ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 17 » Հաշվետու եւ վերահսկելի /Հասարակությունը պետք է կասկածի, իշխանությունը՝ արդարանա/
16:24
Հաշվետու եւ վերահսկելի /Հասարակությունը պետք է կասկածի, իշխանությունը՝ արդարանա/

ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ–ների ներկայացուցիչներն ու ԱՄՆ—ի, Բուլղարիայի, Էստոնիայի եւ Վրաստանի փորձագետները երեկ մեկ հարկի տակ էին համախմբվել։ Առիթը «Բաց կառավարման գործընկերություն—Հայաստան» առաջին միջազգային համաժողովն էր։ 
Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ կառավարությունը, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ—ն՝ ԱՄՆ–ի միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ։ Հայաստանը համաժողովն անցկացրեց որպես բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության անդամ երկիր։ Այդ նախաձեռնության նպատակն է ապահովել ՀՀ կառավարության գործունեության թափանցիկության, կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքացիների ներգրավվածության մակարդակի բարձրացման գործում ստանձնած հանձնառությունների իրականացումը, նաեւ տեղեկատվական նոր տեխնոլոգիաների կիրառումը հանրային կառավարման բարելավման գործընթացում։
Երեւանում մեկնարկած միջազգային համաժողովի բացմանը ներկա էր վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը նշեց. «Կարեւորում եմ այս համաժողովի անցկացումը, քանի որ մեր առջեւ ծառացած են կարեւորագույն եւ սկզբունքային խնդիրներ, որոնց լուծումները պարտավոր ենք գտնել։ Կառավարության ցանկացած ծրագիր կարող է ունենալ հաջողություն, եթե դրա սկզբունքները, գաղափարախոսությունը նախապես ներկայացվում են հանրությանը, դառնում քննարկման եւ քննադատության առարկա, որից հետո էլ ընդունվում եւ սկսվում են իրականացվել։ Սա քաղաքացիական հասարակության կառուցման ճանապարհն է։ Տոտալիտար համակարգից անցումը քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարական ինստիտուտների՝ բավականին դժվար եւ ցավոտ ճանապարհ է, որովհետեւ այն ենթադրում է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է փոխի իր մտածողությունը, ամենօրյա գործառույթները, հակառակ դեպքում ապրելու ենք այնպես, ինչպես երեկ։ Աշխարհի ոչ մի կառավարություն հաջողության չի հասնի, եթե հասարակությունում այդ հիմնարար փոփոխությունները տեղի չունենան»։
Այնուհետեւ վարչապետը բաց կառավարման սկզբունքների վերաբերյալ ներկայացրեց մի քանի թեզ։
Տիգրան Սարգսյանի խոսքով, չի կարող ձեւավորվել քաղաքացիական հասարակություն, եթե կառավարության գործունեությունը չլինի բաց ու թափանցիկ։ Վարչապետի դիտարկմամբ, դրա համար գոյություն ունի երկու պատճառ։ «Առաջին պատճառը այն է, որ իշխանությունն ունի պարտադրանքի գործիք։ Իշխանությունը երկրում պարտադրանքի մոնոպոլիա է, եւ եթե նա կիրառում է այդ գործիքը, պետք է հասարակությունը վստահ լինի, որ այն ի չարս չի օգտագործվում։ Եթե հասարակության կողմից չլինի այդպիսի վստահություն, ուրեմն այդ հասարակությունը չի կարող ապահովել զարգացում։ Դա է պատճառը, որ ի սկզբանե իշխանությունների ցանկացած գործողություն հասարակության կողմից ոչ միայն պետք է լինի վերահսկելի, այլեւ դրվի կասկածի տակ, եւ իշխանությունները պետք է մշտապես արդարանան, որ պարտադրանքի ինստիտուտը ճիշտ են կիրառում։ Շատ հաճախ ես նկատում եմ, որ իշխանության լծակներ ունեցող մարդիկ դժգոհում են հասարակության այդպիսի վերաբերմունքից, բայց դա քաղաքացիական հասարակության կառուցման անհրաժեշտ էլեմենտ է»,—ընդգծեց ՀՀ կառավարության ղեկավարը։ Միաժամանակ վարչապետն ավելացրեց, որ իշխանական լծակները՝ ֆինանսական միջոցների վերաբաշխումը, տնօրինումը եւ տիրապետումը նույնպես պետք է լինի արդարացի, ինչը եւս ենթադրում է, որ իշխանությունները մշտապես պետք է գտնվեն հասարակության վերահսկողության տակ։
