ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների 25—րդ համատեղ նիստը, որը վարեց խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Մինչ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը, նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից հեռացած հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ՝ Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս—պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ—ի հիշատակը։
Օրակարգի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրեց 2015թ. կատարված աշխատանքների վերաբերյալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը, որի ավարտին նիստի մասնակիցները դիտեցին հիմնադրամի 2015թ. գործունեության մասին տեսաֆիլմը։
Խորհուրդն ընդունեց հաշվետվությունը՝ ի գիտություն ընդունելով վերստուգիչ հանձնաժողովի զեկույցը։ Այն ներկայացրին վերստուգիչ հանձնաժողովի անդամ Արա Ասլանը եւ «Գրանթ Թորնթոն» աուդիտորական կազմակերպության ներկայացուցիչ Էմիլ Վասիլյանը։
Օրակարգի հաջորդ հարցի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն—2016»—ի նպատակաուղղվածության մասին, զեկուցեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։
ԼՂՀ նախագահը Արցախի ժողովրդի եւ իր անունից խորին երախտագիտություն հայտնեց ողջ հայ ժողովրդին, մայր Հայաստանին եւ սփյուռքին՝ Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավորությամբ, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ծանր օրերին Արցախի Հանրապետությանը սատար կանգնելու համար։
Բակո Սահակյանն ընդգծեց, որ հայ ազգն ունի յուրահատուկ մի ունակություն՝ համախմբվել ճակատագրական պահերին եւ լուծում տալ համազգային կարեւորագույն խնդիրներին։
Նա առաջարկեց «Հեռուստամարաթոն—2016»—ի ծրագրում ներառել Արցախի՝ ապրիլյան պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը։ Առաջարկն ընդունվեց եւ ընդգրկվեց 2016թ. հեռուստամարաթոնի ծրագրի մեջ։
ԼՂՀ նախագահի զեկույցից հետո տեղի է ունեցավ մտքերի փոխանակում, որի ժամանակ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները եւ տեղական մարմինների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց կարծիքներն ու առաջարկությունները, որոնք կամփոփվեն գործադիր վարչության կողմից։ Խորհուրդը միաձայն հաստատեց «Մարաթոն—2016»—ի նպատակաուղղվածության մասին զեկուցը։
Ուս ուսի տված վերացնել ագրեսիայի հետեւանքները
«Հայաստան» համահայկական հիմնադրամը տարիներ շարունակ աշխատում է մարդու կյանքի որակի բարձրացման ուղղությամբ։
Արա Վարդանյանը, ներկայացնելով հիմնադրամի գործունեությունն, ասաց, որ այն նախորդ 12 տարիների ընթացքում շարունակել է կյանքի կոչել բազմաբնույթ ծրագրեր. «Նախաձեռնությունների տեսակներն ու ոլորտները համահունչ են հայկական երկու պետություններում բնականոն զարգացում ապահովելու մեր համընդհանուր համահայկական հրամայականին»։ Նա նշեց, որ խաղաղության եւ պատերազմի շեմին հազարամյակներով ապրող եւ արարող յուրաքանչյուր հայ հստակ գիտակցում եւ գնահատում է հայրենիքը շենացնելու իր պարտքը։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որպես Հայաստան—սփյուռք անբաժանելի կապը խորհրդանշող կառույց, իր դերակատարումն ունի մեր հայրենիքի առջեւ ծառացած խնդիրների լուծման հարցում»։ Նրա խոսքով, ԼՂՀ—ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները եւս մեկ անգամ փաստում են, որ իրենց աշխատանքը շատ կարեւոր է, եւ որ թշնամին չի կարողանում համակերպվել օրեցօր զարգացող եւ գեղեցկացող մեր Արցախի հետ։ «Ցավոք, ագրեսիայի հետեւանքով ավերվել են բազմաթիվ տներ, շենքեր եւ հաստատություններ, բայց ոչ երբեք մեր հավատը, երազանքները եւ միասնականությունը»,—ասաց Ա. Վարդանյանն՝ ընդգծելով, որ որպես հայ, մենք կրկին մեր կամքը ցուցադրեցինք ամբողջ աշխարհին, այն որ անպարտելի ենք, երբ միասին ենք։ Նա կարծում է, որ այժմ հիմնադրամի եւ ողջ աշխարհասփյուռ հայության սուրբ պարտքն է միասին ուս ուսի տված վերացնել ագրեսիայի բոլոր հետեւանքները։
