Թուրքիան դեռ կդիմադրի, սակայն աշխարհում վերաբերմունք է փոխվում
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի՝ «Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի արձագանքը Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի կապակցությամբ ընդունած բանաձեւի վերաբերյալ», ասել է. «Վաղուց ակնհայտ է, որ ժխտողականության քաղաքականությունը որեւէ հեռանկար չունի։ Դեսպաններ հետ կանչելով, կոպիտ քննադատություն հնչեցնելով երկրների, կազմակերպությունների հասցեին, որոնք հարգանքի տուրք են մատուցում ցեղասպանության զոհ դարձած մեկուկես միլիոն անմեղ հայերի հիշատակին, իրենց ձայնն են բարձրացնում ժխտողականության դեմ, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման օգտին, Թուրքիայի ղեկավարությունը ավելի ու ավելի միայնակ է մնում խորտակվող ժխտողականության նավի վրա։
Թուրքիան փորձում է ճնշումներ գործադրել, ես կասեի՝ շանտաժի ենթարկել միջազգային կառույցների, բազմաթիվ երկրների։ Սակայն դժվար թե այս հարցում հաջողություն ունենա, միգուցե հաջողի միայն այն երկրներում, որտեղ չեն հարգվում մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները, ուր խարխուլ է ժողովրդավարությունը։
Ի՞նչ է տալիս դեսպանների հետկանչը։ Lավ հիշում ենք, որ հետկանչից հետո ստիպված են լինում նրանց հետ վերադարձնել։ Եվրոպական 28 երկիր ներկայացնող խորհրդարանն է երեկ բանաձեւ ընդունել։ Լավ է, որ Անկարայում գոնե գիտակցել են՝ 28 երկրից հետ չեն կանչել դեսպաններին։ Հակառակ դեպքում թուրք դեսպանների համար գործազրկության լուրջ խնդիր կառաջանա։
Թուրքիայի իշխանությունների արձագանքը հիշեցնում է ցուգցվանգում հայտնված շախմատիստի, որի ամեն հաջորդ քայլ ավելի է բարդացնում նրա դիրքերը։
Ինչպես ասվում է Եվրախորհրդարանի բանաձեւում՝ առանց ճշմարտության հնարավոր չէ հասնել հաշտեցման, եւ կավելացնեի՝ միջազգային հանրության հետ»։
Ըստ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի՝ Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող նոր բանաձեւը հատկանշական է այն առումով, որ այն բոլոր քաղաքական խմբերի համատեղ աշխատանքի արդյունք է եւ կոնսենսուսով ընդունված փաստաթուղթ։
Զաքարյանի գնահատմամբ՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող նոր բանաձեւում կան քաղաքական շեշտադրումներ, ինչն ընդգծվում է այն առումով, որ ցեղասպանությունները դատապարտելի երեւույթներ են, եւ դրանցում պետք է գերիշխի պատասխանատվությունը, իսկ դրանց ճանաչման եւ դատապարտման խնդիրը պետք է գտնվի միջազգային հանրության եւ հատկապես եվրոպական պետությունների արտաքին քաղաքական օրակարգերում՝ որպես առաջնահերթություն։ «Այն ունի նաեւ պատմական մաս, որտեղ նշվում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները ցեղասպանություն որակելու, պատմության արժեւորումով ապագայի մասին խոսելու, ինչպես նաեւ հայ ժողովրդին բարոյական աջակցություն ցուցաբերելու մասին»,–ասել է Զաքարյանը։
Նա հայտնել է նաեւ, որ բանաձեւում ներառված է հայ—թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ դրույթ, որով Թուրքիային կոչ է արվում իր պատմությանն առերեսվել եւ կառուցողական գործողություններ իրականացնել հայ—թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանի բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ։
Նրա դիտարկմամբ՝ Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված երեք բանաձեւերն էլ ունեն նույն իրավական ուժը, սակայն քաղաքական հնչեղության եւ ժամանակի շունչն իր մեջ ներգրավելու առումով ապրիլի 15—ին ընդունված բանաձեւը էական նշանակություն է ունենալու ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի համար։