Վարչապետի համոզմամբ, քաղաքացիական հասարակության կառուցմանն այլընտրանք գոյություն չունի, եւ դրան հասնելու ճանապարհը թափանցիկությունն է բոլոր մակարդակներում. պետք է լինել հաշվետու հասարակության առջեւ, եւ վերջինս տեսնի կառավարության բոլոր գործառույթները։
«Սա վստահության ձեւավորման կարեւորագույն հիմքն է։ Միայն թափանցիկությունը բավարար չէ՝ անհրաժեշտ է նաեւ հասարակության ներգրավվածությունը որոշումներ կայացնելու գործում, որպեսզի հասարակությունը վստահ լինի, որ այդ որոշումները տրամաբանական են, որ իր կարծիքն ազդում է իշխանության կողմից որոշումների կայացման ընթացքում։ Եթե մենք ապահովում ենք այս ամենի իրականացումը, ապա պարտավոր ենք ապահովել նաեւ պատասխանատվություն եւ պրոֆեսիոնալիզմ, որը շատ հաճախ մեզանում բացակայում է, ինչը հանգեցնում է լրջագույն խնդիրների։
Հասարակությունը պետք է պատրաստ լինի մեծածավալ տեղեկատվության մեջ զանազանել ճիշտը ստից, որպեսզի այն զարգացման ծրագրերը, որ հաստատում ենք, հասնեն իրենց նպատակներին»,— ասաց գործադիրի ղեկավարը։ 
Տ. Սարգսյանի խոսքով, հանրությունը հեշտ է ընկալում սենսացիոն նորությունները, եւ այդպիսի լուրերն էլ հիմնականում իրենց մեջ կրում են բացասական տրամադրություններ։ Արդյունքում մամուլը, հեռուստատեսությունը հեղեղված են լինում բացասական տեղեկատվությամբ, եւ ստեղծվում է հուսախաբություն, ապագայի նկատմամբ անվստահություն եւ մշտական դժգոհություն, որը հնարավորություն չի տալիս բարեփոխումները տանել առաջ։ Վարչապետի կարծիքով, այստեղ է, որ գալիս է պատասխանատվության եւ պրոֆեսիոնալիզմի սկզբունքի կարեւորությունը։
Որպես օրինակ, Տիգրան Սարգսյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը աշխարհի առաջին հինգ պետությունների շարքում է, որոնք պետական բյուջեի ծախսերն ամբողջությամբ դարձրել են թափանցիկ։ Օն—լայն ռեժիմով աշխարհի ցանկացած ծայրից բոլոր մանրամասնություններով եւ փաստաթղթերով կարելի է հետեւել, թե այսօր ՀՀ պետական բյուջեն ինչ ծախսեր է կատարել։
«Այս երկու տարիների ընթացքում, երբ այս համակարգը ներդրվել է, ընդամենը մեկ դեպք է եղել, որ ԶԼՄ—ներն անդրադարձել են պետական գնումներին եւ կասկած հայտնել՝ արդյո՞ք այս գործարքն արդարացված էր։ Այն պարագայում, երբ ԶԼՄ—ներից մենք տեղեկատվություն ենք ստանում, թե պետական միջոցները փոշիացվել են, վատնվել են եւ այլն։ Դրա ապացուցողական մասը, ցավոք սրտի, բացակայում է։ Այս աշխատանքը ենթադրում է պրոֆեսիոնալիզմ, այն ԶԼՄ—ները, որոնք իրենց առջեւ նպատակ են դրել զբաղվել հետաքննությամբ, բացահայտել իշխանությունների չարաշահումները, պետք է ունենան նաեւ գիտելիքներ եւ հնարավորություն՝ վերլուծելու այդ տեղեկատվությունը, որպեսզի ապատեղեկատվություն չտարածվի»,–ասաց վարչապետը եւ ցավով նշեց, որ այսօր առկա է այդպիսի պրոֆեսիոնալ, պատասխանատու դրսեւորումների շատ ցածր աստիճան։
Կառավարության ղեկավարի դիտարկմամբ, սա ենթադրում է, որ միասին պետք է սովորենք աշխատել նոր միջավայրում, երբ տեղեկատվությունը բաց է եւ թափանցիկ, հասանելի հասարակության համար։ «Անցումային հասարակություններում մեծ ռիսկ եւ վտանգ կա, երբ մարդիկ սկսում են արհամարհանքով վերաբերվել նոր գիտելիքների ձեռքբերմանը։ Այստեղ մեծ նշանակություն ունի նաեւ պատասխանատվությունը. եթե մենք գործ ունենք ոչ ստույգ տեղեկատվության հետ, որը չի համապատասխանում իրականությանը եւ ստվեր է գցում ազնիվ ու պատասխանատու մարդկանց վրա, պետք է լինենք հետեւողական, պատասխանատվության կանչենք այն մարդկանց, ովքեր թույլ են տալիս այդպիսի ապատեղեկատվություն։ Սա էլ նուրբ խնդիր է, որին մենք դեռեւս պատրաստ չենք, որովհետեւ, այս առումով, ցանկացած գործողություն դիտարկվում է որպես ճնշում ընդդիմախոսի նկատմամբ, այլ ոչ թե օբյեկտիվ եւ հասկանալի ձգտում՝ հասնելու ճշմարտությանը։ Այստեղ էլ դեռեւս պետք է ճանապարհ անցնենք, որպեսզի լինի վստահություն նաեւ իրավապահ, դատական մարմինների նկատմամբ։ Սրանք են այն սկզբունքները, որոնց հիման վրա կառուցվում է կառավարության ծրագիրը եւ մեր գործողությունները»,–եզրափակեց Տիգրան Սարգսյանը։
