ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 04:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 12 » Չկան անլուծելի եւ լուծելի խնդիրներ, կան դժվար եւ աշխատանքով լուծվող խնդիրներ
13:43
Չկան անլուծելի եւ լուծելի խնդիրներ, կան դժվար եւ աշխատանքով լուծվող խնդիրներ

ՀՀ նախագահը նորընտիր քաղաքապետին հորդորեց շարունակել վայելել երեւանցիների վստահությունը
Երեւանի քաղաքապետերի թիվը չփոխվեց, բայց երդմնակալության արարողությունների թիվը մեկով ավելացավ։ Երեկ մայրաքաղաքի վերընտրված 54—րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը երկրորդ անգամ երդվեց։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ։
Հանրապետության նախագահը շնորհավորեց Տարոն Մարգարյանին, Երեւանի ավագանու բոլոր անդամներին, քաղաքապետարանի աշխատակազմին՝ ավագանու եւ քաղաքապետի ընտրությունների բարեհաջող ավարտի եւ նոր պատասխանատվություն ստանձնելու կապակցությամբ, համոզվածություն հայտնեց, որ այդ պատասխանատու աշխատանքը նրանք կատարելու են պատվով։
Ընդգծելով, որ հանրապետական կուսակցությունը վստահել է Տարոն Մարգարյանին՝ Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորելու իր ցուցակը, նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր երեւանցիներին Տարոն Մարգարյանին նույնպիսի վստահությամբ վերաբերվելու համար։ Նորընտիր քաղաքապետին երեւանցիները վստահեցին, քանի որ, ըստ հանրապետության նախագահի, նախորդ երկու տարիների ընթացքում Տարոն Մարգարյանն իրեն դրսեւորեց որպես համեստ, ազնիվ, մարդամոտ եւ Երեւանի պրոբլեմներով մտահոգ քաղաքապետ։
«Բոլոր ընտրություններից հետո առնվազն գալիս են պատասխանատվության եւ տքնաջան աշխատանքի պահերը, եւ ես համոզված եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի Տարոն Մարգարյանը եւ իր թիմակիցներն ավելացնեն իրենց եռանդը, ջանքերը, որպեսզի զարգացնեն այն որակները, ինչի մասին ես հիմա ասացի»,–ասաց նախագահ Սերժ Սարգսյանը։
Անդրադառնալով մայրաքաղաքի խնդիրներին՝ Սերժ Սարգսյանը նշեց, որ չկան անլուծելի եւ լուծելի խնդիրներ, կան դժվար եւ աշխատանքով լուծվող խնդիրներ։ Նախագահը համոզվածություն հայտնեց, որ եթե Տարոն Մարգարյանը, իր թիմակիցները, Երեւանի ավագանին շարունակեն վայելել երեւանցիների վստահությունը, ապա նրանք շատ բան կարող են անել. քաղաքացիների վստահությամբ, իրոք, շատ խնդիրներ կարելի է լուծել։ Իբրեւ օրինակ, հանրապետության նախագահը ներկայացրեց քաղաքապետի եւ ավագանու տքնաջան աշխատանքի շնորհիվ ու երեւանցիների օգնությամբ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարյուրավոր բակեր իրենց օրինական տերերին՝ բնակիչներին եւ առաջին հերթին երեխաներին վերադարձնելը՝ այդպիսով վերստին շահելով երեւանցիների վստահությունը։ 90—ական թվականների սկզբներին, Սերժ Սարգսյանի խոսքով, այդ բակերում տեղադրված բազմաթիվ ավտոտնակները, բանջարանոցների վերածված կամ այլ նպատակներով օգտագործվող խաղահրապարակներն իրենց բուն նշանակությանը վերադարձնելու հարցում երեւանցիները թերահավատ էին՝ մտածելով, որ եթե հանեն իրենց ավտոտնակը, ապա դրա փոխարեն մի պետական պաշտոնյա կամ մի մեծահարուստ իր ավտոտնակը պետք է այդտեղ տեղադրի։ Վերջին տարիներին իրականացված աշխատանքները նկատի առնելով՝ նախագահ Սերժ Սարգսյանը համոզվածություն հայտնեց՝ ապագա չորս տարիների ընթացքում Երեւանում չի լինելու անբարեկարգ բակ, որովհետեւ գործընթացը շարունակվում է. գնալով Երեւանի քաղաքապետարանն ավելացնելու է սեփական միջոցների հավաքագրումը, պետության կողմից տրվող միջոցներն ավելանալու են, ուստի այդ պարագաներում խնդիրը կարելի է գրեթե լուծված համարել։ «Ես ակնկալում եմ, որ գոնե երրորդ տարվա վերջին Տարոն Մարգարյանը կարող է բարձրաձայն ասել, որ Երեւանում այլեւս անխնամ ու անբարեկարգ բակ չկա։ Իհարկե, ես այսօր չեմ պատրաստվում թվարկել Երեւանում առկա բոլոր խնդիրները։ Ես հավատում եմ, որ Երեւանի ավագանին նոր ուժերով կարողանալու է մեր բոլորի կողմից սիրված Երեւանը դարձնել ավելի հարմարավետ, ավելի հաճելի, ավելի գեղեցիկ ե՛ւ երեւանցիների համար, ե՛ւ իր հյուրերի համար»,–ասաց նախագահ Սերժ Սարգսյանը եւ հաջողություն մաղթեց նորընտիր քաղաքապետին, Երեւանի ավագանու անդամներին եւ քաղաքապետարանի աշխատակազմին։

