ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 24 » Էներգահամակարգի տարազանումը՝ անվտանգության խնդիր /Որպեսզի հնարավորինս քիչ կախված լինենք էներգակիրներից/
15:46
Էներգահամակարգի տարազանումը՝ անվտանգության խնդիր /Որպեսզի հնարավորինս քիչ կախված լինենք էներգակիրներից/

Որպեսզի մեր երկիրը հնարավորինս զերծ մնա էներգակիրների մատակարարման զուտ տեխնիկական խափանումների կամ արտաքին քաղաքական շահարկումների գործոններից, հարկ է, որ մեր էներգահամակարգը տարազանված լինի։ Սա նշանակում է, որ ատոմային էներգետիկային զուգահեռ պետք է զարգացնենք վերականգնվող էներգետիկան։ Այս պահի դրությամբ մենք վերականգնվող էներգետիկ պաշարներից ամենաշատն օգտագործում ենք ջրային ներուժը։
Լավ է, որ հիդրոէներգետիկայի ոլորտին հատկապես վերջերս սեւեռված է հանրության ուշադրությունը։ Ու ոչ մի վատ բան չկա այն բանում, որ բնապահպանները դեմ են այս կամ այն ՀԷԿ—ի կառուցմանը, որովհետեւ գաղտնիք չէ, որ շինարարություն անողները մշտապես խախտում են էկոհամակարգը, անխնա են վերաբերվում բնությանը ու նրա պաշարներին՝ «չմտածելով», որ իրենց սխալը վաղը բոլորիս քթից է դուրս գալու։ Բնապահպանական հարցերին ուշադիր լինելը, սակայն, բնավ չի ենթադրում, թե մեր երկրում ՀԷԿ—եր չպետք է կառուցվեն։ Բայց դրանց շինարարությունը պետք է արվի մեծագույն զգուշությամբ ու պետական խիստ հսկողության ներքո։ Բնականաբար, քանի որ վիճակը գոհացուցիչ չէ, բնապահպաններն ու կառուցողները երբեք ընդհանուր հայտարարի չեն գալիս։ Մինչդեռ այդ հայտարարը կա, եւ դրա մասին խոսել է «ՀՀ»—ն։ Ուսումնասիրել եմ մի երկրի փորձ, որտեղ զարկ են տալիս հիդրաէներգետիկայի զարգացմանը, բայց եւ որտեղ բավականին գործուն են բնապահպանները։ Խոսքս Նորվեգիայի մասին է։ Բանն այն է, որ այս երկրում չի կարող կառուցվել ՀԷԿ, եթե դրան դեմ է տվյալ տարածքի համայնքը։ Ավելին՝ որոշ համայնքներ դառնում են իրենց տարածքում կառուցվող ՀԷԿ—երի ընկերությունների բաժնետերեր։ Բայց այստեղ համայնքները դեմ չեն լինում պարզապես այն պատճառով, որ այդպիսի սկզբունք են որդեգրել. ուղղակի ՀԷԿ կառուցողը նրանց պետք է ապացուցի, որ այդ ՀԷԿ—ը չի վնասի նրանց տարածքի էկոհամակարգը։ Կառուցողը պետք է հստակ մասնագիտական եզրակացությամբ ապացուցի, որ գետից իր վերցվելիք ջրի քանակը էկոհամակարգը չի խախտի, եւ գետերում ապրող ձկների արժեքավոր տեսակներն էլ չեն անհետանա, չեն քչանա։ Եվ ուշադրությունն այնքան մանրակրկիտ է, որ հազիվ թե հայտնվի մի մասնագետ, որ կհամաձայնի կեղծել տվյալները։ Տեղեկացնեմ, որ այս երկրում նաեւ գետեր կան, որոնց վրա ընդհանրապես արգելված է ՀԷԿ կառուցելը, եւ դրանց թիվը, ի դեպ, քիչ չէ՝ 350 է։ ՀԷԿ—եր կառուցելն արգելված է նաեւ հատուկ պահպանվող տարածքներում։ Ինչեւէ, եթե համայնքը համոզվում է, որ ՀԷԿ—ը չի վնասի իր տարածքը, համաձայ նում