96 տարի առաջ տեղի ունեցած մայիսյան հերոսամարտերի հերոսների հիշատակը շարունակվում է վառ մնալ։
Երեկ Սարդարապատի հուշահամալիրի թանգարանում տեղի ունեցավ միանգամից մի քանի միջոցառում։ Առաջինն Արմավիրի մարզի Արաքս գյուղի փողոցների անվանակոչության հանդիսավոր արարողությունն էր։ Հարգելով զորավարներ Մովսես Սիլիկյանի եւ Դանիել Բեկ—Փիրումյանի հիշատակը՝ Հայաստանի ազգագրության պետական թանգարանի եւ Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիրի տնօրենության եւ Արաքսի գյուղապետարանի նախաձեռնությամբ դեպի հուշահամալիր տանող մայրուղին անվանվեց Մովսես Սիլիկյանի, իսկ դեպի թանգարան տանող ճանապարհը՝ Դանիել Բեկ—Փիրումյանի անուններով։ «Արդեն շուրջ երկու տարի է, թանգարանը նախաձեռնում է տարատեսակ միջոցառումներ։ Մենք զուտ պաշտոնական պարտականություն չենք կատարում՝ հերոսների հիշատակը հավերժացնելով։ Մենք տալիս ենք մեր հոգու պարտքը»,— հայտարարեց թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը։
Արարողությանը ներկա ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արա Նազարյանն ասաց. «Սարդարապատը մեր հաղթանակների բնօրրանն է, մեր հաղթանակների դարբնոցը։ Սարդարապատը հայոց միասնության եւ հավաքական պայքարի օրինակն է։ Մայիսյան հերոսամարտերի պատմության մեջ «ոսկե» տառերով են գրվել զորավարներ Մովսես Սիլիկյանի եւ Դանիել Բեկ—Փիրումյանի անունները։ Հայ ժողովուրդը սրբությամբ է պահպանում իր քաջ եւ ազատասեր որդիների հիշատակը։ Այսօր մենք մեծ հպարտությամբ մասնակից ենք դառնում փողոցների անվանակոչության արարողությանը»։ Ապա հավելեց. «1918 թվականի մայիսյան հերոսամարտերը հայոց ազատագրական պայքարի առանցքային ուղենիշներն էին, որոնք կենսական նշանակություն ունեցան հայոց պետականության ձեւավորման գործում։ Թող այս ուղենիշները մեզ միշտ առաջնորդեն մեր կյանքում»։
Արաքսի գյուղապետ Ռուբեն Կարապետյանը ներկայացրեց փողոցների անվանակոչման որոշումը։
Փողոցների անվանակոչման արարողությունից հետո տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանին նվիրեց մայիսյան հերոսամարտի մասնակիցներ Հովհաննես Բաղրամյանի անձնական նամակը եւ Զեյթունի գնդի գրագիր Արամայիս Հարությունյանին պատկանող փաստաթղթեր՝ ծառայողական ցուցակը, 1915 թվականին արված լուսանկարը։
Հաջորդը ցուցահանդեսի բացումն էր։ «Պատերազմի եւ խաղաղության դեմքը» ցուցահանդեսը նվիրված է Բիշքեկում կնքված ղարաբաղյան պատերազմի զինադադարի 20—ամյակին։ «Մենք ցանկացել ենք այս ցուցադրությամբ մշակութաբանական դիտանկյունից ներկայացնել պատերազմի եւ խաղաղության բեւեռները»,–ասաց թանգարանի գիտական գծով տնօրեն Սվետլանա Պողոսյանը։
Ցուցահանդեսում ներկայացված է Կարեն Գեւորգյանի լուսանկարչական ցուցադրությունը, նկարներն արվել են արցախյան հերոսամարտի ընթացքում՝ 1993—1994թթ.։
«Այցելուն այստեղ կարող է տեսնել պատերազմի եւ խաղաղության դեմքը։ Շատ ուշագրավ են պատերազմ տեսած երեխաների դեմքերը։ Ցուցահանդեսը ավարտում ենք խաղաղության թեմայով»,–նշեց Ս. Պողոսյանը»։
«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն ասաց, որ սա այն դեպքն է, երբ լրագրողները գրում են պատմություն, որպեսզի պատերազմի եւ խաղաղության պատմությունը պատկերացնենք նաեւ իրենց լուսանկարների միջոցով. «Լուսանկարները թույլ են տալիս հասկանալ պատերազմի զոհողությունները եւ արժեւորել այն խաղաղությունը, որ մենք այսօր ունենք»։
Թանգարանում ներկայացվեց նաեւ «1918թ. մայիսյան հերոսամարտերը մասնակիցների հուշերում» գիրքը, որը մեկ այլ տեսանկյունից է ներկայացնում մայիսյան գոյապայքարը։ Այդտեղ հուշապատումներ են, որոնք գրանցվել են 1980—ական թվականներին, ուղղակի ականատեսներ, մասնակիցներ իրենց գրառումներն են ներկայացնում մարտերի մասին։
«Գիրքը նաեւ վաճառքի է հանվելու եւ այն լուրջ ձեռքբերում է մեզ համար»,—ասաց Ս. Պողոսյանը։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
|