Սփյուռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» ծրագիրն իրականացվում է 2009 թվականից։ Այդ ժամանակ Հայաստան են այցելել 14—25 տարեկան 317 պատանի ու երիտասարդ՝ աշխարհի 14 երկրից։ Մինչդեռ այս տարի ունենք 900—1000 սփյուռքահայ մասնակից՝ ավելի քան 30 երկրից։ Ընդ որում՝ մասնակիցներից մեկը Թուրքիայից է։ Ծրագիրն իրականացվելու է հունիսի 16—ից օգոստոսի 31—ը՝ 8 փուլով։ Առաջին անգամ մասնակիցների համար կազմակերպվելու են հայոց լեզվի դասընթացներ, որոնք անցկացվելու են Երեւանի Ստ. Շահումյանի անվան դպրոցում։ Նախորդ տարիների պես այս տարի էլ կա 4—օրյա ճամբարային փուլ։ Այն կկազմակերպվի Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում։ Ճամբարային օրերին կիրականացվի ակտիվ հանգիստ։ Կկազմակերպվեն ժամանցի, ճանաչողական միջոցառումների, պետական այրերի, մշակութային անվանի գործիչների հետ հանդիպումներ, ազգային երգի ու պարի, հայրենագիտության դասեր եւ, որ նորույթ է, մարզումների, մարզական միջոցառումների ընդգրկուն ծրագիր։ «Արի տուն» ծրագրի առաջին փուլին մասնակցության հայտ է ներկայացրել 92 երիտասարդ՝ 10 երկրից։ Մինչեւ եկող ամսվա վերջը Հայաստանում շատերի կրծքին ու մեջքին կկարդանք՝ «Արի տուն»։ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն—2013» ծրագրի առաջին փուլի մեկնարկը տրված է, «Արի տուն» գրությամբ եւ համապատասխան տարբերանշանով շապիկներն էլ արդեն մասնակիցները հագել են։ Ծրագրի մեկնարկի մասին ազդարարվեց երեկ՝ ամենափոքր մասնակցին՝ Էրիկին, «մենաշնորհային» շապիկը հագցնելու ավանդական գործընթացով։ Բայց քանի որ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը գործուղման մեջ էր, այդ ավանդույթը շարունակեց աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը։ Իսկ «բարով եք եկել» ասաց նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը. «Ծրագիրը թվով հինգերորդն է։ Մասնակիցների թվին զուգահեռ ընդլայնվում է նաեւ աշխարհագրությունը»։ Վրաստանում ապրող Սեդան վստահ է, որ շատ ուրախ օրեր է անցկացնելու։ «Արի տուն» ծրագրի մասին ուսուցիչն է տեղեկացրել. «Ուզում եմ լինել Հայաստանի բոլոր վայրերում ու համտեսել այստեղ պատրաստած քաբաբը»։ Մի քանի տարի հետո էլ նորից գալու է՝ երազանքն է իրականացնելու. «Ընկերուհուս հետ երազում ենք գալ եւ Երեւանում սովորել։ Ուզում ենք փաստաբան դառնալ եւ այստեղ էլ ապրել։ Դրան ոչ մի բան չի խանգարի։ Եթե ուզենք՝ մեր երազանքին կհասնենք։ Իսկ մենք շատ ենք ուզում»։ Էլեոնորան Բելառուսից է եկել։ Այնտեղ է ծնվել։ Վերջին անգամ 4 տարի առաջ է եկել Հայաստան։ Բայց հույս ունի, որ սա վերջին այցը չի լինելու. այստեղ բարձրագույն կրթություն ստանալու նպատակ ունի. «Կարոտում եմ Հայաստանը։ Դեռ այնպիսի հայկական վայրեր կան, որոնք չեմ տեսել։ Շատ ուրախ կլինեմ դրանք տեսնել։ Երեւանի կենտրոնն էլ չէի տեսել։ Ճիշտն ասած՝ Հայաստանը շատ է գեղեցկացել»։ Մերին էլ է Բելառուսից։ Բարձրագույն կրթության մասով նա էլ նույն ծրագրերն ունի. «Շատ եմ ուզում այստեղ ապրել։ Ամեն ինչ հարազատ է ինձ»։ Բելառուսում աղջիկները հաճախում են հայկական կիրակնօրյա դպրոց։ «Այնտեղ ամեն ինչ սովորում ենք՝ հայկական երգ, պար, պատմություն, լեզու… Ընտանիքում էլ հայերեն ենք խոսում»։ Հայերի ու այլազգիների միջեւ զուգահեռներ են անցկացրել ու եզրակացրել՝ հայերի աչքերը սիրուն են։ Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանն ասում է՝ հայրենիքին կապող, հայ հանրության բարքերին, սովորույթներին, էթնիկ հայրենիքին ծանոթացնող այս ծրագիրը աշխարհի տարբեր երկրներից մայր հայրենիքի կանչով ամեն անգամ հայրենիք է բերում երիտասարդների, ովքեր մեկ անգամ լինելով Հայաստանում՝ կապվում են հայրենիքի հետ։ Գլենդելի «Նարեկ» կրթական մշակութային կենտրոնի տնօրեն Ռիմա Սարյանի խոսքերով՝ «Արի տունը» իրենց աշխատանքի շարունակությունն է։ Լավ ապրելու իր «բաղադրատոմսի» համաձայն՝ հյուրընկալող ընտանիքներից մեկը մի մեծ «կաթսայի» մեջ «լցնելու» է հայրենասիրություն, արդարամտություն, մարդասիրություն. «Համոզված ենք, որ երբ հասնեք այն երկիր, որտեղ ապրում եք, ճամպրուկները հավաքելու եք ու գաք Հայաստան։ Հայրենիքն է ձեզ ուժ տալիս»։ hhpress.am
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
|