—2016թթ. ծրագիրը եւ հույս հայտնեց, որ այն շուտով կհաստատվի ու կսկսի իրականացվել։
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում անդրադարձավ պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքին եւ այդ համատեքստում կարեւորեց Հայաստանի եւ ՆԱՏՕ—ի միջեւ համագործակցությունը։
Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին ելույթ ունեցած ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարը, անդամ տասնհինգ երկրների ներկայացուցիչներ դրական գնահատեցին Հայաստանի եւ Դաշինքի միջեւ 20 տարվա պատմություն ունեցող արդյունավետ փոխգործակցությունը եւ արձանագրված արդյունքները։
Ելույթ ունեցողները գոհունակություն հայտնեցին Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման արդյունքների, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքի, Կոսովոյում եւ Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության կապակցությամբ։
Այնուհետեւ նախարարներ Նալբանդյանն ու Օհանյանը պատասխանեցին ՆԱՏՕ—ի անդամ երկրների դեսպանների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին, ուկրաինական ճգնաժամին, պաշտպանության ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։ ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարն ու անդամ երկրների դեսպանները վերահաստատեցին Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։
Հյուսիս—ատլանտյան խորհրդի նիստից առաջ Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպեցին ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց «Գործընկերություն հանուն խաղաղության» անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստան—ՆԱՏՕ համագործակցությանը, մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ։
|