ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 04:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 27 » Լեզվի մշակույթն ու լեզվական քաղաքականությունը /Մեր լեզուն մեզ համար ոչ միայն վահանի, այլեւ սրի դեր է կատարում/
15:02
Լեզվի մշակույթն ու լեզվական քաղաքականությունը /Մեր լեզուն մեզ համար ոչ միայն վահանի, այլեւ սրի դեր է կատարում/

Մարդու գիտակցությունը կազմակերպում է լեզուն՝ գրավոր եւ բանավոր խոսքի միջոցով։ Լեզուն մտածողության նախադուռն է, պայմանը, եւ բնության մեջ մարդկային լեզուն է միայն, որ տալիս է արտադրանք։ Լեզվի միջոցով է մարդը կազմակերպվում ու կազմակերպում կյանքը, առօրյան, կապվում անցյալի հետ, բացահայտում ներկան, կերտում ապագան։ Այն պահից, երբ բնազդն ընկալում է լեզուն, իսկ լեզուն՝ գիտակցության սաղմը, ծագում է լեզվական մշակույթի խնդիրը։ Մենք գիտենք մեր այբուբենի ստեղծման պատմությունը, մեր գրավոր լեզվի նշանագրերը, գիտենք մեր մեծերին, որ սկիզբ դրեցին գրավոր լեզվի մշակույթին եւ ավանդեցին սերունդներին, գիտենք՝ որքան նախանձախնդիր էին նրանք եւ որքան նախանձախնդիր էր մեր դպրոցը՝ այն ուսուցանելու խնդրում, քանզի հասարակության լեզվամտածողությունից ու գիտակցությունից է կախված ժողովրդի՝ որպես տեսակի, լինել—չլինելու հարցը եւ այդ տեսակի որակական ամբողջականությունը, իսկ այս ամենի պատասխանատուն լեզվական քաղաքականությունն է, ինչը խորհրդային ժամանակաշրջանում տարերայնությունից դարձավ միանգամայն նպատակային ու հետեւողական, ու թեեւ Հայաստանի Հանրապետությունը խորհրդային երկրի մասնիկ էր կազմում, որոշակիորեն պահպանում էր ինքնությունն ու լեզվի մշակութային որակները, եւ ժարգոնային խոսքի ստորակարգությունը չէր ներխուժում գրական խոսքի տիրույթ ու չէր խաթարում դարերով մշակված լեզվի կուլտուրան։
Խորհրդային կարգերի փլուզումից հետո շատ կառույցների հետ մեկտեղ սկսեց խարխլվել եւ լեզվի մշակույթը, ճաքեր տվեց ազատության ու անարխիզմի սահմանը, եւ լեզուն հայտնվեց առավել անարխիզմի դաշտում, քան պահպանեց ազատությունն ու կուռ համակարգը։ Եթե լեզուն դիտարկենք սոսկ լեզվական երեւույթ, բարձրագույն հաղորդակցության ձեւ, գուցե եւ ներողամտորեն վերաբերվենք այն իրողությանը, որ այժմ տիրում է լեզվական ոլորտում, սակայն լեզուն սոսկ լեզվի խնդիրը չէ, որ լուծում է, սոսկ բարեւ—բարլուսի հարց չէ, այլ այն հիմքն է, որով կազմակերպվում է գիտակցական մտածողությունը եւ ըստ այդմ դառնում այն խարիսխը, որի վրա հենվում է մարդկային գործունեության ցանկացած ձեւ ու ոլորտ։ Թե՛ բանավոր, թե՛ գրավոր խոսքի մշակույթը որոշակիորեն կանոնակարգված երեւույթ է, եւ յուրաքանչյուրն իր շրջանակի մեջ ծառայում է կոնկրետ նպատակի։ Բանավոր խոսքում կարող է որոշ չափով խարխլվել գրավոր խոսքի կառույցը, բայց ոչ երբեք խոսքի մշակվածությունը, այսինքն՝ հնարավոր է շարադասության ետուառաջություն, մտքի ընդհատում կամ որոշ տարերայնություն, սակայն մշակված գրական լեզուն ոչ միայն գրավոր, այլեւ բանավոր լեզուն է, ինչը պետք