Աջակցել ցանկացած ազնիվ նախաձեռնության

Երեւանի ավագանու հանդիսավոր նիստում, որը վարում էր Երեւանի ավագանու ամենատարեց անդամ Աստղիկ Գեւորգյանը, տեղի ունեցավ Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը։
Վերընտրված քաղաքապետը երդվեց երկրի բարձր ղեկավարության, ավագանու անդամների եւ հյուրերի առջեւ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի քաղաքապետի պաշտոնը՝ երդվում եմ Երեւանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացում պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, Երեւանի ավագանու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել Երեւանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երեւանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների»։
Նա պարտավորվեց հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման, բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը։ Խոստացավ ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական եւ հոգեւոր վերելքին, աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որը միտված կլինի համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը։
Այնուհետեւ Տ. Մարգարյանն իր ստորագրությունը դրեց երդման տեսքի ներքո։ Երդման տեքստը կպահպանվի Երեւանի պատմության թանգարանում։ Բայց մինչ այն թանգարան տեղափոխելը՝ այնտեղից քաղաքապետարանի հանդիսությունների դահլիճ էին բերել խորհրդանշական լանջաշղթան։ Լանջաշղթան քաղաքապետի պարանոցից կախեց Երեւանի պատվավոր քաղաքացի, ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը։ Նիստի հանդիսավոր մասը եզրափակվեց Երեւանի հիմնով, որից հետո շարունակելով նիստը՝ Տ. Մարգարյանը խոսքը տրամադրեց Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին։
«Ողջունում ենք Ձեր վերընտրությունը որպես Երեւանի քաղաքապետ։ Մենք 2011թ. նոյեմբերի 15—ին ներկա էինք նաեւ Տարոն Մարգարյանի երդմնակալության առաջին արարողությանը, երբ նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքի ավարտին ասաց. «Տարոն, հուսախաբ չանես»։ Հիմա կարող ենք վստահորեն արձանագրել, որ «մշակն» իր «վարձամբ» արժանի է։ Երեւան քաղաքի խորհրդանշական լանջաշղթան երկրորդ անգամ հանձնված է Ձեզ։ Ձեր վերընտրությունը մեզ մի նոր հույս պարգեւեց»,– ասաց նա։

