Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Իսպանիայի արտաքին գործերի նախարարությանը՝ աշխարհահռչակ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցի կապակցությամբ։ Ադրբեջանում կարծում են, որ երգչուհին ԼՂՀ այցելելու համար պետք է ստանար Բաքվի «թույլտվությունը»։ Ադրբեջանի արտգործնախարարությունը Մադրիդից պահանջում է «բացատրություն տալ» Մոնսերատ Կաբալյեի ԼՂՀ կատարած այցին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Մոնսերատ Կաբալյեն արդեն երրորդ օրն է՝ գտնվում է ԼՂՀ—ում։ Երգչուհուն նախօրեին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Կաբալյեն այցելել է Գանձասար եւ Շուշի, ծանոթացել միջնադարյան հայկական եկեղեցական ճարտարապետական արվեստին։ Երգչուհին չի թաքցրել իր հիացմունքը, եւ ԼՂՀ նկատմամբ իր հետաքրքրությունը բացատրել է հայկական քրիստոնեական հուշարձանների առատությամբ։ «Ես այստեղ եմ գտնվում որպես երգչուհի։ Բացի դրանից, ես ներկայացնում են Միավորված ազգերի կազմակերպությունը։ Առաջարկում եմ ձեզ իմ ձեռքն ու սիրտը»,–ասել է երգչուհին Ստեփանակերտում։ «Այս երկիրը ոչ միայն քրիստոնեության կղզի է, այլեւ քրիստոնեության պատմության արմատը։ Ես քրիստոնյա եմ ոտքից մինչեւ գլուխ»,–ընդգծել է նա։ Մոնսերատ Կաբալյեի համերգը Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ տեղի է ունեցել երեկ, Ստեփանակերտում։ Աշխարհահռչակ երգչուհու համերգը Երեւանում տեղի կունենա հունիսի 9—ին։