է պահպանել հասարակության հետ բոլոր տեսակի շփումներում, քանզի դրանից է կախված հասարակության զարգացվածության աստիճանը. որքան զարգացած ու մշակված է լեզուն, այնքան զարգացած է տվյալ հասարակությունը, այնքան զարգացած են այն բոլոր բնագավառները, որոնք կազմակերպում են կյանքը, մարդու առօրյան, կենցաղը։ Պատահական չէ, որ աշխարհահռչակ աստղագետ Վիկտոր Համբարձումյանը սերունդներին կտակել է հայոց լեզվի իմացության պարտականությունը. ով՝ ով, եթե ոչ նա գիտեր իր ասպարեզում լեզվի եւ հատկապես հայոց լեզվի դերակատարության հարցը։ Չէ՞ որ լեզուն է իր հետ բերում ցանկացած մշակույթ, կամրջում ժամանակներն ու տարածությունը, եւ առանց մշակված լեզվի գիտության ու կիրառության՝ անհնար է որեւէ գյուտ անելը։ Վիկտոր Համբարձումյանը գիտեր բազմաթիվ լեզուներ, բայց այդ բոլոր լեզուների իմացությունն ու ճանաչողությունը բխում էր մայրենիի գենետիկ ժառանգությունից, որ պահպանում է մարդու ուղեղը եւ սկսում աշխատել ենթագիտակցորեն՝ բացելով աշխարհընկալման կոդերը եւ նպաստելով այդ կոդերն աշխատեցնելուն։ Մայրենին դնելով փողոցային ժարգոնի հարվածի տակ, հարվածի տակ ենք դնում մեր լեզվի գենետիկ ժառանգությունը, այն ամենը, ինչը մեր ինքնության, անձնագրի, ծննդյան վկայականի, աշխարհի հետ բանակցելու որպես հավասարի, այցեքարտի խնդիրն է։ Ցավոք, փողոցային ժարգոնն այսօր հնչում է ամենուր, բոլոր ամբիոններից ու էկրաններից, մամուլից, բեմերից եւ, կարծես, մի տեսակ ամոթ է դարձել գրական լեզվով խոսելն ու գրելը։ Գռեհկաբանությունը ոչ միայն թափանցել է լեզու, այլեւ, դրա հետ մեկտեղ, դարձել հոգեբանություն. կյանքի որակ. մարդիկ այլեւս չեն քննարկում գաղափարներ. դրանք երկրորդական պլանի վրա են. առաջնայինը դարձել է անձերի քննարկումը, սրա—նրա նիստուկացն ու կապերի բացահայտումը, գրպանի տարողությունը եւ այդ ամենի շուրջ ամենայն հայհոյախոսությունը, ինչից, սակայն, չեն ամաչում ո՛չ տղամարդիկ, ո՛չ կանայք, ո՛չ մեծուփոքր։ Նույնիսկ անձի կարգավիճակը, հասարակական դիրքն ու պաշտոնը վարքագծի զսպօղակ չեն դառնում, եւ օրինակելին արդեն դարձել է արհամարհելի, ծաղրանքի առարկա։ Ստեղծագործական ավյունն սկսել է նահանջել, պասիվությունն ու ծուլությունը գրավել մարդկային ուղեղը. ամենահասարակ ու պարզ հարցերի շուրջ առաջացել է դատողությունների այնպիսի քաոս, որտեղից հազիվ թե անջատվի ճշմարտության որեւէ հատիկ, քանզի ամեն մի խոտոր միտք կարող է ճշմարտության հավակնություն ցուցաբերել եւ անցագիր ստանալ։ Հարց է ծագում. իսկ ո՞ւմ է պետք նման քայքայիչ իրողությունը, ո՞ւմ է պետք զսպել մեր մտքի թռիչքը, սնանկացնել մեր հոգու ու զգացմունքների շտեմարանը, նվաստացնել մեր ինքնությունը, ստորակարգել մեր լեզվի վեհությունը, ո՞ւմ է պետք մեր առջեւ նետել լաթեր՝ մեզնից խլելով մեր բարձրագույն արժեքները, գետնին հավասարեցնել մեր մեծերի վաստակն ու հերոսությունը, նսեմացնել նրանց հասարակության աչքին՝ չխորշելով կասկածի տակ դնել անգամ Մաշտոցի նման մեծության մեծությունը, եթե ոչ թշնամուն...
