ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 07:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 29 » Հանրապետության տոնը՝ հարության ու վերածննդի օր /Սարդարապատում անցկացվեց գլխավոր տոնական միջոցառումը/
12:59
Հանրապետության տոնը՝ հարության ու վերածննդի օր /Սարդարապատում անցկացվեց գլխավոր տոնական միջոցառումը/

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, Տանն Կիլիկիո Կաթողիկե հայոց կաթողիկոս—պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ—ի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցեց Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը։
Հանրապետության նախագահը ծաղկեպսակ դրեց Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ հարգանքի տուրք մատուցեց։ Տոնակատարության շրջանակներում նախագահն ընդունեց Պատվո նվագախմբի հանդիսավոր քայլերթը, հանդիսության մասնակիցների հետ դիտեց տոնի առթիվ մշակութային կատարումը։
Տոնակատարությունից հետո Սերժ Սարգսյանն այցելեց Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, որտեղ տեղի ունեցավ Հանրապետության տոնի առթիվ պարգեւատրման արարողությունը։
Նախագահի հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ պետական պարգեւներ եւ կոչումներ շնորհվեցին գիտության, կրթության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, արվեստի ու սպորտի բնագավառների, սփյուռքի մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաեւ հայոց բանակի մի խումբ զինծառայողների։ Սերժ Սարգսյանը շնորհավորեց պարգեւատրվածներին Հանրապետության տոնի ու պետական բարձր պարգեւների եւ կոչումների արժանանալու առթիվ եւ պարգեւատրման արարողության մասնակիցներին հանձնեց պարգեւները։
«Այն փաստը, որ այս արարողությունը տեղի է ունենում Սարդարապատում, առանձնահատուկ խորհուրդ ունի։ Սրանով մենք ընդգծում ենք մեր ժողովրդի տարբեր սերունդների կապն ու ժառանգականությունը։ Սրանով մենք շեշտում ենք, որ մեծ հաշվով բոլորի արած գործը նույն ուղեծրում է։ Դա հայոց պետականությունն է, նրա պատմությունն ու ներկան։ Զինվորականը, ուսուցիչը, գիտնականը, արվեստագետը, բժիշկը՝ մենք բոլորս մեկ ուղեծրում ենք, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն։
Սիրելի՛ պարգեւատրվածներ, մաղթում եմ ձեզ, որ ձեր գործով եւ վարքով արժանի լինեք այն սխրանքին, որ մեր նախնիները գործել են այս սրբազան դարձած վայրում։ Շնորհակալ եմ ձեր համբերատարության համար եւ ուզում եմ ասել, որ մենք, իհարկե, գիտակցաբար ավելի շատ մարդկանց հրավիրեցինք այստեղ պարգեւատրվելու, որովհետեւ, իրոք, ես համարում եմ՝ սա առանձնահատուկ տեղ է, եւ առանձնահատուկ շնորհ է այստեղ պարգեւ ստանալը։ Կրկին շնորհավորում եմ բոլորիդ պարգեւատրվելու առթիվ»,—ասաց հանրապետության նախագահը։
Սերժ Սարգսյանը Սարդարապատում նաեւ շնորհավորական ուղերձ հղեց Հանրապետության տոնի առթիվ։
Համայն հայությանը հայրապետական օրհնանքն ու ուղերձն էր բերել նաեւ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը։ Նա իր ելույթում նշեց, որ 1918 թվականին մեր ժողովուրդը մայիսյան հերոսամարտերում հոգին ի բուռն պաշտպանեց Հայրենի երկիրը եւ բարդ ու դժվարին իրավիճակի մեջ հաստատեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։ Պետականության վերականգնումը արգասիքն էր մեր ժողովրդի երկարամյա ազատագրական պայքարի, անկոտրում հավատքի եւ միասնականության ոգու։
«Հանրապետության օրը հրավեր ու քաջալերություն է մեզ այսօր՝ ամենայն նախանձախնդրությամբ հոգալու մեր պետականության զորացման, մեր երկրի բարգավաճման, մեր ժողովրդի բարօրության եւ ազգային մեր իղձերի իրագործման համար։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հավատում ենք, որ հակառակ առկա մարտահրավերներին, պիտի շարունակենք հետեւողական ջանքերով, աննահանջ ոգով կերտել հայրենի պետականությամբ հիմնամուր մեր նոր կյանքը, երջանիկ ու պայծառ մեր գալիքը։ Աղոթում ենք, որ Աստված Իր Աջի հովանու ներքո անսասան պահի մեր պետականությունը, պահպանի աշխարհասփյուռ ազգս հայոց՝ արդյունավորելով ի սեր հայրենյաց մեր բոլոր ջանքերը»,–ասաց կաթողիկոսը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը իր ելույթում հիշեցրեց, որ հայոց պատմության մեջ կան թվականններ, որոնք ավելի վեր են ժամանակից, պատկանում են հավերժությանն իրենց խորհրդով ու պատգամով։ Թվականներ, որոնց մեջ է խտացած հայի հավաքական հավատքը, վճռականությունը, հույսը եւ տեսլականը։
«Մայիսի 28—ը միայն թվական չէ հայոց պատմության էջերում, այն իր խորհուրդով եւ պատգամով մեր ժողովրդի պատմության մեջ դարձել է մնայուն ներկայություն։ Մայիսի 28—ը՝ ամբողջական Հայաստանի, ամբողջական հայության իր վառ տեսիլքով միշտ մնացել է մեր ժողովրդի կյանքի մեջ կենդանի ու կենարար ներկայություն։ Այսպես է եղել եւ կշարունակի մնալ որպես մեր ժողովրդի պատմության անլռելի զանգակատուն։ Մեր հերոսները կռվեցին հայրենիքի ազատության համար, եւ մայիսի 28—ի պատգամը ամբողջ հայության համար հետեւյալն է. Հայաստանն ամեն ինչից վեր է։ Ամեն ինչից վեր է Հայաստանի ազատությունը, անկախությունը, ամբողջական Հայաստանի ու հայության տեսլականը։ Սփյուռքում մենք այս ոգով կազմավորվեցինք, եւ այսօր մայիսի 28—ի ոգին ծածանվում է մեր ժողովրդի կյանքում»,–ասաց Արամ Ա կաթողիկոսը։
Նույն օրը, Հանրապետության տոնի առիթով, Մայր Աթոռի Միածնաէջ ս. տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, կատարվեց հանրապետական մաղթանք, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Արարողության ավարտին Ամենայն հայոց հայրապետը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը վերստին շնորհավորեցին եւ իրենց օրհնությունը բերեցին ներկա ժողովրդին։


