ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 06:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 14 » Ֆրանսիան երկրորդ ներդրողն է Հայաստանում /Սակայն համագործակցությունը կարելի է էլ ավելի խորացնել/
16:46
Ֆրանսիան երկրորդ ներդրողն է Հայաստանում /Սակայն համագործակցությունը կարելի է էլ ավելի խորացնել/

Ներդրումային եւ գործարար ոլորտում հայ—ֆրանսիական հարաբերությունների զարգացման ներուժը մեծ է։ Սակայն դա արդյունավետ օգտագործելու համար պետք է ուղիներ գտնվեն։
Ֆրանսիայի նախագահի Հայաստան պետական այցի շրջանակներում «Առեւտուր եւ ծառայություններ» թեմայով կլոր սեղանի բացման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ Հայաստան—Ֆրանսիա համաժողովը եւ նման ձեւաչափի միջոցառումները առաջնահերթ նշանակություն ունեն ներդրումային եւ գործարար ոլորտներում հայ—ֆրանսիական համագործակցության ընդլայնման համար. «Նման հանդիպումները լավ հնարավորություն են գործարարների համար՝ ընդլայնելու առկա տնտեսական համագործակցությունը, ինչպես նաեւ ուղենշելու համագործակցության նոր ոլորտներ»։
Իսկ այն, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ փոխշահավետ տնտեսական համագործակցություն կա, փաստ է։ Կ. Ճշմարիտյանը նշեց, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ վաղեմի համագործակցության մասին են վկայում մինչ օրս Հայաստանի տնտեսության իրական հատվածում Ֆրանսիայից կատարած ներդրումների ծավալները, որոնք կազմում են 1,1 մլրդ դոլար, այդ թվում ուղղակի ներդրումները՝ շուրջ 1 մլրդ դոլար։
«Մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացման լուրջ ներուժ են պարունակում։ Հայաստանում Ֆրանսիան ներդրումների ծավալով երկրորդ երկիրն է, ավելի քան 100 ձեռնարկություն է գործում Հայաստանում, բայց կարելի է ավելի զարգացնել այս հարաբերությունները»,–ասաց նա։
Երկու երկրների միջեւ բարձր փոխվստահության եւ երկուստեք շահավետ համագործակցության մասին են վկայում ինչպես Հայաստանում ֆրանսիական կապիտալի մասնակցությամբ ձեռնարկությունների մեծ քանակը, այնպես էլ հանրահայտ ընկերությունների ներկայությունը տարբեր բնագավառներում. «Մենք կցանկանայինք, որպեսզի ֆրանսիական կապիտալը ընդլայնվեր Հայաստանում, քանի որ այսօր Հայաստանը դրա կարիքն ունի, իսկ սա ֆրանսիական բիզնեսի համար փոքր, բայց լավ հնարավորություն է»։
Կարեն Ճշմարիտյանն անդրադարձավ Հայաստանում տնտեսական քաղաքականության առանձնահատկություններին եւ այդ ոլորտում գրանցված առաջընթացին. «Անընդհատ պատերազմի սպառնալիքները, տարիներ շարունակ փակ սահմանները ստիպել ու ստիպում են անբնական մեծ ջանքեր գործադրել զարգանալու եւ ժամանակակից պետություն կառուցելու համար։ Գործելով այլ պետությունների համար անհամադրելի բարդ պայմաններում, Հայաստանը կարողացել է որոշակի հաջողություներ գրանցել»։
Ըստ Կ. Ճշմարիտյանի՝ ՀՀ կառավարությունը առաջնորդվելով երկրի տնտեսության մրցունակության բարձրացման եւ շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներով, ընդունել է գիտելիքի վրա հիմնված տնտեսություն կառուցելու անհրաժեշտությունը եւ նախաձեռնել է իրականացնել արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական քաղաքականություն։
Վերջին տարիներին Հայաստանը արձանագրել է զգալի առաջընթաց ՏՏ ոլորտում եւ ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ներուժը դառնալու տարածաշրջանային կենտրոն եւ կարեւոր դերակատար։ Այս ոլորտում, ըստ նրա, իրականացվում են մի շարք ծրագրեր, մասնավորապես, կառավարության կողմից մշակվել եւ արդեն իսկ ԱԺ է ներկայացվել ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված օրենսդրական փաթեթը, որով նախատեսվում է մի շարք արտոնությունների տրամադրում։ Սա աննախադեպ նախաձեռնություն է եւ ոլորտի զարգացման լուրջ խթան կարող է հանդիսանալ։
Ինովացիոն ենթակառուցվածքների ձեւավորման ուղղությամբ եւս իրականացվում են մի շարք նախաձեռնություններ, մասնավորապես, ԱՄՆ Սիլիկոնյան հովտում բացվել է Հայաստանի տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ներկայացուցչական գրասենյակը, որի նպատակն է խթանել Հայաստանի եւ ԱՄՆ ընկերությունների մասնագետների միջեւ կապերի ստեղծումը, վաճառքների եւ օտարերկրյա ներդրումների ուղղակի ծավալների ավելացումը։ 2013թ. Հայաստանում հիմնվել է առաջին Վենչուրային հիմնադրամը, որը կխթանի ոլորտում նորարարական գաղափարների գեներացումն ու սկսնակ ընկերությունների ձեւավորումը։
Ինչ վերաբերում է արդյունաբերական քաղաքականությանը, Կ. Ճշմարիտյանի խոսքերով՝ դրա հիմքում ընկած է արտահանման ներուժ ունեցող հեռանկարային ճյուղերի աջակցման միջոցով տնտեսության արտահանելի ընդլայնումը։ Նշված նպատակի իրագործման համար մշակվել է եւ կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ—ում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը։ «Նպատակ ունենալով ներդրումային քաղաքականության արդյունավետ իրականացումը, Հայաստանը հայտարարել եւ վարում է բաց դռների քաղաքականություն»,–ասաց նա։
Վերջին տարիներին ներդրումային եւ գործարար միջավայրերը բարելավելու նպատակով եւս իրականացվել են մի շարք բարեփոխումներ, որոնց արդյունքները հրապարակվել են ՀԲ—ի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի շրջանակներում։ Վերջին տարվա արդյունքներով՝ Հայաստանի դիրքը բարելավվել է 18 կետով եւ այժմ 37—րդ տեղում է աշխարհում։
Կառավարությունը կարեւորում է նաեւ մասնավոր հատվածի հետ համագործակցությունը եւ տնտեսական քաղաքականության մշակման մեջ մասնավոր հատվածի ներգրավվածության բարձրացումը։
Կ. Ճշմարիտյանը ֆրանսիացի գործարարների ուշադրությունը հրավիրեց Հայաստանում ստեղծված ազատ տնտեսական գոտիներին, ինչը կոնկրետ համագործակցության լայն հնարավորություններ է ընձեռում։ Ֆրանսիացի գործարարներին առաջարկվեց քննարկել ազատ տնտեսական գոտիներում հիմնված ոսկերչության, ադամանդագործության եւ մանածագործության, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի, հեռահաղորդակցության ոլորտներում գործող ֆրանսիական ընկերությունների մասնակցության հարցը։