Վատն է այն սերունդը, որը չի գերազանցում նախորդին

Փակ շուկան շուկա էլ կմնա։ Այն կշարունակի իր գործունեությունը որպես շուկա, այլ ոչ թե որպես առեւտրի կենտրոն։ Այս հարցում երդմնակալությունից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Տարոն Մարգարյանը՝ բացառելով Փակ շուկայի տարածքում բազմաբնակարան շենքի կառուցումը. «Դա պատմամշակութային տարածք է։ Ինչ վերաբերում է այնտեղ ապօրինի կառույցներին, բոլորիդ աչքի առջեւ դրանք արդեն ապամոնտաժվում են»։
Հանրապետության հրապարակում էլ շինարարություն իրականացնելը կարգելվի։ Իսկ արգելողը կլինի հենց քաղաքապետը։ Բայց սա այն դեպքում, եթե փորձագիտական կարծիքը պարզի, որ ներկայացված ծրագրերը վտանգում են հրապարակի ճարտարապետական տեսքը։ «Հանրապետության հրապարակի վերակառուցման աշխատանքների համար Երեւանի քաղաքապետարանը հայտարարել է բաց մրցույթ ու առանց հանրության ցանկության այնտեղ փոփոխություններ չեն կատարվի»,– վստահեցրեց Տ. Մարգարյանը։
Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն էլ եկել է այն եզրահանգման, որ ցանկացած ծրագիր, որն առաջարկվել է իր կողմից, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները փորձել են ոչ միայն տապալել, այլեւ այդ ծրագրերի նկատմամբ կասկած եւ անվստահություն հաղորդել. «Կարող եմ թվարկել. սկսած Երեւանի կառավարման մոդելից, Ազգային ժողովի ցանկապատի ապամոնտաժումից, ճարտարապետների համահայկական ֆորում ստեղծելուց, վերջացրած ճարտարապետների մասին օրենքով։ Միշտ ստացվել է, որ Նարեկ Սարգսյանն ինչ—որ բան է առաջարկել եւ միանգամից ասել են՝ ոչ»։
Առաջարկված նախագծերն ու կատարված աշխատանքները դուրս չեն ոչ միայն հասարակական ակտիվիստների, այլեւ տարբեր պաշտոնյաների «տեսադաշտից»։ Միայն թե նրանց գնահատականները տարբեր են։
Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նորընտիր քաղաքապետի աշխատանքներին որպես մասնագետ է նայում։ Հավատացնում է, որ ավելի խորն է տեսնում. «Շատ բաներ է արել Տարոն Մարգարյանը։ Շատ լավ աշխատանքներ են կատարվում այսօր քաղաքում։ Օրինակ, սոցիալական հարց է լուծվում Աջափնյակում՝ շենք է կառուցվում։ Շատ լավ գործ է։ Բոլորս էլ ուզում ենք Երեւան քաղաքը տեսնել զարգացած, գեղեցիկ»։ Իսկ Հանրապետության հրապարակի վերակառուցման եւ նմանատիպ հարցերը, նա էլ կարծում է, որ պետք է դրվեն հանրային քննարկման։ «Եթե վերանորոգումը հրապարակին ավելի պատշաճ տեսք կտա, քան այսօր է, ուրեմն ես համաձայն եմ, եթե ոչ, ուրեմն համաձայն չեմ վերակառուցմանը»,–իր տեսակետը ներկայացրեց Բեգլարյանը։
Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանն էլ ցանկացել է տեսնել գեղեցիկ ու բարետես քաղաքը։ Եվ վստահեցնում է, որ այսօր մայրաքաղաքն այդպիսին է։ Զախարյանը չժխտեց այն հանգամանքը, որ Տարոն Մարգարյանը վերջին 20 տարիների լավագույն քաղաքապետն է։ «Եթե կա այդպիսի կարծիք՝ ես չեմ կարող ժխտել։ Ես այդ հարցը չեմ քննարկում։ Եթե հայտարարվել է, որ Տարոն Մարգարյանը վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետն է, հավանաբար այդպես է։ Եթե հանրապետականների գնահատականն է դա, ուրեմն այդպես է»։
Տարոն Մարգարյանին լավագույն քաղաքապետ է համարում նաեւ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը։ Իսկ որպես ապացույցներ մատնանշում է նրա մեկուկես տարվա գործունեությունն ու երեւանցիների վստահության քվեն։ Համոզված է՝ չորս տարի հետո ունենալու ենք ավելի լավ Երեւան, եւ երեւանցիները հպարտանալու են, եւս մեկ անգամ համոզվելու են, որ իրենք կատարել են շատ ճիշտ ընտրություն՝ վստահելով Տարոն Մարգարյանին. «Այն, որ մենք ունեցել ենք շատ լավ քաղաքապետեր եւ բոլոր քաղաքապետերն էլ իրենց լուրջ լուման են ներդրել մեր մայրաքաղաքի զարգացման համար՝ փաստ է։ Բայց կյանքը գնալով զարգանում է, եւ վատն է այն սերունդը, որը չի գերազանցում նախորդին։ Ինձ ամենից շատ դուր է գալիս, որ կանաչ գոտիներն աստիճանաբար ավելանում են։ Նաեւ շատ բան դուր չի գալիս։ Դուր չի գալիս, որ Երեւանի կենտրոնում գտնվող պատմամշակութային հուշարձանները ժամանակին աղավաղվել են։ Փոքր կենտրոնի մասին օրենք պետք է ընդունվի, եւ դա կընդունվի, ու Փոքր կենտրոնում պատմական շենքերը չեն աղավաղվի»։ Նա վստահ է, որ Մարգարյանը կարող է պայքարել այն մարդկանց դեմ, ովքեր կցանկանան աղավաղել Երեւանի ճարտարապետական դիմագիծը։ Հավատացնում է, որ քաղաքապետը միայնակ չէ. նրա թիկունքին մի ողջ քաղաքական թիմ է. «Կա քաղաքական կամք, որպեսզի մեր քաղաքական թիմը լուծի այդ խնդիրները, իսկ Տարոն Մարգարյանն էլ բարեխիղճ, ազնիվ ու պատվախնդիր անձնավորություն է, շատ լավ գիտի իր խոսքի արժեքը»։
«Տարոն Մարգարյանը վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետն է, որովհետեւ եկավ շուկաս քանդեց, ուրիշ քանդող չէր եղել այս 20 տարվա մեջ»,– նորընտիր Տարոն Մարգարյանի հանդեպ իր վերաբերմունքը յուրահատուկ ձեւով ներկայացրեց ԱԺ հանրապետական խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը՝ շեշտելով, որ «ինքը ուժեղ է եւ ինքնուրույն է որոշումներ կայացնում»։
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում քաղաքապետարանի աշխատանքը, նա պատասխանել է. «Որ գան ձեր շենքը քանդեն, ո՞նց կգնահատեք»։
Այնուհանդերձ, Սամվել Ալեքսանյանը եկել էր քաղաքապետարան ոչ թե Փակ շուկայի խնդրով, այլ մասնակցելու երդմնակալությանը։ Նա շեշտել է, որ Տարոն Մարգարյանից նեղացած չէ, «որ նեղացած լինեի, չէի գա»։ hhpress.am
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 590 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024