Պարտավորեցնող ու ոգեւորիչ՝  նոր ձեռքբերումների  ձգտելու համար
 

Պարգեւատրման արարողությունից հետո «ՀՀ»—ն զրուցեց բարձրագույն պարգեւների արժանացած գործիչների հետ։ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Հովակ Գալոյանը, ով արժանացավ վաստակավոր արտիստի կոչման, նշեց, որ խիստ հուզված է, քանի որ նման բարձր պարգեւի է արժանանում հենց այդ տոնական օրը։
«Պարտավորեցնող է, երբ աշխատում ես ու քեզ գնահատում են։ Դա խիստ կարեւոր է, քանի որ յուրաքանչյուր բնագավառում մարդու աշխատանքը պետք է գնահատել։ Պարտավորությունը մեծանում է Հայրենիքիդ, քո գործի, քո ժողովրդի նկատմամբ»,— ասաց դերասանը։
Պատերազմի եւ զինվորական ծառայության վետերանների կոմիտեի նախագահ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը պարգեւատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2—րդ աստիճանի մեդալով։ Նա նշեց, որ երկար տարիներ՝ մոտ 60 տարի, ծառայել է ե՛ւ հայրենիքում, ե՛ւ, մոտ 25—30 տարի, արտասահմանում՝ տարբեր երկրներում։ Սպան փաստեց, որ ինչպես անխոնջ կերպով ծառայել է, այնպես էլ կշարունակի ծառայել իր երկրին։
Երեւանի քաղաքապետարանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը, ով արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, մեզ հետ զրույցում նշեց, որ միջոցառմանը ներկա է առաջին հերթին՝ որպես ՀՀ քաղաքացի, հետո միայն՝ որպես արվեստագետ։
«Եթե պարգեւատրումը լիներ մեկ այլ օր, գուցե այս զգացողությունը չունենայի։ Առաջին հանրապետության օրը գնահատվել երկրի բարձրագույն իշխանությունների կողմից՝ համակարգված զգացողություն է առաջացնում քո աշխատանքի դիմաց ու հայրենիքիդ առաջ։ Սա ավելի ոգեւորիչ ու պարտավորեցնող է»,— ասաց դերասանուհին։
Մշակույթի վաստակավոր գործչի կոչում ստանալը գեղանկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Սամվելյանի (Լուսիկ Ագուլեցի) համար ոգեկոչման խորհուրդ ունի՝ ավելի աշխատելու, ստեղծագործելու, ճիշտ մտածելու եւ ժամանակը զգալու, հասկանալու։ Նրա խոսքով՝ ստեղծագործող մարդը երբեմն չի կարեւորում, թե ինչ է ստանում, այլ ավելի շատ տալիս է։
«Այսօր շնորհակալ եմ մեր ղեկավարությունից՝ մեզ հարգելու ու բարձր գնահատելու համար, իսկ վաստակավորի կոչումն ինձ համար ամենաբարձր գնահատականն է։ Վաստակը յուրաքանչյուր հայ մարդու համար արժանապատվություն է»,— նշեց նա։
Երգչուհի, Սոֆի Դեւոյանի «Պարի եւ հոգու թատրոն» ստուդիայի ղեկավար Զարուհի Բաբայանի խոսքով՝ շատ անգամ ասում են, որ յուրաքանչյուր պարգեւ պարտավորեցնող է, սակայն, նրա խոսքով, դա ավելի շատ հուզիչ է, քան՝ պարտավորեցնող։
«Որովհետեւ դու հասկանում ես, որ կա անցած ճանապարհ, ստեղծագործական շնորհ, որը նկատվել եւ գնահատվել է։ Մեր բնագավառում մարդիկ կամ անում են ինչ–որ բան, կամ չեն անում, կամ ապրում են այս ամենով, կամ դա ուղղակի զբաղմունք է։ Ուրախ եմ, որ սա իմ կյանքի մեծ մասն է, ու ավելի ուրախ եմ, որ հանդիսատեսը դա նկատում է։ Յուրաքանչյուր արվեստագետի համար հանդիսատեսի այդ բանակը խիստ անհրաժեշտ է»,–ասաց ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ստացած երգչուհին։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 433 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024