Հիվանդությունների կանխարգելումը՝  գերակա խնդիր
 

Նույն քննարկման ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը խոսեց Հայաստանում մահացության պատճառների եւ առողջապահական ոլորտում ֆինանսական մեխանիզմների կիրառման մասին։ «Հայաստանը որդեգրել է Համաշխարհային առողջապահական կազմակերպության կողմից հռչակված հիմնական սկզբունքները, որոնք են՝ որակ, մատչելիություն, արդարություն, հասանելիություն բուժծառայությունների մասով»,–ասաց նախարարը։
Հայաստանում կյանքի միջին տեւողությունը կազմում է 74 տարի. տղամարդկանց համար՝ 70, կանանց՝ 77։ Լուրջ աշխատանք է տարվում երկրում մահացության դեպքերը նվազեցնելու համար։ Մուրադյանի խոսքով, հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու ժամանակին դրանց կանխարգելումը գերակա խնդիր է։ «Մեզ համար կարեւոր է նաեւ նոր ֆինանսական մեխանիզմների կիրառումը։ Առողջապահական պետական ծախսերի մասնաբաժինը հանրապետության համախառն ներքին արդյունքի նկատմամբ գտնվել է 1.5—1.54 չափաբաժնի մեջ։ Պետության առողջապահության բյուջեն կայուն զարգացում է ապրել եւ այժմ կազմում է շուրջ 80 միլիարդ դրամ»,–նշեց նախարարը՝ ընդգծելով, որ սա թույլ է տալիս պետական միջոցներն ուղղել դեպի առողջապահության ոլորտում նպատակային եւ գերակա ծրագրերի իրականացում։
Հայաստանում մանկական մահացության ցուցանիշը շարունակում է ցածր լինել ԱՊՀ մյուս երկրների ցուցանիշից՝ բարձր մնալով ԵՄ երկրներից։ Նույնը կարելի է ասել մայրերի մահացության վերաբերյալ։


