Երեկ կառավարության ընդունելության տանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւն ու ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը քննարկել են Հայաստանում հայ—ռուսական համատեղ պահուստների տարածաշրջանային ենթակառուցվածք («ԱրմՌոսգոսռեզերվ») ստեղծելու աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր, հայտնում են ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից։ «ԱրմՌոսգոսռեզերվը» կունենա տարածաշրջանային նշանակություն նաեւ ՀԱՊԿ—ի շրջանակներում։ Այն կարեւոր նշանակություն կունենա Հայաստանի պետական պահուստների համակարգի զարգացման տեսանկյունից։ Հայ—ռուսական պետական ռեզերվների գործակալության ստեղծումը պայմանավորված է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմարդյունաբերության համագործակցության մակարդակի ու արդյունավետության բարձրացմամբ, ինչն ամրագրված է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման մասին պայմանագրով։ Ենթակառուցվածքի ստեղծման ընթացիկ աշխատանքների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել նաեւ ռուսական պատվիրակության կազմում Հայաստան ժամանած ՌԴ պետական ռեզերվների դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Պյոտր Եֆանովի եւ «Պետական ռեզերվների գործակալություն» ՊՈԱԿ—ի պետ Սերգեյ Շահինյանի միջեւ։ Քննարկումից հետո Պյոտր Եֆանովը եւ Սերգեյ Շահինյանը այցելել են ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն, շրջայց են կատարել կենտրոնում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին։ Նիկոլայ Պատրուշեւն ու Արթուր Բաղդասարյանը անդրադարձել են Հայաստանում հայ—ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման աշխատանքներին առնչվող հարցերի։ Կողմերը քննարկել են աղետների եւ արտակարգ իրավիճակների կանխարգելման առումով տարածաշրջանային կարեւոր նշանակություն ունեցող այդ ծրագրի կատարման ընթացքը 2012թ. հոկտեմբերի 15—ին Արթուր Բաղդասարյանի՝ Մոսկվա կատարած պաշտոնական այցի ժամանակ Ռուսաստանի հետ համագործակցության խորացման շրջանակներում ստորագրվել էր փաստաթուղթ, համաձայն որի՝ Հայաստանում կստեղծվի հայ—ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն արտակարգ իրավիճակների ոլորտում, որը կգործի ինչպես հայ—ռուսական երկկողմ, այնպես էլ Հայաստան—ՀԱՊԿ համագործակցության ձեւաչափում։ Կենտրոնը ստեղծվելու է ՀՀ Կոտայքի մարզի Գետարգել համայնքի տարածքում։ Նպատակն է ստեղծել մշտական գործող հայ—ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն Հայաստանի, Ռուսաստանի եւ այլ երկրների տարածքներում ԱԻ արձագանքման համար։ Սա խոշորագույն տարածաշրջանային ենթակառուցվածք է, որը հնարավորություն կտա Հայաստան ներկրել ոչ միայն նորագույն սարքավորումներ եւ տեխնիկա, այլեւ ունենալ հզոր ենթակառուցվածք, որի կարողությունները կօգտագործվեն արտակարգ իրավիճակներին համատեղ դիմակայելու նպատակով։ Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Պատրուշեւը գոհունակությամբ արձանագրել են, որ այս ծրագիրն արդեն ավարտական փուլում է։ Կենտրոնի բացման ընթացիկ աշխատանքների քննարկում է տեղի ունեցել նաեւ ռուսական պատվիրակության կազմում Հայաստան ժամանած ՌԴ ԱԻՆ միջազգային համագործակցության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Վիկտոր Գալիցինի եւ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ Ազարյանի հանդիպման ընթացքում։ Հայ—ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի բացումը նախատեսվում է 2013 թվականի նոյեմբեր ամսին։ Արթուր Բաղդասարյանի եւ Նիկոլայ Պատրուշեւի առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհուրդների միջեւ ստորագրված համագործակցության ծրագրում ներառված հարցերի լայն շրջանակ։ Առանձնակի անդրադարձ է կատարվել երկու երկրների միջեւ ռազմական, ռազմատեխնիկական, անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքին, սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանը, արտակարգ իրավիճակների ոլորտում հայ—ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման, պետական ռեզերվի հայ—ռուսական համատեղ ենթակառուցվածքի, Գառնու դիտարանի վերագործարկման եւ վերազինման եւ այլ հարցերի։ Այնուհետեւ Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Պատրուշեւը մեկնել են Գյումրու 102—րդ ռուսական բազա, որտեղ հանդիպել են Գյումրու սահմանապահ զորքերի հրամանատարության եւ 102—րդ ռուսական ռազմական բազայի ղեկավարության հետ։ Քննարկվել է այս ենթակառուցվածքների հետագա կատարելագործմանը եւ զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Գյումրիում նաեւ հայ—ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիրում ծաղկեպսակ են դրել 1855 թվականի ռուս—թուրքական պատերազմի ժամանակ զոհված ռուս զինվորականների հիշատակի հուշարձանին։ Գյումրուց Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Պատրուշեւը ուղեւորվել են Բյուրականի աստղադիտարան, շրջայց կատարել աստղադիտարանում, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին եւ առկա խնդիրներին։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի եւ ՀՀ ազգային անվտանգության խորհուրդների համագործակցության ծրագրի շրջանակներում իրականացվող Բյուրականի աստղադիտարանի համալիր արդիականացման ծրագրով նախատեսվում է վերաշահագործման հանձնել աստղադիտարանի ձեւափոխված առաջատար երկու դիտակը, որոնք կրկին տարբեր չափանիշներով կդառնան լավագույններն աշխարհում։ Դրանց կավելացվեն նաեւ «Պրոեկտ—տեխնիկաի» պատրաստած 5 նոր, տարբեր տրամագծեր ունեցող դիտակներ՝ իրենց ժամանակակից ղեկավարման կենտրոնով։ Դրա շնորհիվ Բյուրականի աստղադիտարանը առաջիկայում կգործի իր ողջ ծավալով եւ կարեւոր տեղ կզբաղեցնի երկրագնդի համար վտանգ հանդիսացող տիեզերական աղբի, գիսաստղերի եւ երկնաքարերի տեղաշարժերի միջազգային դիտարկման համակարգում։ Նիկոլայ Պատրուշեւն ու Արթուր Բաղդասարյանը քննարկվել են Ասիայում եւ Արեւելյան Եվրոպայում եզակի գիտահետազոտական կենտրոն հանդիսացող Գառնու դիտարանի վերագործարկման եւ վերազինման հնարավորությունները։ Ըստ այդմ, ռուսական պատվիրակության կազմում Հայաստան ժամանած Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության տնօրեն Ալեքսեյ Մալովիչկոն եւ ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանն այցելել են Գառնու երկրաֆիզիկական դիտարան։ Այցի հիմնական նպատակն էր տեղում ուսումնասիրել եւ գնահատել դիտարանի ներկա վիճակը, ինչպես նաեւ քննարկել դրա վերականգնման հնարավոր տարբերակները։ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետի եւ դիտարանի տնօրենի ուղեկցությամբ Ալեքսեյ Մալովիչկոն շրջեց թունելախորշում, ծանոթացավ այնտեղ տեղադրված սարքավորումներին եւ շենքի ընդհանուր վիճակին։ Վերջերս ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալությանը հաջողվել է գտնել դիտարանում եզակի չափումներ իրականացնող սարքերը նախագծող ու տեղադրող մասնագետներին, որոնք ներկայումս աշխատում են Մոսկվայում գտնվող ՌԴ ԳԱԱ երկրաֆիզիկայի ինստիտուտում Մոսկովյան ինստիտուտը պատրաստակամություն է հայտնել աջակցելու նշված սարքերի վերագործարկման աշխատանքներին։ Այցելելով դիտարան եւ տեղում ճշտելով թունելախորշում տեղադրված սարքերից երեքի՝ դեֆորմոգրաֆի, թեքաչափի եւ լազերային ինտերֆերոմետրի ներկա վիճակը՝ ՍՊԾ մասնագետները կազմել են մանրամասն եզրակացություն, որն ուղարկվել է մոսկովյան ինստիտուտ՝ սարքերի վերագործարկման տարբերակները քննարկելու համար։ Դրանից հետո մշակվել է Գառնու երկրաֆիզիկական դիտարանի (ԳԵԴ) վերագործարկման եւ վերազինման ծրագիր։ Դիտարանի վերագործարկումը հնարավորություն կտա նոր եւ ավելի հուսալի դիտարկումների հիման վրա գնահատել ՀՀ տարածքի երկրակեղեւի լարվածադեֆորմացիոն վիճակը, ուսումնասիրել երկրաշարժերի առաջացման մեխանիզմները, անջատել երկրաշարժերի նախանշաններ, գնահատել ընթացիկ սեյսմիկ վտանգը եւ, որպես հեռահար կարեւորագույն գիտական եւ սոցիալական խնդիր, կանխատեսել ուժեղ երկրաշարժերը։ Կայանը գրանցում է աշխարհում տեղի ունեցող բոլոր միջին ուժի եւ ուժեղ երկրաշարժերը։ Վերազինելուց եւ վերագործարկելուց հետո դիտարանը կդառնա միջազգային նշանակության սեյսմիկ կենտրոն, որից ստացվող ամբողջ տեղեկատվությունը կփոխանցվի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն։ Դիտարանում տեղադրված է 375 մ երկարությամբ բացառիկ դեֆորմոգրաֆ։ Եվ Հայտնի է, որ ինչքան երկար է դեֆորմոգրաֆը, այնքան ճշգրիտ տվյալներ են գրանցվում երկրակեղեւի շարժի վերաբերյալ։
|