Այն երկիրը, որն ունի գիտելիքի հենքի վրա հիմնված տնտեսություն, եւ հասարակության զարգացումն էլ հիմնված է գիտության ձեռք բերած հաջողությունների վրա, ապա այդ երկրի տնտեսությունը գտնվում է շահեկան դիրքերում։ Այս մասին երեկ «Գիտության եւ տեխնոլոգիաների մերձեցում» (Science and Technology Convergence) խորագրով գիտաժողովի բացմանն ասաց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։
Նրա խոսքերով, հատկապես ապրիլյան պատերազմի ժամանակ նման գիտաժողովի անցկացումը կարեւոր նշանակություն ունի։
«Հանրության շրջանում հաճախ բարձրացվում են հարցեր, թե մեր գիտությունը ինչ կարող է անել մեր երկրի պաշտպանության խնդիրների իրականացման համար։ Իհարկե, դրանք հասարակ հարցեր չեն, բայց ՏՏ ոլորտը Հայաստանի գիտության ամենազարգացած ճյուղերից է, եւ հույս ունեմ, որ մենք ապագայում լուրջ հաջողություններ կունենանք»,— ասաց Ռադիկ Մարտիրոսյանը։
ԳԱԱ նախագահը նշեց, որ իրենք այստեղ են, որպեսզի լսեն եւ ձեւակերպեն այն խնդիրները, որոնք այսօր կարեւորում են երիտասարդ մասնագետները. «Բարձրացված բոլոր հարցերը կքննարկենք, բոլոր առաջարկները կուսումնասիրենք եւ կաջակցենք դրանց լուծմանը»։
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի խոսքերով, Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը խիստ կարեւորվում է, ուստի բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում, որոնք կարեւոր նշանակություն ունեն ոլորտի զարգացման համար։
«Այս ոլորտում գործող բազմաթիվ ընկերություններ՝ իրենց բարձրակարգ մասնագետներով, հանդիսանում են ՀՀ—ի արդյունաբերության բարձր հավելյալ արժեք ստեղծող եւ ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը։
Դա է պատճառը, որ ՀՀ կառավարությունը 2000 թվականին ՏՏ ոլորտը հայտարարեց տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը»,–ասաց Սամվել Հարությունյանը։
Նրա խոսքերով, արտադրության, հասարակության զարգացման վրա տեղեկատվական տեխնոլոգիաները շահեկանորեն առանձնանում են մնացած բոլոր ոլորտներից։ Ըստ նրա, Հայաստանի ազգային անվտանգությունը եւս էականորեն կախված է տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության մակարդակից, եւ գիտատեխնիկական առաջընթացին համընթաց այդ կախվածությունն աստիճանաբար ավելանում է։ Այս առումով, ըստ Սամվել Հարությունյանի, գիտության պետական կոմիտեն խիստ կարեւորում է ոլորտի համակարգաստեղծ նշանակությունը մեր պետության համար եւ պետական բյուջեի սահմաններում աջակցություն է ցուցաբերում ԳԱԱ ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտին։
Կարեւորելով «Գիտության եւ տեխնոլոգիաների մերձեցում» գիտաժողովի անցկացումը, ԳՊԿ—ի նախագահն ասաց նաեւ, որ նմանատիպ միջոցառումները միտված են պետության եւ գիտության փոխշահավետ համագործակցությունը խրախուսելուն եւ մասնագիտական բազմապրոֆիլ հարթակ ստեղծելուն։
«Դրանք հնարավորություն են տալիս ՏՏ ոլորտի գիտաշխատողներին ներկայացնել իրենց կողմից իրականացվող հետազոտության արդյունքները, ներկայացնել իրենց գործունեությանն առնչվող խնդիրները։ Եւ մենք այստեղ ենք, որպեսզի լսենք այդ խնդիրները, դրանց լուծմանն ուղղված մոտեցումներն ու առաջարկություններ ձեւավորենք։ Մեր խնդիրն է նաեւ աջակցել, որպեսզի Հայաստանի երիտասարդները եւ նրանց միավորող ընկերությունները զբաղեցնեն առաջավոր դիրքեր համաշխարհային շուկայում»,— ասաց Սամվել Հարությունյանը։
Նշենք, որ «Գիտության եւ տեխնոլոգիաների մերձեցում» խորագրով գիտաժողովի նպատակն է խրախուսել ՏՏ ոլորտի գիտության եւ արդյունաբերության փոխշահավետ համագործակցությունը՝ ստեղծելով մասնագիտական բազմապրոֆիլ հարթակ։
|