Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է իսպանացի գրող Գոնսալո Գուարչին, ում Հայոց ցեղասպանության թեմայով փաստագրական երեք վեպերի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը օրերս է տեղի ունեցել Երեւանում։ Գոնսալո Գուարչի եռագրությունը՝ «Հայկական տոհմածառը», «Հայոց կտակ» եւ «Սպիտակ լեռը», ներկայացնում է ոչ միայն 1915թ. ողբերգական իրադարձությունները, այլ նաեւ քաղաքական այն դրդապատճառները, որոնք հանգեցրել են ցեղասպանության։ Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում եւ երախտագիտություն հայտնել Գոնսալո Գուարչին՝ իր գրական գործունեության ընթացքում մեր ժողովրդի պատմությանն անաչառորեն անդրադառնալու եւ անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից իրագործված ոճրագործությունը իսպաներեն, այնուհետեւ ռուսերեն լեզուներով գեղարվեստորեն ներկայացնելու համար։ Հայ ժողովրդի համար, ըստ հանրապետության նախագահի, դա իսկական բարեկամության, սիրո եւ պատմական արդարության վերականգնման գործում աջակցության օրինակ է, որը չափազանց գնահատելի է։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը վստահաբար նույնպիսի զգացումներ է տածում Գոնսալո Գուարչի նկատմամբ։ Բարձր գնահատելով գրողի գործունեությունը՝ նախագահը պարգեւատրել է նրան «Մովսես Խորենացի» մեդալով եւ նշել, որ Գոնսալո Գուարչի գրական աշխատանքը մշակույթների եւ քաղաքակրթությունների փոխադարձ հարստացման իսկական օրինակ է։ Իսպանացի գրողը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին բարձր պարգեւի ու ջերմ խոսքերի համար եւ ընդգծել, որ հպարտությամբ ու պատվով կկրի մեդալը՝ փորձելով կյանքի հետագա տարիներին էլ արժանի լինել այդ մեծ պարգեւին։ Հանդիպման ավարտին հանրապետության նախագահը առողջություն եւ ստեղծագործական հետագա հաջողություններ է մաղթել Գոնսալո Գուարչին։ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մշտապես պատրաստ է կանգնել իր բարեկամների կողքին եւ ուրախ կլինի մեծագույն հաճույքով նրանց վերստին հյուրընկալելու։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|