Դիպչելով լեզվին եւ լեզվական քաղաքականության նժարը դնելով թշնամու կշեռքին, որտեղ այն չի կարող ծանր լինել նենգության ու ստորության նժարից, հարկ է հասկանալ ու ըմբռնել, որ դրանով իսկ ինքներս մեզ դնում ենք մատաղացու գառի տեղ, որի զոհաբերումը ամենեւին էլ մեզ ու մեր Աստծուն չի ծառայելու։ Այն, որ մեր լեզուն մեզ համար ոչ միայն վահանի, այլեւ սրի դեր է կատարում, որ մեր ինքնապաշտպանության ու գոյության առհավատչյան է, վկայում է այն առասպելական դաժանության ու ողբերգականության հաղթահարումը, որ վիճակվել է մեր ժողովրդին իր պատմության օրհասական հատվածներում։ Մեր լեզվի հետ խաղացող բախտախնդիրներին հարկ է տեղյակ պահել մեր լեզվին չտիրապետող աշխարհահռչակ մեծությունների՝ մեր լեզվի մասին կարծիքին, ինչպիսին, ասենք, ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն է. «Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն։ Դրա մեջ արեւելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցյալի խորհրդավոր նշույլի շողարձակումը։ Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը»։ Եվ թող որեւէ մեկը թերահավատորեն չվերաբերվի կամ չզարմանա լեզուն չիմացողի նման բնորոշումից, քանզի եթե ոչ ընթերցելի, ապա լեզուն լսելի է, ձայն է նաեւ, եւ լեզվի հնչյունները մատնում են նրա՝ ինչ լինելը։ Մի անգամ Կիեւում 13–14–ամյա մի պատանի՝ ակամա լսելով մեր խոսակցությունը, անհամբեր ընդհատեց մեզ՝ հետաքրքրվելով, թե ինչ լեզվով ենք խոսում. «Ես չեմ հասկանում, բայց շատ գեղեցիկ լեզու է, շատ նման է երաժշտության»,—ասաց հիացմունքով։ Իսկ լեզվի գիտակները ավելի ստույգ ու խոր են բնորոշել հայերենը, մանավանդ դրա դերակատարությունը մեր ժողովրդի համար, ինչպես Նիկողայոս Մառը. «Հայ լեզուն է այն սարսափելի ուժը, որին ընդդեմ տկար են նաեւ միլիոնավոր բարբարոսների սվինները։ Լեզուն է ազգությանց դրոշակը, լեզուն է նոցա որպիսության եւ վիճակի հայտարարը»։
Լեզուն ոչ միայն մեր ազգային այցեքարտն է դեպի համաշխարհային մշակույթ տանող տաճար, այլեւ այդ մշակույթի մասնիկը, եւ մենք իրավունք չունենք համաշխարհային մշակույթը զրկել մեր գեղեցիկ լեզվի ներկայությունից, որով հպարտանում են անգամ օտարները, ինչպես ժամանակին անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնը. «Ճոխ է հայոց լեզուն եւ առատորեն կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն։ Ես փորձում եմ, իմ փորձն առաջ է ընթանում»։ Եվ Բայրոնը չէր սխալվում, քանզի հայոց լեզվի հետ շփվողը Աստծու ներկայությունն է զգում եւ խոստովանում, ինչպես այն ուսումնասիրող ֆրանսիացի հայագետ Ֆրեդերիկ Ֆեյդին. «Հայերենը՝ իբրեւ Արարատյան լեզու, կոչվում է «Աղոթքի լեզու», այն աստվածային ճոխ ու աննման լեզու է»։
Տիրապետելով աշխարհի գանձերից մեկին, չմոռանանք, որ դրա տերն ու պատասխանատուն մենք ենք եւ ավելի պակաս չսիրենք ու փայփայենք այն, որքան օտարները... hhpress.am

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 287 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024