Գլխավոր էջ » 2015»Ապրիլ»3 » Հետագա ոճրագործությունները կանխելու կարեւոր քայլ /Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը/
12:16
Հետագա ոճրագործությունները կանխելու կարեւոր քայլ /Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը/
Ժխտողականությունը դարձել է մերօրյա Թուրքիայի բնորոշ դիմագիծը։ Այնքան բնորոշ, որ արդեն զարմանալի չէ, որ ժխտողականությունը Թուրքիայում իրականացվում է պետական մակարդակով։ Այսօր Թուրքիայում գրեթե բոլոր պատմագիտական կազմակերպությունները, խոշորագույն թերթերը, հեռուստատեսությունն ու ռադիոն ներգրավված են այս քաղաքականության մեջ։ Այդուհանդերձ, քաղաքակիրթ աշխարհում ավելի ու ավելի է արմատանում ուրացող եւ ժխտող հանցագործ պետության հետ համապատասխան լեզվով խոսելու համոզմունքը։
Եվրոպական երեք պետություններ՝ Հունաստանը, Սլովակիան եւ Շվեյցարիան արդեն իսկ ընդունել են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Երեկ նման օրինագիծ միաձայն ընդունվել է Կիպրոսի խորհրդարանում։ Այդ երկրում ցեղասպանությունը ժխտողները կպատժվեն հինգ տարվա ազատազրկմամբ եւ կվճարեն 10000 եվրո տուգանք։
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ելույթ է ունեցել Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատում եւ շնորհակալություն հայտնել Կիպրոսին՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունելու համար։
Հայոց ցեղասպանության եւ դրա ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ ելույթ է ունեցել Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Յաննակիս Օմիրուն։