ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 14:19
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 21 » Այսօր Հայաստանը բարեփոխումների նոր՝ արագացված փուլ է մտել / Ս. Սարգսյանը ներկա է գտնվել «Անկախության սերունդ» խորագրով տոնական համերգին/
09:52
Այսօր Հայաստանը բարեփոխումների նոր՝ արագացված փուլ է մտել / Ս. Սարգսյանը ներկա է գտնվել «Անկախության սերունդ» խորագրով տոնական համերգին/

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 25—րդ տարեդարձի առթիվ  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել «Անկախության սերունդ» խորագրով տոնական համերգին։ 
«Անկախության սերունդ» համահայաստանյան երգչախումբն ու նվագախումբը համախմբում է 10—25 տարեկան մոտ 1100 պատանի եւ երիտասարդ երաժիշտների ամբողջ Հայաստանից եւ Արցախից։ Նախագծի հեղինակն է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ով, որպես այդ սերնդի ներկայացուցիչ, ղեկավարում է «Անկախության սերունդ» նվագախումբը։ Հատուկ այս միջոցառման համար որպես մենակատարներ աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան են հրավիրվել հայ կատարողական արվեստի երիտասարդ լավագույն ներկայացուցիչներ, ովքեր նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում պատվով ներկայացնում են Հայաստանը ամբողջ աշխարհում։ Ի դեպ, ելույթ են ունեցել Նունե Եսայանը եւ Իվետա Մուկուչյանը, ովքեր կատարեցին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հեղինակած երգը, որի բառերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է։ 
Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ նախագահ Բակո Սահակյան,
Ձե՛րդ սրբություն Ամենայն հայոց կաթողիկոս եւ Ծայրագույն պատրիարք Գարեգին Երկրորդ,
Ձե՛րդ սրբություն Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին,
Հարգելի՛ գործընկերներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Անկախության տոնի կապակցությամբ։ Անկախ պետականության քառորդդարյա հոբելյանը մենք նշում ենք բաց ճակատով։ Մենք անցանք դժվարին, բայց պատվաբեր ճանապարհ։ Այդ ճանապարհի մեկնարկին ի՞նչ ունեինք։ Ունեինք երկիր, որի մեկ երրորդը, բառի ուղղակի իմաստով, հողին էր հավասարված աղետալի երկրաշարժի հետեւանքով։ Մարդիկ ապրելու տեղ չունեին, էլ չեմ խոսում աշխատանքի մասին։ Եվ այդ պայմաններում հարեւան երկրից ընդունել էինք հարյուրհազարավոր փախստականների։ Ավելին, կանգնած էինք լայնածավալ պատերազմի շեմին։ Մենք մեկնարկեցինք էներգետիկ ճգնաժամի եւ շրջափակման պայմաններում։ Նախկին Խորհրդային Միության հանրապետություններից թերեւս ոչ մեկը չուներ այդքան անբարենպաստ մեկնարկային վիճակ։ Բայց մենք չդավաճանեցինք մեր ընտրած ուղուն, հավատարիմ մնացինք անկախ ու ժողովրդավարական երկիր կառուցելու մեր որոշմանը։
Մեր ժողովուրդը բոլոր փորձությունները հաղթահարեց իրեն հատուկ տոկունությամբ, իմաստնությամբ, աշխատասիրությամբ ու խիզախությամբ։ Հնարավորություններ գտավ պաշտպանելու Հայաստանն ու Արցախը, զարգացնելու տնտեսությունն ու հասարակական կյանքը։
Ինձ համար քսանհինգամյա նոր Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը,ասել եմ եւ նորից կրկնում եմ, անկախության սերունդն է։ Անցած քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանում մեծացել է նոր սերունդ, որի համար Հայաստանի քաղաքացի լինելը ոչ միայն ճակատագիր է, այլեւ պատիվ։ Նոր սերունդ, որ բաց է աշխարհի առաջ եւ կրթված է ավելի լավ, քան նախորդ սերունդները։ Նոր սերունդ, որ քաղաքականապես գրագետ է եւ դավանում է ամենաբարձր ու համամարդկային արժեքների։ Սերունդ, որի համար ազատության եւ ժողովրդավարության սկզբունքները մտածողության եւ աշխարհընկալման հիմքում են։ Սա նոր սերունդ է, որ չի հանդուրժում եւ չի հանդուրժելու բռնապետության կամ ամբողջատիրության ոչ մի տարատեսակ, չի հանդուրժելու իրավունքների եւ ազատությունների սահմանափակման որեւէ քայլ։ Վերջապես սա մի սերունդ է, որ պատրաստ է կռվել հայրենիքի պաշտպանության համար եւ կռվում է առյուծի նման։
Կարելի է մի շենք ավել կամ պակաս կառուցել, բայց մեզ համար ամենակարեւորը մրցունակ եւ հաջողակ հասարակություն կառուցելն է։ Մեր ամենամեծ հարստությունը մեր երեխաներն են, ովքեր վաղը ներկայացնելու են այս հասարակությունը։