է։ Թեեւ կառուցողը շինարարության ընթացքում էլ չի կարող հանգիստ մնալ՝ վերահսկողությունն է շատ ուժեղ։ Ամենասովորական թվացող խախտումն անգամ կարող է քրեական պատժով ավարտվել։ Կարեւոր է մի հանգամանք էլ. Նորվեգիայում ՀԷԿ կառուցելու արտոնագիր ստանալու համար գործարարը կարող է 4—5 տարի սպասել։ Մինչդեռ Հայաստանում այս ժամկետին բյուրոկրատական մեծ քաշքշուկի որակավորում կտան, իսկ համայնքի շահը հաշվի առնելը պարտադիր չէ, ՀԷԿ—եր կառուցելու համար էլ արգելված տարածքներ չկան։
Սրանք խնդիրներ են, որոնց լուծումը բնավ դժվար չէ, ու ճիշտ որոշումների դեպքում անպայման հայտարարի կգան կառուցողն ու բնապահպանը։ Մի բան հաստատ է՝ ոչ մի կողմն էլ երկրի շահը չպետք է անտեսեն։ Այն առաջնային է։
Հայաստանը ԵՄ ասոցացման համաձայնագրի շրջանակներում պարտավորվել է մինչեւ 2020թ. առաջնային էներգառեսուրսների օգտագործման բալանսում առնվազն 20 տոկոս վերականգնող էներգետիկա ներգրավել։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն ասում է, որ մինչեւ 2020թ. դա հնարավոր է ապահովել։ Նախորդ տարվա սեպտեմբերի 1—ի դրությամբ մեր երկրում գործող փոքր ՀԵԿ—երի թիվը 133 է եղել։ Հանձնված են եւս 75 լիցենզիաներ, սա նշանակում է, որ առաջիկա 5 տարիներին շահագործման կհանձնվեն եւս 75 փոքր ՀԵԿ—եր (լրացուցիչ մինչեւ 500 միլիոն կՎտժ էլեկտրաէներգիա)։ Նախարարությունը վստահեցնում է, որ մինչեւ 2020թ. փոքր ՀԷԿ—երի օգնությամբ կարող ենք արտադրել մոտ 1 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա։ 2020թ. Հայաստանի ընդհանուր էլեկտրաէներգիայի բալանսում մինչեւ 8 տոկոս ներքին պահանջարկը կբավարարվի փոքր ՀԷԿ—երի օգնությամբ։ Ոլորտի զարգացմանը նպաստում է այն, որ պետությունը արտոնյալ պայմաններ է ստեղծել դրա համար, այն է՝ այն կայանները, որոնք օգտագործում են նման ռեսուրսներ, նրանց էլեկտրաէներգիան 15 տարվա ընթացքում առանց մրցակցության պետք է գնվի մեծածախ շուկայում նախապես սահմանված սակագնով։ Սակագինը կարող է փոխվել միայն փոխարժեքների փոփոխության դեպքում։ Փոխնախարար Արեգ Գալստյանը նկատում է, որ պետությունը մեծ ուշադրություն է դարձնում նաեւ մեծ հիդրոէներգետիկայի զարգացման վրա։ Եվ առաջիկա տարիների ընթացքում շահագործման կհանձնվի Մեղրիում կառուցվող ՀԷԿ—ը, որ նախատեսում է մինչեւ 850 մլն կՎտժ էլէներգիա արտադրել։ Մեծ ՀԵԿ են նախատեսում կառուցել նաեւ Շնողում։    Ոլորտի զարգացմանը նպաստելուն կողմ է նաեւ փոքր ՀԷԿ—երի միությունը, որ ժխտում է, թե իրենք բնապահպանական խնդիրներ են առաջացնում. ՀԷԿ—երը մաքուր էներգետիկայի աղբյուր են, գետերի չորացման հարց չկա, որովհետեւ այն խողովակաշարը, որը գետ է մտցվում, նորից վերադարձվում է գետ, եւ ժամանակ առ ժամանակ բաց են թողնվում ջրի հոսքեր։ Սրան հավելած այն, որ տեղում աշխատատեղեր են ստեղծվում։
