Գլխավոր էջ » 2015»Նոյեմբեր»30 » Կառավարությունում տեղի է ունեցել արտահանման խթանման վերաբերյալ խորհրդակցություն
10:59
Կառավարությունում տեղի է ունեցել արտահանման խթանման վերաբերյալ խորհրդակցություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել տեղական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ խորհրդակցություն՝ շահագրգիռ պետական գերատեսչությունների եւ գործարար աշխարհի ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են տեղական արտադրանքի արտահանման խթանման ոլորտում տիրող իրավիճակը, այդ ուղղությամբ իրականացվող քայլերը եւ առկա հնարավորությունները։ Այս համատեքստում, մասնավորապես, արծարծվել են դեպի Ռուսաստանի Դաշնություն եւ ԵԱՏՄ անդամ երկրներ հայկական արտադրանքի արտահանման խթանմանը վերաբերող հարցեր։ ՀՀ վարչապետի առաջարկությամբ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է ՌԴ կողմից թուրքական ապրանքների նկատմամբ նախատեսվող արգելանքի պարագայում սպասվելիք իրավիճակն ու հայկական արտադրանքի արտահանման ծավալն ավելացնելու հնարավորությունները։ Մասնավորապես, քննարկվել են գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ ներդրումների ոլորտներում հնարավոր քայլերն ու գործողությունները։
Մտքերի փոխանակության ընթացքում կառավարության ղեկավարին են ներկայացվել նաեւ արտահանող ընկերություններին հուզող խնդիրները։ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել արտահանման խթանմանն ուղղված յուրաքանչյուր ողջամիտ նախաձեռնության։ Կառավարության ղեկավարը հորդորել է գործարարներին բաց չթողնել ստեղծված իրավիճակում առաջացող հնարավորությունները եւ ավելացնել դեպի ռուսաստանյան շուկա արտադրանքի արտահանման ծավալը։ Վարչապետը նաեւ հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին՝ ակտիվ աշխատել իրենց ոլորտներում նախանշված ուղղություններով եւ սեղմ ժամկետում կառավարություն ներկայացնել գործողությունների հստակ ծրագիր։