Թուրքիայի ողջ տարածքում բռնկված հակակառավարական ցույցերը, զանգվածային անկարգություններն ու բախումները ցուցարարների եւ ոստիկանության ուժերի միջեւ շարունակվում են։ Իշխանությունները չեն պատրաստվում զիջումների գնալ, ինչի հետեւանքով հասարակական դժգոհությունը գնալով ավելի լայն աշխարհագրություն է ընդգրկում, իսկ բախումներն ավելի արյունալի են դառնում։ Արդեն իսկ զոհվել է հինգ մարդ, հազարավոր մարդիկ վիրավորվել են, հարյուրավորները՝ ձերբակալվել։ Չնայած դրան, ցուցարարները շարունակում են դիմադրություն ցույց տալ ոստիկանական ուժերին։ Նախօրեին գիշերը հատկապես կատաղի բախումներ են տեղի ունեցել Էսքիշեհիր քաղաքում, փողոցային մարտերը շարունակվել են մինչեւ լուսադեմ։ Բախումների հետեւանքով եղել են վիրավորներ, այդ թվում՝ մեկ լրագրող եւ մեկ ոստիկան, ով գլխի վնասվածք է ստացել ցուցարարների նետած քարից։ Էսքիբաղլար թաղամասում շուրջ 5 հազար ցուցարարաներ բողոքի քայլերթ են կազմակերպել՝ վանկարկելով «Ամենուր Թաքսիմ է, ամենուր՝ դիմադրություն», «Կառավարություն, հրաժարական տուր» կարգախոսներ։ Նրանք նույնպես հանդիպել են ոստիկանական ուժերի դիմադրությանը։ Ցուցարարներից մոտ հինգ հարյուրը փակել են «Էսփարք» առեւտրի կենտրոնին հարակից փողոցը՝ կանգնեցնելով երթեւեկությունը։ Ոստիկանական ուժերը կրկին արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ են օգտագործել, ինչից հետո որոշ ժամանակ անց ցուցարարները ցրվել են։ Ներկայումս արդեն թուրքական ոստիկանությունը չի բավարարվում միայն ցուցարարներին ցրելով, սկսվել են զանգվածային ձերբակալություններ։ Նախորդ գիշերվա ընթացքում Ստամբուլում, Անկարայում եւ Քոջաելիում անցկացված հատուկ գործողությունների ընթացքում ձերբակալվել են ակցիաների ժամանակ իրավապահների վրա հարձակում գործելու մեջ 84 կասկածյալներ։ Բուն ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասնում է մի քանի հարյուրի։ Սակայն Թուրքիայի դատարանը երեկ ազատ է արձակել ցույցերի 7 մասնակցի։ Ստամբուլի արդարադատության պալատ տեղափոխված յոթ թուրք ցուցարար, ովքեր մեղադրվում էին ոստիկանության դեմ ուժ կիրառելու մեջ, տեղափոխվել էին դատարան, սակայն դատարանը որոշում էր կայացրել նրանց բոլորին ազատ արձակել։ Երեք շաբաթների ընթացքում ծավալված զանգվածային ցույցերն արդեն պետությանը մոտ 100 մլն թուրքական լիրայի կամ 50 մլն ԱՄՆ դոլարի վնաս են հասցրել։ Միայն Անկարայում տեղի ունեցած ցույցերի, բախումների հետեւանքով քաղաքին հասցվել է շուրջ 17 միլիոն լիրայի վնաս։ Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող կուսակցության ժողովին հայտարարել է, որ այդ դեպքերի պատճառով առաջին հերթին տուժում է Թուրքիայի սոցիալապես անապահով բնակչությունը։ «Սրանք ո՞ւմ փողերն են։ Ժողովրդինը չե՞ն։ Ինչ է, այստեղ աղքատները, պանդուխտները իրավունք չունե՞ն։ Ո՞ւր է, որ դուք այդ մարդկանց կողմից եք։ Ձեզ ի՞նչն է անհանգստացնում։ Ինչո՞ւ եք ամեն տեղ իմ արհեստավորին ու առեւտրականին անհանգստացնում»,–ասել է նա։ Մեծ վնասներ է կրել նաեւ զբոսաշրջության ոլորտը. Թուրքիայի զբոսաշրջային հյուրանոցների եւ ներդրողների ասոցիացիայի նախագահ Թիմուր Բայընդըրը հայտնել է, որ Թաքսիմի շրջակայքում գտնվող հյուրանոցային համարների պատվերների 80 տոկոսը չեղյալ է համարվել։ Հյուրանոցային պատվերները չեղյալ են հայտարարվում ոչ միայն Ստամբուլում, այլեւ Բուրսայում, Անկարայում, Կապադովկիայում։ Բայընդըրը նամակ է հղել Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարություն՝ խնդրելով անհապաղ միջոցներ ձեռնարկել ճգնաժամային իրադրությունը հարթելու համար։ Միջազգային հանրությունը շարունակում է քննադատել Թուրքիայի իշխանությունների գործելաոճը։ ՄԱԿ—ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլայը դատապարտել է Թուրքիայի իշխանություններին ցույցերի մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու համար։ «Մթնոլորտը դեռեւս նպաստում է ճնշման ու լարվածության ավելի բարձրանալուն։ Իշխանությունները պետք է ընդունեն, որ խնդրի մեծ մասը կապված է ցուցարարների դեմ ծայրահեղ ուժ կիրառելու հետ։ Կոչ եմ անում թուրքական կառավարությանը վերջ տալ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառմանը։ Անվտանգության ուժերի կողմից մարդու իրավունքների ոտնահարումների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է կառավարությունը»,—ասել է նա։ Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը կրկին իր անհանգստությունն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ։ «Շարունակվող բարձր լարվածությունը հերթական անգամ ընդգծում է երկխոսության, փոխադարձ հարգանքի, փոխհամաձայնության, վստահության մթնոլորտ ստեղծելու եւ երկրում ժողովրդավարությունն ուժեղացնելու անհրաժեշտության մասին»,— ընդգծել է պաշտոնյան։ Եվրոպացի բարձր պաշտոնյաների քննադատությանը Թուրքիան պատասխանում է տարբեր կերպ։ Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը հրաժարվել է ժամանել Եվրախորհրդարանի եւ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Իր հերթին Եվրամիությունը հրաժարվել է Թուրքիա պատվիրակություն ուղարկելու իր ծրագրից։ Էրդողանին քննադատում են նաեւ թուրք հայտնի մտավորականները։ Սյունակագիր Հասան Ջեմալը նոր հոդված է հրապարակել Թուրքիայում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որում մեղադրել է Էրդողանին Թուրքիան բաժանելու մեջ։ «Էրդողանը մասնատում է Թուրքիան, սակայն արդյո՞ք նա տեղյակ է դրա մասին։ Ստացվում է այնպես, որ Էրդողանը լսում է միայն այն, ինչն իրեն ձեռնտու է։ Կամ էլ Էրդողանին մոտ գտնվողներն են նրան հայտնում միայն այն, ինչ նա ուզում է լսել։ Եթե վարչապետը փորձի լսել նաեւ մյուսներին, կհասկանա, թե ինչպես է երկիրը բաժանել ճակատների։ Ստեղծված լարված իրադրության պայմաններում ցանկացած, անգամ փոքրիկ սադրանքը կարող է լուրջ արյունահեղության պատճառ դառնալ։ Ճգնաժամը երկրում ավելի է խորանում։ Վարչապետ, դու իրավունք չունես Թուրքիան վերածել կրակի դաշտի»,—նշում է Ջեմալը։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
|