Իր հերթին, ՀՀ—ում ԱՄՆ—ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը նշեց, որ ՀՀ կառավարությունը սերտորեն համագործակցում է «Բաց կառավարման գործընկերության» շրջանակում, եւ իրենք հավատացած են, որ բաց հասարակությունը եւ տնտեսությունը հնարավորություն կտան երկրներին ծաղկում ապրել, լինել առավել բարեկեցիկ, անվտանգ եւ խաղաղ. «Սրա վրա է հիմնվում մեր աջակցությունը «Բաց կառավարման գործընկերության» ուղղությամբ։ Իր գործողությունների ծրագրով Հայաստանը կարեւոր հանձնառություն է ստանձնել «Բաց կառավարման գործընկերության» առաջ, եւ ես գիտեմ, որ կառավարության կողմից այդ գործողությունների ծրագիրը հաստատվել է, որը քննարկվել եւ շրջանառության մեջ է դրվել։ Այս գործողությունների ծրագրով առաջընթացը կարեւոր է Հայաստանի համար, ինչը կօգնի, որ ՀՀ—ն բարելավի իր ցուցանիշները, որոնք դիտարկվում են «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» կողմից»։
Դեսպանը հիշեցրեց, որ մեր երկիրը նախկինում եղել է «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» ծրագրի շահառու, եւ այս աշխատանքը կարող է օգնել, որպեսզի ՀՀ—ն մասնակցի կորպորացիայի ծրագրերին։
Համաժողովի ընթացքում ՀՀ կառավարությունը ներկայացրեց «Բաց կառավարման գործընկերություն—Հայաստան» գործողությունների ծրագիրը եւ դրանով ստանձնած ՀՀ հանձնառությունների իրականացման ընթացքը։
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը տեղեկացրեց, որ ԲԿԳ—ն համեմատաբար նոր նախաձեռնություն է, որին Հայաստանը միացել է 2011 թվականին։ 
«Պետական կառավարման համակարգի արդյունավետության մակարդակի բարձրացումը կառավարության ուշադրության կենտրոնում է։ Սա ցույց է տալիս Հայաստանի պատրաստակամությունը՝ հանրային ծառայություններ մատուցելիս ապահովելու առավել թափանցիկություն եւ հաշվետվողականություն։ Բաց կառավարման գործընկերությունը հրաշալի հնարավորություն է ընձեռում կառավարությունները դարձնելու ավելի բաց, ունենալու ինստիտուտներ, որոնք կնպաստեն քաղաքացու ակտիվ մասնակցությանը՝ որոշումների կայացման գործընթացում»,—ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԲԿԳ հայաստանյան համակարգող Տիգրան Գեւորգյանը։
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար, ԲԿԳ գործողությունների ծրագրի նախագիծը մշակող աշխատանքային խումբը գլխավորող Աշոտ Հովակիմյանն էլ ընդգծեց, որ համաժողովը ԲԿԳ—ին նվիրված առաջին խոշոր միջոցառումն է Հայաստանում. «ԲԿԳ նախաձեռնությունը ներդաշնակորեն ներհյուսվեց Հայաստանում իրականացվող նման նախաձեռնությունների ընդհանուր ռազմավարությանը։ Այն եւս մեկ արդյունավետ ձեւաչափ տրամադրեց հանրային կառավարման արդյունավետությունը, վերահսկողությունն ու թափանցիկությունն ապահովելու համար։ Եվ որպես այդպիսին, ամբողջապես համահունչ է այն ծրագրերին, որոնք ՀՀ կառավարությունն արդեն իրականացրել է։ Զուտ իրավական նշանակությամբ էլ այն առանձնանում է որպես վերջին տարիների ընթացքում միջազգային քաղաքականության ասպարեզում ի հայտ եկած ծանրակշիռ եւ հեղինակավոր նախաձեռնություն»։ hhpress.am
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 491 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024