ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ «panorama.am»—ը զրուցել է իրանագետներ Արմեն Իսրայելյանի եւ Ռուդիկ Յարալյանի հետ։
«Այցի հիմնական նպատակը հայ—իրանական միջկառավարական հանձնաժողովի 12—րդ նիստը նախապատրաստելն ու նախագահ Սերժ Սարգսյանի գրավոր ուղերձը Հասան Ռոհանիին փոխանցելն էր։ Միջկառավարական հանձնաժողովի նիստը նախատեսվում էր անցկացնել ապրիլին, սակայն Հայաստանի կառավարության հրաժարականի պատճառով այն հետաձգվեց մինչեւ սեպտեմբեր։ Ներկայումս, երբ արդեն ձեւավորվել է նոր կառավարություն, Իրանի եւ Հայաստանի իշխանությունները կարող են ավելի առարկայական թեմաների շուրջ զրուցել։
Նալբանդյանի այցն Իրան Հայաստանի համար կարեւոր էր ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական տեսանկյունից։ 2013թ. Իրանի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 293 միլիոն ԱՄՆ դոլար, որը՝ 2012թ. համեմատ, շուրջ 34 միլիոն դոլարով պակասել է։ Թե՛ Հայաստանի եւ թե՛ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ գոհ չեն տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակից։
Նախարար Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է հյուրընկալել հայ ներդրողներին եւ փոխադարձաբար իրանցի ներդրողներին էլ խրախուսել, որպեսզի նրանք Հայաստանում ներդրումներ կատարեն։ Իսկ արդեն այսօր Իրանի նավթի փոխնախարար Ալի Մաջեդին հայտարարեց, որ Թեհրանը պատրաստ է Հայաստանի, այնուհետեւ Վրաստանի տարածքով գազ արտահանել Եվրոպա։ Եթե սրան գումարենք արտգործնախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմ Փուրիի՝ օրերս հնչած հայտարարությունն առ այն, որ Իրան—Հայաստան երկաթգիծը «Հյուսիս—հարավ» միջանցքի համար կարեւոր ուղություն կլինի, ապա պատկերը ամբողջական կդառնա»,–նշել է Արմեն Իսրայելյանը։
«Ժնեւյան հայտնի գործընթացներից հետո ակնհայտ է, որ Իրանը փորձում է իր տնտեսական հարաբերությունները խորացնել թե՛ Արեւմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ, ինչը դրական ազդեցություն կունենա նաեւ հայ—իրանական հարաբերությունների վրա։
Այդ պարագայում Հայաստան—Իրան երկաթգծի, Իրան—Հայաստան նավթատարի, ինչպես նաեւ Մեղրիի ՀԷԿ—ի եւ Հայաստան—Իրան բարձրավոլտ 3—րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման գործում կարող է դրական տեղաշարժ արձանագրվել. արդեն իսկ սկսվել է Հայաստանի տարածքում հյուսիս—հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը, որը լրացուցիչ դրական ազդակ կհաղորդի երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը։
Ինչ վերաբերում է քաղաքական հարաբերություններին, ապա Նալբանդյանի այցի ընթացքում Իրանի իշխանությունները եւս մեկ անգամ շեշտեցին, որ Իրանն ու Հայաստանը տարածաշրջանային եւ միջազգային հարթակներում ունեն մոտ դիրքորոշում, եւ որ Իրանը շնորհակալ է Հայաստանին միջազգային կառույցներում ցուցաբերած աջակցության համար»,–հավելել է վերլուծաբանը։
Ա. Իսրայելյանը նաեւ ասել է, որ օգոստոս—սեպտեմբեր ամիսներին Թեհրանում կայանալիք հայ—իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ամենայն հավանականությամբ տեղի կունենա նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Երեւան. «Մինչ այդ հստակ կլինի նաեւ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու հարցը։ Կարծում եմ հենց այդ ժամանակ ավելի հստակ կլինի, թե էներգետիկ ո՞ր նախագծերի իրականացմանը առաջնահերթություն կտրվի»։
Իրանագետ Ռուդիկ Յարալյանի կարծիքով՝ այցը հարկավոր է արժեւորել ոչ միայն Հայաստան—Իրան երկկողմ քաղաքական—տնտեսական հարաբերությունների ամրապնդման, այլեւ տարածաշրջանային մի շարք երկրների միջեւ հաստատուն տնտեսական կապեր ստեղծելու հեռանկարների տեսանկյունից, որտեղ Հայաստանը կարող է Իրանի համար «կապող օղակի» կամ այլ կերպ ասած՝ տարանցիկ երկրի կարգավիճակ ստանձնել։
«Հայկական պատվիրակության այցը հստակորեն ցույց է տվել իրանական կողմի պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ մտնելու լայնամասշտաբ գործարքների մեջ, որոնց էլ կոչված են ծառայելու ինչպես «Հյուսիս—հարավ» ավտոմայրուղու, այնպես էլ Հայաստանն Իրանի հետ կապող երկաթգծի շինարարության նախագծերը։ Հասկանալի է, որ հիշյալ նախագծերը պահպանում են իրենց ընդարձակվելու հնարավորությունները, եւ հետագայում Իրանը կարող է դրանց միջոցով իր համար ելք ապահովել դեպի Սեւ ծով, որով էլ դուրս գալ ԵՄ երկրների շուկա՝ զուգահեռաբար մեծացնելով իր ապրանքաշրջանառության ծավալները նաեւ ՌԴ հետ։
Կարծում եմ՝ Իրանն իր արտաքին քաղաքական հստակ կողմնորոշմամբ «հասկացրել է» առաջադիմական երկրներին, որ հնարավոր չէ այդ երկիրը կանգնեցնել երկընտրանքի առջեւ։ Խոսքը վերաբերում է ձեւավորված կամ ձեւավորվող միություններին, մասնավորապես՝ Թեհրանի՝ ԵՄ—ի եւ ՄՄ—ի միջեւ ընտրություն կատարելուն։ Չմոռանանք, որ բազմաթիվ հայտարարություններով Իրանը հաստատել է իր պատրաստակամությունը՝ զարգացնելու տնտեսական հարաբերություններն ինչպես ԵՄ, այնպես էլ ՄՄ անդամ երկրների հետ։ Հավանաբար տարածաշրջանային հեռանկարային նախագծերի հարցում Իրանի, Ռուսաստանի եւ արեւմտյան երկրների միջեւ կա որոշակի «լուռ» փոխհամաձայնություն, հակառակ դեպքում հազիվ թե Թեհրանը Երեւանի հետ փոխհարաբերությունների խորացման հարցում ցուցաբերեր նմանօրինակ վճռականություն»,–ասել է Ռ. Յարալյանը։
|