Արտակ Զաքարյանի խոսքով՝ Եվրոպական խորհրդարանի կողմից նման բանաձեւի ընդունման վրա ազդեցություն է ունեցել նաեւ Հռոմի պապի պաշտոնական հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Դրանում իր դրական դերակատարությունն են ունեցել նաեւ Թուրքիայի կողմից ոչ ադեկվատ գնահատականները եւ ջղաձգումները, անհիմն մեղադրանքները այն պետություններին եւ կառույցներին, որոնք Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրենց արդարացի դիրքորոշումն են արտահայտել։ «Դրական ազդեցություն է ունեցել նաեւ այսպես կոչված Գալիպոլիի չհաջողված միջոցառումը։ Գուցե, այդ միջոցառումը որեւէ ուշադրություն իր վրա կհրավիրի, սակայն դրա քաղաքական նշանակությունը եւ դերակատարությունը՝ ստվերել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը եւ 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները, ակնհայտորեն չի հաջողվել»,–ընդգծել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը։
Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւը մեծ նվաճում է, սակայն Թուրքիան չի հետեւելու Եվրախորհրդարանի պատգամավորների կոչերին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ «Tert.am»—ի հետ զրույցում գնահատականներ հնչեցնելով այդ բանաձեւի մասին՝ ասել են քաղաքագետներ Լեւոն Շիրինյանը եւ Ալեքսանդր Մարկարովը։
«Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը քաղաքակրթական մեծ նվաճում է։ Սա նաեւ հոգեւոր ու մշակութային նվաճում է։ Ավելացրած այդ ամենին՝ այս բանաձեւը հումանիտար իրավունքի նվաճում է,–ասել է Լեւոն Շիրինյանը եւ ավելացրել.–Իրենք համառորեն կփորձեն անընդհատ դիմադրել, բայց դա ոչինչ չի նշանակում»։
Քաղաքագետի գնահատականով՝ նրանք, ովքեր Հայոց ցեղասպանությունը դիտում են որպես 20—րդ դարի ոճրագործություն՝ նացիզմի եւ ստալինիզմի կողքին, ուրեմն նրանք պետք է շարունակեն իրենց գործը, եւ աշխարհի պատկերն այդ իմաստով ժողովուրդների գիտակցության մեջ տեղաշարժ կունենա դեպի դրականը։
Լեւոն Շիրինյանը բացառել է, որ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւը կարող է Թուրքիային ստիպել առերեսվել իր պատմության հետ։
«Էրդողանն իրեն պահում է ենիչերիի նման։ Նման գործընթացներն ինչքան շատանան, եւ ինչքան թուրքական կառավարող վերնախավը դիմակայի, ուրեմն այնքան ավելի Դավութօղլուն, Չավուշօղլուն եւ Էրդողանը կնույնականանան Էնվերի, Թալեաթի եւ Սուլթան Համիդի հետ»,–նկատել է քաղաքագետը։
Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, ըստ քաղաքագետի, ենթադրվում է, որ ապրիլի 24—ից հետո թուրքական խարդավանքներն արցախյան ճակատում եւ այլ վայրերում սաստկանալու են։ «Քարոզչական ահռելի պատերազմ է սկսվելու։ Պետք է զգոն լինենք եւ չկորցնենք այն, ինչ արդեն նվաճել ենք»,–ասել է Լեւոն Շիրինյանը։
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի խոսքով էլ՝ Եվրոպական խորհրդարանի բանաձեւը ոչ միայն ճանաչելի է դարձնում, այլ ցույց է տալիս պատմական արդարության ուղղությամբ տեղի ունեցող զարգացումները։
«Պարզ է, որ ցեղասպանության 100—ամյակի նախաշեմին այն գերակա ուղղությունը, որ եղել է ՀՀ—ի արտաքին քաղաքականության օրակարգի մեջ, իսկ դա ցեղասպանության ճանաչման եւ հետագայում դրանց կանխարգելման ուղղությամբ միջոցներ ձեռք առնելն է, ակտիվացել է նաեւ միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք հնչեցնում են իրենց ձայնը»,– ասել է Ալեքսանդր Մարկարովը։
