Տարածաշրջանում իրողություններն ամեն օր փոփոխվում են։
Փոփոխվում են նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների մոտեցումները։ «Բանակցություններում միջնորդ գերտերությունները, կարծես թե, այնքան էլ շահագրգռված չեն խնդրի վերջնական կարգավորմամբ։ Այնպիսի տպավորություն եմ ստանում, որ Ղարաբաղը չեն ուզում հանձնել Ադրբեջանին, բայց չեն էլ ուզում անկախ պետության կարգավիճակ տալ Ղարաբաղին»,–երեկ ասել է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ Նա խոսել է ադրբեջանական մամուլին տված Վլադիմիր Պուտինի վերջին հարցազրույցի մասին՝ ընդգծելով, որ վերջինս խոսում է փոխզիջումային տարբերակի մասին։ «Պուտինը, կարծես թե, հետդարձ է կատարում Հելսինկյան եզրափակիչ ակտին, որը 25 տարվա ընթացքում ոչ մի արդյունք չտվեց։ Խնդիրը կարծես թե մտած է փակուղի. մտածող մարդիկ գալիս են այն եզրակացության, որ խոսք լինել չի կարող տարածքների հանձնման մասին, դա նշանակում է բնաջնջման շեմին կանգնել, դա բոլորին է հայտնի»,–նշել է Նավասարդյանը։ Վերջինիս պնդմամբ, ազատագրված յոթ շրջանները հետ տալը չի կարող լուծում համարվել, իսկ փոխզիջման դեպքում էլ պետք է դրվի Շահումյան, Գետաշեն, Մարտակերտ տարածքների հարցը, որոնք ղարաբաղյան հողեր են։
«Փոխանակելու մասին կարելի է մտածել, բայց օրինակ՝ Քելբաջար, Լաչին, Աղդամ շրջանները փոխանակելը բացառվում է, որովհետեւ այդ կերպ պաշտպանական գիծն ենք հանձնում, ընդհանրապես չեմ հասկանում տրամաբանությունը հող հանձնելու,–ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։–Հիմա այն պահն է, երբ Հայաստանը պետք է փոխի գործընթացի վեկտորը։ Անպայման պետք է բացատրենք, թե ինչու ենք պնդում, որ չի կարող ԼՂՀ—ն գոյատեւել Ադրբեջանի կազմում այն կարգավիճակով, որ իրեն առաջարկում են»։
Տարածք հանձնելը, Նավասարդյանի եւ Սարգսյանի կարծիքով, նշանակում է Արցախի բնակչությանը ֆիզիկական բնաջնջման վտանգի տակ դնել։
Նավասարդյանը կարեւոր բացթողում է համարում այն, որ ԼՂ հարցով բանակցություններն առանց ԼՂ ներկայացուցչի են։
Սարգսյանը զարմանք է հայտնել Ղարաբաղի ղեկավարության պահվածքի առթիվ։ «Որովհետեւ այս պահին անհրաժեշտ էր իրենց միջամտությունը, եթե հարցը չտեղափոխվի իրավական դաշտ, որտեղ անհամեմատ ավելի ուժեղ դիրքեր ունենք, ուրեմն իսկապես տանուլ ենք տալիս քաղաքական հարթության մեջ։ Ժամանակն է, որ Բակո Սահակյանն ու ԼՂՀ խորհրդարանը խոսեն»,–նկատել է նա։
«Ինչպիսին էլ լինի Սարգսյան—Պուտին հանդիպումը, միեւնույն է որեւէ զիջում անելն անհնարին է»,–հավելել է Արման Նավասարդյանը։
«Այս հանդիպումից առաջ պետք է հաշվի առնել օգոստոսի 10—ին նախորդող հանդիպումները։ Ադրբեջանում հանդիպում է տեղի ունեցել Իրանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ, խոսվում է, որ առաջիկայում տեղի կունենա նաեւ ՌԴ նախագահի հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ։ Ելնելով այս ամենից՝ Անդրկովկաս կոչվածում Ռուսաստանը փորձում է հարաբերություններն ապահովագրել, իսկ պայմանավորվածությունների մասին մասամբ կհայտնեն նաեւ Հայաստանին՝ որպես ռազմավարական դաշնակցի։ Հանդիպման ընթացքում Արցախին եւս անդրադարձ կլինի, սակայն ԼՂՀ հարցով որոշումներ չեն կայացվի»,–ասել է նա։
«Իմ տեղեկություններով՝ այս հանդիպումը կազմակերպվել է հայկական կողմի առաջարկությամբ, եւ որի ընթացքում, ըստ իս, Հայաստանը Ռուսաստանին պաշտոնապես կտեղեկացնի բանակցային դիրքորոշման փոփոխության մասին։ Ռուսական կողմին կներկայացվի հայկական կողմի առավել խստացված, պահանջատիրական դարձած դիրքորոշումը։ Իհարկե, մամուլի առջեւ կխոսվեն ինտեգրացիոն, ԵԱՏՄ, ՀԱՊԿ—ին վերաբերող խնդիրների մասին, սակայն հիմնական հարցը Ռուսաստանին Հայաստանի որոշումները ներկայացնելն է, ինչից հետո Ռուսաստանն իր հետեւությունները կանի։ Հայաստանն էլ, կապված Ռուսաստանի արձագանքի հետ, կփորձի հասկանալ հետագա քայլերի ընթացքը»,–ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք—Շահնազարյանը։
