ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդունել է Էկվադորի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի առաջին տեղակալ Ռոսանա Ալվարադոյին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներ, Էկվադորի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիա Աուգուստա Կալյե Անդրադեին, Ֆրանսիսկո Վելասկո Անդրադեին, Խուան Էդուարդո Մենեսես Դելգադոյին եւ Մեհմետ Դոգանին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Էդուարդ Շարմազանովը ցավակցություն է հայտնել պատվիրակության անդամներին Էկվադորի ժողովրդին պատուհասած երկրաշարժի կապակցությամբ եւ խնդրել իր եւ ՀՀ ԱԺ–ի զորակցությունը հայտնել Էկվադորի ժողովրդին։
Ողջունելով հյուրերի առաջին այցը Հայաստան՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է Հայաստանի եւ Էկվադորի միջեւ կապերի ամրապնդումն ու տարբեր ոլորտներում համագործակցության խթանումը, այդ համատեքստում առանձնապես կարեւորել միջխորհրդարանական հարաբերությունների սերտացումը։ Երկուստեք անհրաժեշտ է համարվել երկու խորհրդարաններում ձեւավորել պատգամավորական բարեկամական խմբեր։ Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանն արդյունավետ համագործակցում է Լատինական Ամերիկայի մի շարք երկրների հետ եւ հույս է հայտնել, որ տիկին Ալվարադոյի ղեկավարած պատվիրակության այցը նպաստավոր կլինի նաեւ հայ–էկվադորական համագործակցության ընդլայնման համար։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երախտագիտություն է հայտնել հյուրերին՝ նախապես Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու համար։ Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացին՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է ցեղասպանությունների միջազգային դատապարտումը, ինչը, նրա գնահատմամբ՝ կարեւոր նախապայման է նման ծանրագույն ոճրագործությունների կրկնության կանխարգելման համար։
ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցերին եւ այս համատեքստում խոսել ապրիլի սկզբին ղարաբաղա–ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական իրադարձություններից՝ ներկայացնելով ադրբեջանական զինուժի կողմից հայ զինվորականների եւ խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված վայրագություններն ու խոշտանգումները, որոնք հիշեցնում են մարդկության համար այսօր չարիք դարձած ԴԱԻՇ–ի կամ ժամանակին՝ օսմանյան Թուրքիայի ձեռագիրը։ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Ադրբեջանին իր գործողություններում ակնհայտ աջակցություն է ցուցաբերել Թուրքիան, որը ոչ միայն հերքում է ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը եւ չի ցանկանում առերեսվել իր պատմության հետ, այլեւ այսօր էլ շրջափակման մեջ է պահում Հայաստանը։ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը խնդրի լուծումը տեսնում են բացառապես խաղաղ ճանապարհով, ի տարբերություն Ադրբեջանի, որը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հռետորաբանությամբ։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այս համատեքստում դրվատանքով է խոսել Չիլիի խորհրդարանի մասին, որն օրեր առաջ դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի նկատմամբ։ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ Էկվադորի խորհրդարանը նույնպես խնդրի վերաբերյալ կարտահայտի իր վերաբերմունքն ու հստակ գնահատականը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պատվիրակության ղեկավար Ռոսանա Ալվարադոն իր եւ պատվիրակության անունից նշել է, որ խիստ տպավորված են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցից, եւ որեւէ մեկը չի կարող անտարբեր մնալ տեսածի նկատմամբ։ Ռոսանա Ալվարադոն կարեւորել է ցեղասպանությունների դատապարտումն ու անընդունելի համարել հատկապես ժխտողական քաղաքականությունը։ Տիկին Ալվարադոն, ինչպես նաեւ Էկվադորի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիա Աուգուստա Կալյե Անդրադեն իրենց խոսքում կարեւորել են ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը՝ այն համարելով կարեւորագույն սկզբունք նաեւ Էկվադորի համար։ Նա տեղեկացրել է, որ իրենք, որպես խորհրդարանականներ, կարտահայտեն իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։
Աշխարհի բոլոր երկրները եւ միջազգային կառույցները պետք է հարգեն ինքնորոշման իրավունքի իրացումը, հարգեն այն ժողովուրդներին, որոնք պայքարում են ինքնորոշման իրավունքի իրացման համար։ Ազգային ժողովում Էկվադորի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Մեր տարածաշրջանում այդպիսին է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։ Ես շնորհակալ եմ այն ընկալման համար, որ դուք կարեւորում եք ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետեւ, երբ ՄԱԿ—ը ստեղծվեց, 56 կամ 57 երկիր էին անդամակցում, իսկ այսօր՝ 150—ից ավելի, իսկ ՄԱԿ—ի սկզբունքներից մեկն էլ հենց ազգերի ինքնորոշման իրավունքն է»,–դիմելով էկվադորցի գործընկերներին՝ ասել է Շարմազանովը։
