Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Գործադիրը հավանություն է տվել «Նոտարիատի մասին» եւ մի շարք հարակից այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։ Սույն նախագծով կներդրվի մեկ պատուհանի սկզբունքով ծառայությունների մատուցումը եւ էլեկտրոնային նոտարի համակարգը, ինչը հնարավորություն կտա նոտարի կողմից գործողությունների՝ առավելապես նոտարի էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված էլեկտրոնային փաստաթղթերի միջոցով կատարմանը եւ կբացառի թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը, կբարձրացնի գործարքների անվտանգությունը եւ կապահովի սպասարկման բարձր որակը։ Նախագծով ներդրվում է նաեւ լիազորագրերի էլեկտրոնային շտեմարանը, ինչը կնպաստի լիազորագրերի կեղծման ռիսկի նվազեցմանը։ Նախատեսվում է նաեւ պաշտպանված տիրույթում ներդնել կտակների էլեկտրոնային շտեմարանի եւ ժառանգական գործերի վարման բաժին, որը հնարավորություն կտա ապահովել ժառանգության գործընթացի անվտանգությունը։ Միաժամանակ, զգալիորեն կպարզեցվեն եւ կավտոմատացվեն ժառանգության հետ կապված գործընթացները։ Համակարգը պետք է համակցվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տվյալների բազայի հետ, որպեսզի անձի մահանալու եւ համապատասխան ժառանգության գործի բացման դեպքում հնարավոր լինի հստակ իմանալ կտակի առկայության մասին։ Բացի այդ, նախատեսվում է կարգավորել նոտարի պատասխանատվության հետ կապված հարցերը։ Նոտարի նյութական պատասխանատվությունը սահմանափակված է միայն նրա կողմից դիտավորյալ հասցված վնասի փոխհատուցմամբ, իսկ նախագծով կնախատեսվի գույքային պատասխանատվություն նաեւ անզգուշությամբ պատճառված վնասի դեպքում։
Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Օրենքի նախագծով հստակեցվում են զինվորական ծառայության անվտանգության ապահովման, զորամասում զինվորական ծառայության կազմակերպման եւ իրականացման հետ կապված պաշտոնատար անձանց ու զինծառայողների իրավասությունները եւ պարտականությունները, մարտական դրոշի պահպանման եւ օգտագործման կարգը։
ՀՀ ռազմական արդյունաբերությունը բարեփոխվում է
Կառավարության որոշմամբ հաստատվել է ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպությունների գիտական, գիտարտադրական եւ արտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման եւ վարման կարգը։ Հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունումը կնպաստի ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը։ Հաստատված կարգով հիմք կդրվի ՀՀ ռազմարդյունաբերության ոլորտի աշխատանքների համակարգմանը եւ պաշտպանական միասնական քաղաքականության իրականացմանը։
Մեկ այլ որոշմամբ էլ հաստատվել է ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման եւ վարման՝ քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաեւ ռազմարդյունաբերական համալիրի ամփոփ ցուցակում ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների գրանցման եւ ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող կազմակերպությանը բազայինի կարգավիճակ տալու կարգը։ Նման բազայի ստեղծմամբ եւ ներդրմամբ կբացառվեն սպառազինության եւ ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական ունեցվածքի նոր նմուշների ստեղծման համար մշակման աշխատանքների կրկնողությունները, ինչպես նաեւ հստակ կգնահատվեն ռազմական պետական պատվերներ կատարող կազմակերպությունների հնարավորությունները։
Այլ որոշումներ
Գործադիրը փոփոխություն է կատարել «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» սեպտեմբերի 2–ի որոշման մեջ. սեպտեմբերի 12–ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 24՝ 17–ի փոխարեն։
Ներկա պահին արտահանողների կողմից ներկայացված հայտերով ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում. ՀՀ 2016թ. պետբյուջեով նախատեսված եկամուտների գումարն ինն ամսում 5.0 մլրդ, իսկ տարում 15.0 մլրդ դրամով ավելացնելու հաշվին նշված չափով համապատասխանաբար ավելացվել է «Ավելացված արժեքի հարկի վերադարձ» ծախսային ծրագրի գծով նախատեսված հատկացումների ինն ամսվա եւ տարեկան գումարները։ Կարեւորելով ընդունված որոշումը՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ այն կնպաստի բիզնեսի զարգացմանը։
Բյուջեի կատարման գործընթացի արդյունավետ կազմակերպմամբ պայմանավորված՝ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2016թ. պետբյուջեում եւ փոփոխություններ, լրացումներ՝ նախկինում ընդունած որոշումներում։ Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարության աշխատակազմի «Վարչական օբյեկտների հիմանորոգում» ծրագրի գծով առկա 31 մլն դրամի տնտեսումն առաջարկվում է ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։
Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ կուղղվեն նաեւ 2016թ. պետբյուջեի սոցիալական պաշտպանության ոլորտում ընթացիկ տարվա գործունեության ընթացքում առաջացած տնտեսումները, տարեկան կտրվածքով՝ 600 մլն դրամ։
Սեպտեմբերի 20–ին կայանալիք «Հայաստանը որպես դարպաս դեպի մեծ շուկաներ» խորագրով համաժողովի անցկացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ Միջոցառումը կնպաստի ՀՀ տեղական արտադրության արտադրատեսակների ճանաչողության մակարդակի բարձրացմանը, այդ ոլորտում համագործակցության խթանմանը։
Վտանգավոր քիմիական նյութերի միջազգային առեւտուրը կանոնակարգելու, մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցությունը կանխարգելելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած երկու որոշումներում։
Կառավարության որոշմամբ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է չորս տարով՝ մինչեւ 2020թ. սեպտեմբերի 13–ը։ Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ Մերի Ղեւոնդյանը նշանակվել է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում։ Վարչապետը շնորհավորել է նրանց եւ մաղթել բեղմնավոր աշխատանք։
Նիստի ավարտին Հայաստանում սրտի վիրահատական ծառայությունների հետ կապված հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Նա նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել սրտաբանական ծառայությունների գնային քաղաքականության վերանայման վերաբերյալ։ «ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից մեկին համահունչ՝ 2015թ. հունվարից մեկնարկեց «Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայություններ» ծրագիրը։ Պետպատվերի գինը վերանայվել է՝ 1.100.000 դրամի փոխարեն սահմանվել է 700.000 դրամ՝ ոչ դեղապատ ստենտի տեղադրման համար։ Այսօր կարող ենք փաստել՝ հաջողվեց պետպատվերի գները նվազեցնել»,–ասել է նախարարը՝ հավելելով, որ արդյունքում յուրաքանչյուր ամիս կտնտեսվի 32.552.000 դրամ։ Միաժամանակ տեղեկացվել է, որ նվազել է նաեւ հիվանդների շարունակական բուժումն ապահովելու նպատակով հետվիրահատական–վերականգնողական փուլում նշանակվող «Կլոպիտոգրել 75 մգ» ազդող նյութ պարունակող «Պլավիքս 75 մգ» դեղի ներկրման գինը՝ 10 հազարից դառնալով 4210 հազար դրամ։ Արմեն Մուրադյանն, անդրադառնալով առհասարակ դեղերի շուկայական գներին, հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը յուրաքանչյուր ամիս իրականացնում է 54 անվանում լայն սպառում ունեցող դեղերի մանրածախ գների մշտադիտարկում։ Այսպիսով՝ օգոստոս–սեպտեմբերին դեղերի գները նվազել են ընդհանուր առումով 6,06 տոկոսով։
|