Հայաստանի կառավարության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող, ծրագրային ապահովման մշակմամբ մասնագիտացած «GFI Software» ընկերության միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ՀՀ կառավարության անունից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, իսկ «GFI Software» ընկերության անունից՝ վերջինիս գլխավոր տնօրեն Վալտեր Սկոտը։ Կողմերը կարեւորել են հուշագրի ստորագրումը եւ նշել, որ այն կնպաստի երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ու «GFI Software» ընկերության կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերի ընդլայնմանը։ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ ՏՏ ոլորտը հանդիսանում է կառավարության առաջնային ուղղություններից մեկը եւ գտնվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուշադրության ներքո։ Վալտեր Սկոտը տեղեկացրել է, որ իր գլխավորած ընկերության 2011 թվականից գործող հայաստանյան մասնաճյուղում այժմ աշխատում է 50 մարդ։ Նախատեսվում է առաջիկայում աշխատատեղերի թիվը առնվազն կրկնապատկել։ «GFI Software» ընկերության գլխավոր տնօրենը բարձր է գնահատել ՏՏ բնագավառում մեր երկրի հետագա զարգացման հնարավորությունները եւ ընդգծել հայաստանյան մասնագետների ունեցած բարձրակարգ գիտելիքներն ու հմտությունները։
*** «GFI Software» ընկերությունը ծրագրային ապահովման մշակմամբ մասնագիտացված առաջատար կազմակերպություն է, որը հնարավորություն է ընձեռում ցանցային ադմինիստրատորներին լուծել ցանցի անվտանգության եւ բովանդակության, ինչպես նաեւ հաղորդագրությունների փոխանցման հետ կապված բոլոր խնդիրները՝ ծրագրերի միասնական հավաքածուի կիրառման միջոցով։ Ընկերության նպատակն է առաջարկել տեխնոլոգիական լուծումներ, որոնք անհրաժեշտ են բիզնեսին՝ ՏՏ միջավայրի արդյունավետ մոնիտորինգը, կառավարումն ու անվտանգությունն ապահովելու նպատակով։ Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են՝ — «ամպային» տեխնոլոգիաների վրա հիմնված ծառայություններ, — էլ. փոստի անվտանգության եւ արխիվացման լուծումներ, — ցանցային անվտանգության լուծումներ, — հեռավար մոնիտորինգի եւ կառավարման (RMM) ծառայություններ, — ռեզերվային ծրագրային ապահովման ծառայություններ, — կառավարման հակավիրուսային համակարգեր։ «GFI Software»–ը հիմնվել է 1992թ. եւ ունի գրասենյակներ ԱՄՆ–ում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Ավստրալիայում, Մալթայում, Հոնկոնգում, Ֆիլիպիններում, Ռումինիայում, Հայաստանում եւ Կիպրոսում։ «GFI Software»–ի գործընկերների թիվն ամբողջ աշխարհում գերազանցում է 10 հազարը։ Այն ստացել է նաեւ «Microsoft Gold Certified Partner»–ի կարգավիճակ։ Ընկերության տարեկան շրջանառությունը կազմում է շուրջ 200 մլն ԱՄՆ դոլար։ «GFI Software»–ի հաճախորդների թվում են Եվրոպայի կենտրոնական բանկը, «Microsoft», «NASA», «Volkswagen», «Coca–Cola», «BMW», «Siemens», «Fujitsu», «Peugeot», «Toyota», «Compaq», «Ericsson», «Giorgio Armani», «Benetton» եւ մի շարք այլ հայտնի ընկերություններ։
|