Նրա խոսքով՝ օգոստոս եւ սեպտեմբեր ամիսները հնարավոր է՝ լինեն լարված. «Ադրբեջանը պահանջում է ոչ թե որոշ տարածքներ, այլ ամբողջ Ղարաբաղը եւ դա անում է բոլոր միջազգային հարթակներում։ Նա բանակցությունների որեւէ հնարավորություն չի թողնում։ Մյուս կողմից էլ Հայաստանն ասում է, որ տարածքային զիջումների նախկին պատրաստակամությամբ այլեւս հանդես չի գալու, եւ, ըստ էության, բանակցային գործընթաց չկա։ Դրա այլընտրանքը լարվածության մեծացումն է»։
Մելիք—Շահնազարյանը կարծում է, որ Ադրբեջանն այսօր պատերազմը վերսկսելու ավելի լուրջ եւ կարեւոր պատճառներ ունի, քան ապրիլից առաջ. «Ինչո՞ւ։ Որովհետեւ ապրիլյան պատերազմում Ադրբեջանը կորցրեց բանակցային գործընթացում մի քանի կարեւոր թեզեր շահարկելու հնարավորությունը. առաջինն այն էր, որ պատերազմ չվերսկսելը նա ներկայացնում էր որպես փոխզիջում։ Նա չլուծեց իր առջեւ դրված խնդիրը, հետեւաբար չի կարող այլեւս պատերազմ չվերսկսելու սպառնալիքը օգտագործել որպես քաղաքական գործոն հարցն իր օգտին լուծելու համար։ Լուրջ խնդիրներ առաջացան նաեւ հասարակության ներսում, քանի որ նրա վարչակազմն առաջ էր տանում այն թեզը, որ երկրի միայն ռազմական բյուջեն ամբողջ Հայաստանի բյուջեին է հավասար, որ Հայաստանում բանակ չկա, սակայն նրանք չկարողացան իրենց ասած մեկ շաբաթում հարցը լուծել։ Եվ երրորդ. Ադրբեջանը դարձավ տարածաշրջանային անվտանգության համար լուրջ սպառնալիք»։
Նրա կանխատեսմամբ՝ Ալիեւը հետագայում փորձելու է շտկել ապրիլյան սխալները եւ ապացուցել նախկինում արված իր հայտարարությունների կենսունակությունը։
«Կարծում եմ՝ ամեն ինչ կախված է լինելու Ադրբեջանի իշխանությունների որոշումներից, այսինքն՝ կգնան նրանք պատերազմի վերսկսման, թե ոչ, եւ այստեղ առկա է երկու գործոն՝ արտաքին աջակցությունը այս դեպքում Թուրքիայի կողմից։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիայի հետ հարաբերություններում Ադրբեջանում նոր զարգացումներ կան, Թուրքիան ռազմաբազա է տեղակայում Ադրբեջանում, եւ իմ տպավորությամբ, չնայած ներքին եւ արտաքին մի շարք մարտահրավերների, Թուրքիան, միեւնույն է, աջակցելու է Ադրբեջանին։ Հաջորդ գործոնը Ռուսաստանի դերակատարությունն է, թե ինչպես այն կփորձի իրեն պահել այդ դեպքում։ Ադրբեջանն այժմ ամեն ինչ անում է, որպեսզի չեզոքացնի Ռուսաստանի հակազդեցությունը»,–ասել է քաղաքագետը։
Հրանտ Մելիք—Շահնազարյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է օգտագործի առաջիկա մեկ—երկու ամիսները ներքին տարաձայնությունները հարթելու համար, հակառակ դեպքում հասարակությունը պատրաստ չի լինելու նոր պատերազմի։
Անդրադառնալով Բաքվում Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, նա ասել է, որ թեեւ, հիմնականում, բարձրաձայնվող խնդիրները կոմունիկացիոն եւ տրանսպորտի ոլորտում համագործակցությանն են վերաբերում, սակայն Բաքվում ձեւավորվում է նոր ձեւաչափ՝ Ռուսաստան—Իրան—Ադրբեջան մասնակցությամբ։
Հիմնական մտահոգությունն, ըստ նրա, այն է, որ Բաքվում այդ ձեւաչափում քննարկվելու են նաեւ արցախյան հակամարտությանը վերաբերող խնդիրներ։
«Միջազգային հանրությունից պահանջում էին աջակցել Ադրբեջանի այսպես կոչված՝ տարածքային ամբողջականությանը։ Նույն խնդիրները փորձելու են դնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ»,– ասել է քաղաքագետը։
Քաղաքագետի կարծիքով՝ ինչպես Իրանի նախագահ Հասան Ռոուհանի հետ ունեցած հանդիպման ընթացքում, այնպես էլ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կվարի նույն քարոզչական քաղաքականությունը։
«Նա հանդես կգա նույն թեզերով, որոնք տարիներ շարունակ բարձրաձայնվել են պաշտոնական Բաքվի կողմից, այն է՝ Ալիեւի մաքսիմալիստական պահանջատիրությունը թե՛ հայկական կողմի, թե՛ միջազգային հանրության հանդեպ՝ շահարկելով տարածքային ամբողջականության հարցը»,–նշել է Հրանտ Մելիք—Շահնազարյանը։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|