Ավելին, արդեն այսօր նրանք ներկայացնում են այս հասարակությունը՝ դրանով իսկ փառք բերելով մեր երկրին։ Ինչպե՞ս չհպարտանանք այն երեխաներով, որ յուրաքանչյուր տարի բազմաթիվ մեդալներ են շահում դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում։
Անկախության սերունդը մեր երկրում ունի բարձր չափանիշներ եւ բարձր պահանջներ։ Ունի նաեւ դժգոհություն, իսկ այդ դժգոհությունն առաջընթացի կարեւոր եւ պարտադիր բաղադրիչ է։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե նրանք գոհ ու բավարարված լինեին։ Նրանք դժգոհում են, բողոքում, քննադատում եւ պահանջում, որովհետեւ ուզում են ապրել ավելի լավ երկրում։ Ուզում են ապրել ավելի ազատ, ավելի օրինական, ավելի բարեկեցիկ երկրում։ Նրանք թույլ չեն տալիս ավագ սերնդի ներկայացուցիչներին կորցնել զգոնությունը՝ դրանով իսկ խթանելով բարեփոխումների տեմպերը։
Ինչո՞ւ է ինձ համար սա ամենակարեւորը։ Պետությունը գործիք է, որ պիտի ծառայի մարդուն եւ ոչ հակառակը։ Անկախության սերունդը ցանկանում է բարեփոխել այդ գործիքը։ Նա ճիշտ ճանապարհի վրա է։ Մենք գնում ենք ժողովրդավարական կայունություն կառուցելու շատ բարդ, բայց ամենահեռանկարային ճանապարհով։ Այո, շատ դժվար է մի քանի տասնամյակում անցնել այն ուղին, որն ուրիշներն անցել են մի քանի հարյուրամյակում։ Բայց նաեւ հնարավոր է, որովհետեւ ճանապարհն արդեն հայտնի է։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի անկախության վերջին քսանհինգ տարիները եւս մեկ անգամ հաստատում են, որ մեր փոխարեն մեր առջեւ ծառացած խնդիրները ոչ ոք չի լուծելու։ Մենք կարողանում ենք լուծել եւ լուծում ենք դրանք ըստ առաջնահերթությունների։ Ողջ աշխարհում ունենք հրաշալի բարեկամներ, գործընկերներ եւ դաշնակիցներ։ Շնորհակալ ենք նրանց համագործակցության համար, բայց չմոռանանք, որ պատասխանատվությունը մերն է, միայն ու միայն մերը։ Անկախության սերունդն աստիճանաբար գալիս է ստանձնելու այդ պատմական պատասխանատվությունը։ Նա օտարի աչքի փուշը տեսնելուց առաջ խոսում է մեր աչքի գերանի մասին։ 
Սա ճիշտ ճանապարհ է, որովհետեւ մեր բոլոր խնդիրների լուծումները մեր մեջ են։ Որքան հասուն լինենք որպես հասարակություն, այնքան ավելի արագ կլուծենք մեր հարցերը։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մենք գնում ենք արդար աշխատանքի, արդար վաստակի եւ ճշմարտությունն ասելու ճանապարհով։ Մեր հարստությունը մեր հասարակությունն է։ Ինչքան լավ բան կա մեր երկրում, արել է հենց նա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, անկախ նրանից, թե ով է եղել իշխանության ղեկին։
Այսօր մեր երկիրը բարեփոխումների նոր՝ արագացված փուլ է մտել։ Դրանք սոսկ կադրային փոփոխություններ չեն, ինչպես ոմանք են կարծում։ Դրանք համակարգային փոփոխություններ են, որոնց արդյունքում ունենալու ենք որակապես նոր պետություն։ Ասվածը լոկ բարի ցանկություն չէ, այլ նախանշված հստակ քայլերի հաջորդականություն։ Մենք գիտենք, թե ուր ենք գնում եւ ինչպես պետք է հասնենք այնտեղ։ Եթե մի ամբողջ ազգ ուզում է նորոգել իր տունը, ապա նա դա կարող է անել։ Մեզ ոչ ոք չի կարող խանգարել այդ ճանապարհին, իսկ նորացված Սահմանադրությունը կդառնա այդ ուղին լուսավորող վառ փարոս։
Հայաստան—Արցախ—սփյուռք եռամիասնությունը մեր ուժն է։ Քառորդ դարի ընթացքում ինչ արել ենք, արել ենք միասին։ Վաղը անելու ենք ավելին։ Այս ընթացքում ոչ միայն օգտագործել ենք նախկինում եղած ներուժը, այլեւ կուտակել ենք նոր փորձ եւ նոր ներուժ։ Ձեւավորել ենք նոր հարթակներ եւ գործիքներ, որ մեր առջեւ բացում են զարգացման նոր հորիզոններ։
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ։ Մեր ազգային իղձերի իրականացումը մեր ձեռքերում է։ Այն պահանջում է ժամանակ եւ աշխատանք։ Մաղթում եմ բոլորիս խաղաղ երկինք եւ նոր հաջողություններ՝ ի փառս մեր երկրի եւ ժողովրդի։
Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Մովսես Գորգիսյանն ասում էր. «Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու»՝ նկատի ունենալով ազատ, անկախ Հայաստանը։ Մենք ասում ենք. «Կեցցե՛ այն Հայաստանը, որ եկել է», բայց անմիջապես երկրորդում ենք. «Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու»՝ նկատի ունենալով ավելի բարեկեցիկ եւ ավելի ապահով Հայաստան։
Կեցցե՛ հայ ժողովուրդը։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

 

 
Դիտումներ: 301 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024