Հայաստանի ազգային դրամի պատմության ներկայացումը ՀՀ կենտրոնական բանկի համար դարձել է պարբերական գործընթաց։ Յուրաքանչյուր տարի ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ են կազմակերպվում տարբեր մարզերում։ Այս տարի ցուցահանդեսը կազմակերպվեց Արմավիրի մարզկենտրոնում։ Երեկ հերթական անգամ ԿԲ—ի նախաձեռնությամբ մեկնարկեց «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը, ֆինանսներ բոլորի համար» միջոցառումը, որը նպատակ ունի ներկայացնելու երկրի գլխավոր դրամատան գործունեությունն ու դրամի պատմությունը նաեւ մարզաբնակներին։ Միջոցառման հիմքում շեշտադրված են մարզային այցելությունները, քանի որ, ինչպես նշում են ԿԲ—ի աշխատակիցները, մայրաքաղաքի դպրոցականները կարողանում են ԿԲ—ի գործունեությանը ծանոթանալ հենց տեղում՝ իրենց պարբերական այցերի եւ էքսկուրսիաների միջոցով, ուստի այս միջոցառման նպատակը նմանատիպ հնարավորությունների ընձեռումն է նաեւ մարզերի աշակերտների եւ բնակիչների համար։
Ցուցահանդեսին ներկայացված էին հանրապետության տարածքում տարբեր ժամանակաշրջաններում հայտնաբերված դրամանիշներ, ԽՍՀՄ ժամանակաշրջանում թողարկված թղթադրամներ եւ ԿԲ—ի կողմից թողարկված թղթադրամների, մետաղադրամների ու հուշադրամների ամբողջ հավաքածուն։
ՀՀ ԿԲ—ի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը ցուցահանդեսի բացմանը նշեց, որ միջոցառման նպատակը ՀՀ քաղաքացիների, ուսանողների եւ աշակերտների շրջանում տեղեկատվության տարածումն է կենտրոնական բանկի գործունեության եւ ազգային արժույթի վերաբերյալ։ Նրա խոսքով, այս ժամանակակից դարաշրջանում առանց ֆինանսական գիտելիքների հնարավոր չէ արդյունավետ կազմակերպել առհասարակ կյանքը, աշխատանքն ու բիզնեսը։ «Ֆինանսական ծառայությունների ոլորտը գնալով զարգանում եւ նոր պահանջներ է թելադրում՝ հասկանալու եւ տիրապետելու հիմնական ֆինանսական գործիքները։ Հուսով ենք, որ ցուցահանդեսը կլինի օգտակար եւ հետաքրքիր բոլորի համար»,–նշեց Օլեգ Աղասյանը։
Իսկ հայկական դրամի պատմությունը գալիս է դեռեւս Ծոփքի թագավորության ժամանակներից։ ԿԲ—ի դրամագետ Գեւորգ Մուղալյանը, կատարելով պատմական ակնարկ, նշեց, որ առաջին հայկական փողը, որ պահպանվել է մինչեւ մեր օրերը, մ. թ. ա. 3—րդ դարի մետաղադրամ է։ Հին Հայաստանում բացի համապետական դրամից, եղել են նաեւ քաղաքային դրամներ, օրինակ, Արտաշատ քաղաքն ուներ իր սեփական դրամը, որը համապետականին հավասար գործածվում էր այդ քաղաքում։ Ազգային դրամների պատմությունը վերսկսվում է 1918 թ. եւ նոր թափ ստանում երրորդ հանրապետության ժամանակ՝ 1993 թվականից։ Օրինակ՝ Կիլիկյան Հայաստանի մետաղադրամները 300 տարի շարունակ հիմնականում թողարկվել են հայատառ, սակայն եզակի նմուշներ եղել են, օրինակ, Լեւոն 1—ին թագավորի ժամանակ, որոնք լատինատառ են արտադրվել։
Մարզի ղեկավարներն աջակցելու են, որպեսզի առաջիկա օրերին բոլոր դպրոցականները կարողանան ցուցահանդես այցելել եւ ծանոթանալ ներկայացված թղթադրամների ու մետաղադրամների հետ, լսել ազգային դրամի պատմությունն ու գիտելիքներ ստանալ ԿԲ—ի գործունեության վերաբերյալ։
Նշենք, որ միջոցառումը կտեւի մինչեւ մայիսի 18—ը։ Առաջիկա օրերին ԿԲ—ի աշխատակիցները այցելուների համար կկարդան դասախոսություններ, կներկայացնեն ֆինանսական համակարգի հիմնական խնդիրներին եւ համակարգի կայունությանն առնչվող թեմաներ։ ԿԲ ներկայացուցիչները վստահ են, որ միջոցառումը լավագույն առիթ է բնակչությանը ծանոթացնելու նաեւ «Ավանդների երաշխավորման հիմնադրամի» գործունեության եւ սպառողների շահերի պաշտպանության ոլորտում ԿԲ—ի կողմից իրականացված բարեփոխումների, ֆինանսական հաշտարարի ինստիտուտի եւ ԿԲ—ի այլ նախաձեռնությունների հետ։
Հավելենք, որ ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ կազմակերպվել են արդեն Վանաձորում, Ստեփանակերտում, Իջեւանում, Եղեգնաձորում, Աշտարակում, Արտաշատում եւ Հրազդանում։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
|