ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ընթացքում եւս մեկ անգամ հաստատել է, որ հուլիսյան իրադարձությունների ընթացքում տեղի ունեցած բոլոր դեպքերը պետք է առանձին—առանձին քննվեն, ուսումնասիրվեն եւ բոլոր այն անձինք, ովքեր անցել են օրենքի գիծը կամ ոչ իրավաչափ գործողություններ են կիրառել, պատժվելու են, եւ բոլոր խնդիրներն ունենալու են այնպիսի լուծումներ, ինչ ակնկալում է հանրությունը։ Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է ՀՀ Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։
Անդրադառնալով պաշտոնանկությունների հարցին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ դրանց մասին հայտարարություններն արդեն իսկ պերճախոս էին։ Նրա խոսքով՝ կուսակցության գործադիր մարմնի նիստում այլ պաշտոնանկությունների մասին հարցեր չեն քննարկվել։
Խոսելով ազգային համաձայնության կառավարության ձեւավորման հնարավորության մասին՝ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ դա ավելի լայն գաղափար է եւ կապված չէ պահի գործողությունների հետ, այլ այն գլոբալ բարեփոխումների, որոնք նախաձեռնվել էին սահմանադրական փոփոխությունների համատեքստում։
Անդրադառնալով օգոստոսի 10—ին Սերժ Սարգսյանի ՌԴ կատարելիք այցին՝ Հ. Նաղդալյանն ասել է. «Մեր հարաբերությունները բազմակողմանի են, անընդհատ զարգացման մեջ են։ Սա այց է, որի շրջանակներում քննարկվելու են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր»։
|