Ինչ վերաբերում է ԵԽ—ի պատգամավորների կողմից Թուրքիային արված կոչերին, ապա այս առումով, ըստ քաղաքագետի, Թուրքիան շատ հեռու է քաղաքակիրթ պետություն լինելուց, հետեւաբար՝ այդ կոչերին հետեւելուց նույնպես։
«Թուրքիան շարունակում է սպառնալիքներ հնչեցնել։ Սակայն պետք է հիշել, որ առաջին անգամը չէ, որ Թուրքիան նմանատիպ սպառնալիքներ է հնչեցնում, թե իր տարածքում բնակվող հայաստանցիներին կարտաքսի, նման կոչեր նախկինում եւս եղել են։ Իսկ միջազգային կառույցների կոչերը Թուրքիայի մի ականջից մտնում են, մյուսից դուրս են գալիս»,–նշել է քաղաքագետը։
Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը կարծում է, որ մենք այնպիսի վիճակում ենք, որ եթե ճիշտ շարժվենք, կարող ենք բավական օգուտ քաղել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ստեղծված ընդհանուր ալիքից։
Կիրո Մանոյանի համոզմամբ՝ այս ալիքի շարժառիթը նաեւ այն է, որ Թուրքիան այնքան էլ ցանկալի չէ ոչ միայն իր հարեւանների, այլեւ դաշնակից արեւմտյան երկրների համար։
«Միջազգային ճանաչման գործընթացը նպատակ է, որ Թուրքիային ստիպի Հայոց ցեղասպանությունը ճանաչել»,– ասել է նա եւ հավելել, թե ճանաչումը բավարար չէ եւ պետք է լինի համապատասխան հատուցում։
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը թերացում է համարել այն, որ քարոզչության մեջ քիչ է անդրադարձ լինում այն փաստին, որ 1919—1921թթ. Թուրքիայում 50—ից ավելի դատական գործեր են եղել ցեղասպանության հետ կապված։
«Ավելի կոնկրետ՝ 63 դատական գործ, եւ մենք ունենք թուրքական դատարանների որոշումները, ինչո՞ւ չենք օգտագործում, դա բավական ծանր հարված է»,–հարցրել է նա։
Թուրքագետ Հակոբ Չաքրյանի խոսքով, Եվրախորհրդարանի բանաձեւը պետք է դասել Հայոց ցեղասպանության միջոցառումների շարքին, դրանով թերեւս, միջոցառումները միջազգայնացան։
«Թուրքիային կոչ են անում առերեսվել պատմության հետ նույնիսկ այն եվրոպական պետությունները, որոնք չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,–նշել է թուրքագետը։
«Այս բանաձեւը սահմանափակել է Թուրքիայի՝ ընդհանուր ցավի քաղաքականության կենսունակությունը։ Թուրքիան նման քայլերով աշխարհին չի կարող ապակողմնորոշել»,–համոզված է թուրքագետը։
Խոսելով Հռոմի պապի հայտարարությունների վերաբերյալ թուրքական կողմի արձագանքի մասին՝ թուրքագետն ասել է, որ Թուրքիան Վատիկանի վրա ազդելու որեւէ հնարավորություն չունի։
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի գնահատմամբ՝ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը կարեւոր հաղթանակ է ցեղասպանության ճանաչման հարթությունում, բարոյական, ինչ—որ կերպ՝ նաեւ քաղաքական հաղթանակ։
«Բնական է, որ սա համապատասխան հետեւանքներ կունենա աշխարհով մեկ, ինչպես նաեւ Թուրքիայի քաղաքականության վրա։ Կարծում եմ, որ միջազգային հանրության մոտեցումներն ինչ—որ ձեւով կարող են փոփոխության ենթարկվել»,–ասել է Դավիթ Բաբայանը։
Նա չի կարծում, թե այս բանաձեւի ընդունումն անմիջական ազդեցություն կունենա ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, քանի որ սրանք գտնվում են տարբեր հարթություններում։
«Որպեսզի դա իր ազդեցությունն ունենա, պետք է միջազգային հանրությունը Ադրբեջանին դիտարկի որպես ցեղասպան պետություն, իսկ որպեսզի դա այդպես լինի, մենք դեռեւս բավական շատ աշխատանք ունենք իրականացնելու»,–նշել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը։
|