Հայաստանը, որպես Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում նախագահ, պատմական հնարավորություն ունի մեծ ներդրում անել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, ԵԽ ԽՎ մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԵԽ ԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը։ Նա ասաց, որ որպես Եվրոպայի խորհրդի պատգամավորներ, իրենք ամեն ինչ կանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար։ Ինչ վերաբերում է ԵԽ ԽՎ–ում ԼՂ հիմնահարցով նախկինում զբաղվող ենթահանձնաժողովի աշխատանքների վերականգնմանը, Մինյոնը եւս մեկ անգամ ընդգծեց, որ ինքը դեմ է այդ ենթահանձնաժողովի գործունեությանը։ «Ես ֆրանսիացի եմ, եւ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, եւ ես համարում եմ, որ այդ բանակցությունների շարժիչ ուժը ԵԱՀԿ Մինսկի խումբն է»,–հավելեց Մինյոնը։ Նա ասաց, որ մի քանի օր առաջ Ադրբեջանում հանդիպել է այդ երկրի արտգործնախարարի հետ եւ «հետաքրքիր ու դրական զրույց» ունեցել Մամեդյարովի հետ։ Իսկ արդեն այսօր առանձնազրույց կունենա Հայաստանի արտգործնախարարի հետ։ «Իմ եւ Խորհրդարանական վեհաժողովի դերն այն է, որ հարգենք յուրաքանչյուրի մոտեցումները։ Դա բանակցությունների հաջողության գրավականն է։ Չմոռանալով անցյալը, պետք է նայել դեպի ապագան»,–նկատեց Մինյոնը։ ԵԽ ԽՎ նախագահը նաեւ անդրադարձավ «Արմենիա—Մարիոթ» հյուրանոցի մոտ ցույց անող ընդդիմության ներկայացուցիչների պահանջներին։ Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում քաղբանտարկյալի գոյության մասին հարցին պատասխանելիս պետք է հիմնվել ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցների վրա, որոնք հրապարակվում են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի իմացությամբ։ «Ցանկացած դատավճիռ պետք է օրենքի հիման վրա լինի, եւ մենք բոլոր անդամ երկրներին կոչ ենք անում կատարել օրենքի պահանջները եւ մենք՝ ինքներս էլ օրինակ ենք ծառայում։ Իսկ ընդդիմության ակցիաները նորմալ են։ Շատ երկրներում են ընդդիմադիրները բողոքի ակցիա կազմակերպում։ Մենք ուզում ենք, որ խոսքի ազատությունը հարգվի, մամուլն ազատ լինի»,–հավելեց ԵԽ ԽՎ նախագահը։ Ճեպազրույցին ներկա լրագրողներին Մինյոնն ասաց, որ զգում է՝ Հայաստանում մամուլն ազատ է։ «Կա մեծամասնություն, կա փոքրամասնություն, եղել են ընտրություններ եւ որոշ մարդիկ երջանիկ են, որոշները՝ ոչ։ Օրինակ, իմ կուսակցությունը նախկինում իշխում էր Ֆրանսիայում, իսկ այժմ ես ընդդիմություն եմ, եւ ինչպես տեսնում եք, ես ինձ լավ եմ զգում։ Եվ շատ նորմալ է, որ կա ընդդիմություն, կա մեծամասնություն։ Ի վերջո, փոքրամասնությունը ստիպում է մեծամանսությանը լավ աշխատել, եւ չունենալով ընդդիմություն, չի լինի ժողովրդավարություն»,–նշեց ԵԽ ԽՎ նախագահը։ ԵԽ ԽՎ—ում Հունգարիայի պատվիրակության ղեկավար, իշխող կուսակցության պատգամավոր Մարտոն Բրաունը լրագրողներին վստահեցրեց, որ իր երկիրը ցանկանում է վերականգնել ՀՀ—ի հետ կապերը։ «Ես չգիտեմ, թե ինչ ծրագրեր կան մեր երկրների դիվանագիտական կապերի օրակարգում։ Հունգարիան ցանկանում է վերականգնել հարաբերությունները Հայաստանի հետ, մենք խնդիր չունենք Հայաստանի հետ»,–ասաց հունգար պատգամավորը։ Մարտոն Բրաունը նկատեց, որ հայ—հունգարական տնտեսական կապերը զարգացնելու անհրաժեշտություն կա, քանի որ Հունգարիայում վաղուց հայկական համայնք է ապրում, որի հարաբերությունները Հայաստանի հետ միշտ եղել են հիանալի։ Ուստի, հունգար պատգամավորի համոզմամբ, անհրաժեշտ է հաղթահարել տեղի ունեցածը։ Վեհաժողովում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Նորսունա Մեմեջանը, որը Թուրքիայում իշխող «Արդարություն եւ աշխատանք» կուսակցության անդամ է, Երեւան եկել է առաջին անգամ եւ շատ ժամանակ չի ունեցել տեսնելու՝ ինչպիսի քաղաք է։ «Բայց այն, ինչ տեսա, զարգացում է, ու դա շատ լավ է։ Երեւանը զարգանում է, կյանքի որակը լավանում է, կատարելագործվում»,–նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա։ Հայաստան—Թուրքիա հարաբերությունների եւ ղարաբաղյան հիմնախնդրի հարցում թուրք—ադրբեջանական տանդեմի վերաբերյալ հարցերին տիկին Նորսունան չէր ցանկանում պատասխանել։ Այնուամենայնիվ, ասաց, որ Թուրքիան ցանկանում է, որպեսզի Հայաստան—Թուրքիա, Հայաստան—Ադրբեջան հարաբերությունները նորմալանան։ Բավական դժվարությամբ հաջողվեց ստանալ պատասխան հայ—թուրքական արձանագրությունների մասին հարցին։ Նա ասաց՝ հույս ունի, որ հայ—թուրքական արձանագրությունների հարցը կվերադառնա քաղաքական օրակարգ։
|