Նա շնորհակալություն է հայտնել էկվադորցի գործընկերներին այն դիրքորոշման համար, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հաղթարշավը պետք է շարունակվի. «Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում մենք ականատես կլինենք նոր ինքնորոշված սուբյեկտի՝ ի դեմս ազատ ու անկախ Արցախի»։
Հանդիպումից հետո Էդուարդ Շարմազանովը եւ Ռոսանա Ալվարադոն լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարությամբ։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Լատինական Ամերիկայի երկրների, այդ թվում՝ Էկվադորի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումը, եւ հավելել, որ տիկին Ալվարադոյի գլխավորած պատվիրակության այցը նոր խթան կհանդիսանա այդ կապերի խորացման հարցում։
Պարոն Շարմազանովը տեղեկացրել է, որ իր առաջարկով պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբեր նախաձեռնելու վերաբերյալ։ ԱԺ փոխնախագահի համոզմամբ՝ դա լավ հիմք կլինի երկկողմ խորհրդարանական կապերի ամրապնդման համար։
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ քննարկվել է նաեւ ցեղասպանությունների միջազգային դատապարտման խնդիրը։ Պարոն Շարմազանովը երախտիքի խոսք է հայտնել տիկին Ալվարադոյին Հայոց ցեղասպանության դատապարտման անհրաժեշտության հարցում ցուցաբերած քաղաքացիական եւ քաղաքական դիրքորոշման համար։
«Մենք կարծում ենք, որ ցեղասպանությունների միջազգային դատապարտումը կարեւոր է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ անցյալի ցեղասպանությունները դատապարտվեն՝ չկրկնվելու պայմանով, որովհետեւ լռությունը եւ ժխտողականությունը դուռ են բացում նոր ցեղասպանությունների համար, իսկ դատապարտումը փակում է դռները»,–ասել է պարոն Շարմազանովը։
Նա հույս է հայտնել, որ էկվադորցի գործընկերների կողմից կնախաձեռնվի մի գործընթաց, ինչի արդյունքում Էկվադորը կհամալրի այն երկրների շարքը, որոնք կդատապարտեն Հայոց ցեղասպանությունը եւ, առհասարակ, օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանությունները։
Նշվել է, որ անթույլատրելի է համարվել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը՝ վերահաստատելով, որ դա որեւէ կապ չի կարող ունենալ ժողովրդավարական 21–րդ դարի հետ։
«Մենք դատապարտել ենք Թուրքիայի միակողմանի սատարումը Ադրբեջանի ագրեսիային Լեռնային Ղարաբաղում՝ եւս մեկ անգամ անթույլատրելի եւ դատապարտելի համարելով Ադրբեջանի իշխանությունների եւ ադրբեջանական զինուժի ահաբեկչությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ՝ նշելով, որ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չի կարող ունենալ»,–նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը։
Պարոն Շարմազանովը նշել է, որ էկվադորցի իր գործընկերներին է փոխանցել հայ զինվորականների եւ խաղաղ բնակչության նկատմամբ ապրիլի սկզբին ադրբեջանական զինուժի իրագործած վայրագություններն ու խոշտանգումները փաստող նյութեր։
Ավարտելով խոսքը՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ թեեւ Հայաստանն ու Էկվադորը տարածությամբ հեռու են, բայց երկու երկրներն էլ նույն արժեհամակարգի կրողներն են, որի հիմքը քրիստոնեական, համամարդկային եւ ժողովրդավարական արժեքներն են։
Ռոսանա Ալվարադոն իր խոսքում նշել է, որ երկու երկրները թեպետ հեռու են աշխարհագրորեն, բայց պաշտպանում են նույն սկզբունքները՝ մարդու իրավունքները։ Նա հավելել է, որ Էկվադորի Սահմանադրությունը թույլ է տալիս ճանաչել եւ պաշտպանել ժողովուրդների ինքնիշխանության եւ ինքնորոշման իրավունքները, դատապարտել նեոկոլոնիալիզմի բոլոր դրսեւորումները եւ ցեղասպանությունները։
«Մենք չենք կարող մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել՝ հայ ժողովրդի տանջանքները, եւ մենք պետք է ձեզ հետ կիսենք այդ ցավը, քանի որ դա մարդու իրավունքներին է առնչվում»,–ասել է Էկվադորի խորհրդարանի փոխնախագահը։
Նա եւս կարեւորել է երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբեր ստեղծելու նախաձեռնությունը՝ նշելով, որ դա հնարավորություն կստեղծի Էկվադորում զգալ Հայաստանի եւ հայ ժողովրդի շունչը, իսկ Հայաստանում՝ Էկվադորի եւ էկվադորցիների։
Էկվադորի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիա Աուգուստա Կալյե Անդրադեն եւս անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը՝ ընդգծելով, որ անհեթեթություն է, որ մեր օրերում եւս ցեղասպանություններ եւ ջարդեր են տեղի ունենում։ Նա կարծիք է հայտնել, որ խաղաղությունը պետք է կառուցված լինի բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հարգելու հիման վրա։
***
Երեկ Էկվադորի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի առաջին տեղակալ Ռոսանա Ալվարադոյի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։
Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին եւ մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն սուրբ նահատակների հիշատակը։
Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտում եւ ծանոթացել ցուցանմուշներին։ Ռոսանա Ալվարադոն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում։
|