Մի խոսքով, նախանշված ժամկետից 5 տարի անց արդեն՝ 2025թ. էլեկտրաէներգիայի պահանջարկի 30%—ի բավարարումը վերականգնվող էներգետիկ պաշարներով ապահովելու համար անհրաժեշտ է զարգացնել հիդրոէներգետիկան, մասնավորապես՝ կառուցել էլեկտրական էներգիա արտադրող նոր կայաններ, որի արդյունքում համապատասխանաբար կբարձրանա Հայաստանի էներգետիկ անվտանգության եւ անկախության աստիճանը։ Խոշոր գետերից մնում են էներգետիկ նպատակներով չօգտագործված Դեբեդ գետը իր Ձորագետ վտակով եւ Արաքս գետը։ Արաքս գետի վրա կառուցվելիք Մեղրի ՀԷԿ—ը մոտ 130 ՄՎտ հզորությամբ եւ 850 մլն կՎտժ էլէներգիայի տարեկան արտադությամբ կլինի։ Դեբեդ գետի վրա կառուցվելիք Շնող ՀԷԿ—ը 75 ՄՎտ հզորությամբ եւ 300 մլն կՎտժ էլ. էներգիայի տարեկան արտադրությամբ կլինի։ Շնող ՀԷԿ—ի կառուցումը նախատեսվում է իրականացնել մասնավոր ֆինանսական միջոցներ ներգրավելու տարբերակով։ Նախատեսվող թողարկումը ըստ մասնավոր ներդրող ընկերության հետ կնքվելիք համաձայնագրի կլինի։ Ձորագետ գետի վրա կառուցվելիք Լոռիբերդ ՀԷԿ—ը 66 ՄՎտ հզորությամբ եւ 200 մլն կՎտժ էլէներգիայի տարեկան արտադրությամբ կլինի։ Դեռ 2003—2004թթ. ԵՄ ծրագրի շրջանակներում «Ֆիխտներ» ընկերությունը պատրաստել է տեխնիկա—տնտեսական հիմնավորում։ 2007թ. փետրվարին նույն ընկերությունը իրականացրել է գների հաշվարկի նորացում։ Լոռիբերդ ՀԷԿ—ի կառուցման ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել մասնավոր ֆինանսական միջոցներ ներգրավելու տարբերակով։ Նախատեսվող թողարկումը ըստ մասնավոր ներդրող ընկերության հետ կնքվելիք համաձայնագրի կլինի։ Ինչ վերաբերում է մինչեւ 2025թ. փոքր ՀԷԿ—երին, ապա, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն ասում է, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՓՀԷԿ—երի զարգացման սխեմայում ընդգրկված ոչ բոլոր ՓՀԷԿ—երը կարող են կառուցվել, նաեւ բնապահպանական նկատառումներով գետերում ջրերի հոսքի համար սահմանվող ավելի խիստ պահանջներն ու տարիների ընթացքում ջրերի հոսածավալների բնական նվազումները, ինչպես նաեւ այլ հանգամանքները, առավել իրատեսական է դիտվում ապագայում ՓՀԷԿ—երի գումարային դրվածքային հզորության ներուժը գնահատել շուրջ 400 ՄՎտ (առանց Սեւանա լճի ավազանի ՓՀԷԿ—րի), իսկ տարեկան արտադրանքը գնահատել շուրջ 1,0 մլրդ կՎտժ։
Արդյունքը այն կլինի, որ կավելանա էլէներգիայի տարեկան արտադրանքը՝ սեփական վերականգնվող էներգառեսուրսների օգտագործմամբ, կբարձրանա էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունը, զգալիորեն կնվազեցվի մեր երկրի էներգետիկ կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքներից, զգալիորեն կկրճատվեն մեր երկրի տարածքում ածխաջրածնային վառելիքների այրումից առաջացող ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 481 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024