Հայաստանը պետք է շարունակի զուգահեռ ինտեգրումը Հայաստանը պետք է շարունակի զուգահեռաբար ընթացող ինտեգրման գործընթացները միջազգային տարբեր կառույցների հետ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։ «Մեզ համար ցանկացած ինտեգրացիոն գործընթաց ձեռնտու է բոլոր առումներով, ուստի մեր կառավարությունը պետք է շարունակի բանակցությունները կողմերի հետ»,–նշեց նա։ Ապա ընդգծեց, որ այս պահին նպատակահարմար չէ Եվրամիությունից կամ մաքսային միությունից որեւէ մեկին առավելություն տալն ու գնալն այդ ուղղությամբ։ Անդրադառնալով հարցին, թե չե՞ն խանգարի արդյոք այդ գործընթացին երկու կողմերից Հայաստանի վրա հնարավոր ճնշումները, քաղաքագետը նշեց, որ ինքն այս պահին որեւէ կողմից Հայաստանի վրա ճնշումներ չի նկատում։ Դիտարկմանը, թե արդյո՞ք գազի գնի բարձրացումը Ռուսաստանի կողմից գործադրվող ճնշում չէր մաքսային միությանն անդամագրվելու համար, քաղաքագետը բացասական պատասխան տվեց։ «Գազի գնի բարձրացումը չի կարելի Հայաստանի վրա գործադրվող ճնշում համարել՝ Եվրամիության հետ համագործակցելու համար»,–ասաց նա՝ ընդգծելով, որ դեռ անցած տարվանից գիտեին, որ գազի գինը կարող է թանկանալ։ Շաքարյանցի դիտարկմամբ՝ այս պահին Հայաստանի առջեւ ինտեգրման հարցում «կամ—կամ»—ի խնդիր չկա դրված, եւ քանի դեռ չկա նման բան, Հայաստանը պետք է շարունակի օգտվել իրեն ընձեռված հնարավորությունից՝ երկու կողմերի հետ էլ խորացնելով համագործացկությունը։ Հայաստանն արտաքին քաղաքականության ոլորտում շարունակում է բազմավեկտոր քաղաքականությունը՝ խորացնելով հարաբերություններն ու համագործակցությունը տարբեր կառույցների հետ։ Չնայած շատ է խոսվում այն մասին, որ ինտեգրման գործընթացներում Հայաստանը երկընտրանքի առջեւ կկանգնի, Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ այդ հարցում իրենց առջեւ ընտրություն կատարելու պահանջ չի դրվել եւ չի դրվելու։ Տնտեսագետ Սամվել Ավագյանի կարծիքով, Հայաստանի համար ազատ առեւտուրը շահավետ է թե՛ Եվրոպական միության եւ թե՛ Եվրասիական միության անդամ եւ դիտորդ երկրների հետ։ Ըստ նրա՝ երկու կառույցների հետ էլ արտաքին առեւտրաշրջանառությունը գրեթե հավասար է՝ 29—30 տոկոս։ Տնտեսագետը չմոռացավ նշել նաեւ, որ Եվրամիության հետ առեւտուրը 2012—ին մի փոքր ավելի բարձր ցուցանիշ է արձանագրել։ Տնտեսագետի դիտարկմամբ՝ եթե Հայաստանը անդամակցի Եվրասիական մաքսային միությանը, այդ դեպքում չի կարողանա շարունակել բանակցությունները Եվրոպական միության հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը ստորագրելու հարցով։ «Ցանկացած մաքսային միության անդամ երկիր չի կարող այլ կողմերի հետ ինքնուրույն առեւտրային բանակցություններ վարել, քանի որ նա պարտավորվում է երրորդ կողմի հետ այդպիսի բանակցություններ սկսել միայն մաքսային միության միջոցով»,–ասաց նա՝ նկատելով, որ սրանով մաքսային միությունները տարբերվում են ազատ տնտեսական գոտիներից։ Տնտեսագետը նշեց, որ ԱՊՀ—ն եւ ԵՄ—ն կարեւոր գործընկերներ են Հայաստանի համար, ինչը նշանակում է, որ վերջինս պետք է երկու ուղղությամբ էլ շարունակի ինտեգրման գործընթացը։
|