ԵՏՄ—ին Հայաստանի անդամակցությանը ոչինչ չի խանգարի
 

Լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, անդրադառնալով խոսակցություններին, թե Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ձգձգվում է խոչընդոտների պատճառով, ասաց. «Որեւէ խոչընդոտ չկա։ Պարզապես մի քանի հարցեր կան։ Ապրանքների ցանկը, որոնց գծով մենք կարող ենք մաքսային արտոնություններ ստանալ, արդեն կարելի է համարել համաձայնեցված։ Մի քանի տեխնիկական հարցեր կան՝ ավելի շատ կապված զուգահեռ ներմուծման հետ։ Կարծում եմ, այդ հարցն էլ կհամաձայնեցվի, եւ գործընթացն իր հունով կընթանա»,– ընդգծելով, որ այդ ապրանքների թիվը 800—ից ավելի է։
Նախարարը դժվարացավ պատասխանել հարցին, թե Հայաստանը երբ կստորագրի Եվրասիական տնտեսական միասնական տարածքին անդամակցության պայմանագիրը՝ նշելով, որ ամեն ինչ կախված կլինի բանակցություններից։ «Զուտ աշխատանքային շտրիխներ են մնացել, որոնց ավարտից հետո արդեն կստորագրենք պայմանագիրը»,–ասաց նախարարը։ 


Ֆինանսավորման հարցով  բանակցությունները շարունակվում են
 

«Հյուսիս—հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը ոչ միայն Հայաստանի, տարածաշրջանի, այլ նաեւ միջազգային հանրության համար կարեւոր ռազմավարական եւ տնտեսական նշանակություն ունի։ 
Այս մասին «Սարքավորումներ եւ ենթակառուցվածքներ» թեմայով հայ—ֆրանսիական կլոր սեղան քննարկման ժամանակ ասաց «Հյուսիս—հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը։ «Այս ճանապարհը գտնվում է պատմական Մետաքսի ճանապարհի կարեւորագույն թեւերից մեկի վրա, եւ ըստ հնագիտական պեղումների՝ այս ճանապարհի վերականգնումը հենց Մետաքսի ճանապարհի վերականգնումն է, ուստի կառավարության կողմից որոշվեց սկսել այս աննախադեպ նշանակություն ունեցող ճանապարհի շինարարությունը»,–տեղեկացրեց նա։ 
Ճանապարհի շինարարության ծախսերը կկազմեն 1.5—2 միլիարդ դոլար։ Նախատեսվում է 556 կիլոմետր ճանապարհի վերականգնում եւ վերակառուցում, որը կապելու է Իրանի սահմանը Վրաստանի սահմանի հետ։ Ճանապարհը լինելու է առաջին կատեգորիայի 4 գծանի բետոնե ծածկույթով։ Ճանապարհային միջանցքի շինարարության ֆինանսավորումն սկսվել է Ասիական զարգացման բանկի հետ շրջանակային ֆինանսական համաձայնագրի շնորհիվ, որը նախատեսում էր նախնական 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում։ Ընթացքում ծրագրի համաֆինանսավորմանն են միացել Եվրոպական ներդրումային բանկը, որի հետ արդեն 60 միլիոն եվրո արժողությամբ ֆինանսավորման համաձայնագիր կա, եւ նախատեսվում է հյուսիսային հատվածի Գյումրի—Բավրա հատվածի շինարարության համար 120 միլիոն եվրոյի բանակցություններ սկսել։ 
Արթուր Սարգսյանը տեղեկացրեց, որ այս պահին բանակցությունները շարունակվում են Եվրասիական զարգացման բանկի հետ 150 միլիոն դոլար վարկային պայմանագրի ստորագրման ուղղությամբ, որով սկսվելու է հարավային հատվածի Աշտարակ—Քաջարան հատվածի շինարարությունը։ Ծրագրի մեկնարկին Հայաստանը միջանքի շինարարության նախագծման աշխատանքների ընթացքում համագործակցել է նաեւ ֆրանսիական ընկերությունների հետ։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 404 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024