Ներկայացնելով իրականացվող եւ իրականացված ծրագրերից մի քանիսը՝ Արա Վարդանյանն ասաց, որ շարունակվում է Վարդենիս—Մարտակերտ 116 կմ երկարությամբ մարտավարական ավտոճանապարհի կառուցումը։ Ճանապարհը Հայաստանն Արցախի հետ կապող եւս մեկ կենսական օղակ է։ Վարդանյանը համոզված է, որ ճանապարհի կառուցումը զարկ կտա ինչպես ներհամայնքային կապերի ուժեղացմանն, այնպես էլ զբոսաշրջության եւ ապրանքաշրջանառության աշխուժացմանը եւ ռազմավարական մարտահրավերների հաղթահարմանը։
«Գորիս—Ստեփանակերտ եւ Արցախի հյուսիս—հարավ ավտոմայրուղիների հետ մեկտեղ Վարդենիս—Մարտակերտ ճանապարհը հիմնադրամի 24—ամյա գործունեության կարեւորագույն եւ խոշորագույն նախաձեռնություններից է։ Շուրջ 35 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ծրագիրը իրականացվում է 2013 եւ 2014 թվականների համահայկական դրամահավաքների ընթացքում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների հանգանակած միջոցներով, ինչպես նաեւ ՀՀ եւ ԼՂ կառավարությունների համաֆինանսավորմամբ։ Կասեմ, որ Հայաստանի կառավարությունը տրամադրել է ավելի շատ գումար, քան մենք կարողացել ենք հավաքել»,—ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով հայկական երկու պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին՝ կենսական ծրագիրը կյանքի կոչելու գործում անգնահատելի աջակցության համար։ Վարդանյանը հայտնեց, որ ներկա պահին մայրուղու բոլոր 12 հատվածներում իրականացվում են աշխատանքներ այս տարվա ավարտին ճանապարհն ամբողջությամբ շահագործման հանձնելու համար։
Նա նաեւ նշեց, որ մեկնարկել է Արցախի բազմազավակ ընտանիքներին տներով ապահովելու ծրագիրը, որի ընթացքում կառուցվել եւ կառուցվում է 20 տուն Արցախի 17 համայնքներում. «Հույս ունենք, որ այս ծրագիրը կունենա շարունակական բնույթ եւ կկարողանանք ամբողջությամբ լուծել խնդիրը»։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը աջակցում է նաեւ Գյումրիի անօթեւան ընտանիքներին։ Մինչ օրս 24 ընտանիք տեղափոխվել է նոր բնակարաններ։
Հիմնադրամը շարունակում է իր մշտական աջակցությունը Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ համայնքներին՝ իրականացնելով կենսական նշանակության ենթակառուցվածների եւ գյուղատնտեսության զարգացման ծրագրեր. «Այս ոլորտում մեծ ներդրում ունի Ֆրանսիայի մեր տեղական մարմինը, որն արդեն չորրորդ տարին անընդմեջ իրականացնում է գյուղատնտեսության զարգացմանն ուղղված լայնածավալ ծրագրեր Տավուշի մարզում»։ Նա առանձնացրեց Արգենտինայի հայ համայնքի եւ Ավստրալիայի տեղական մարմինների կողմից իրականացվող ջերմոցների կառուցման ծրագիրը, որի շրջանակներում արդեն կառուցվել է շուրջ 45 ջերմոց Տավուշի մարզում՝ Դիլիջանում, Իջեւանում, Նոյեմբերյանում, Բերդում. «Այս ծրագրի իրականացումը թույլ է տալիս գյուղացու համար ստեղծել նոր կայուն եկամտի աղբյուր»։
Հիմնադրամի կրթական ծրագրերի շրջանակներում կառուցվել է Շուշիի Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանը, որն իր հնարավորություններով եզակի կրթական կառույց է ամբողջ տարածաշրջանում։ Շարունակվում են դպրոցաշինության ծրագրերը Հայաստանում եւ Արցախում։ Նոր դպրոց է կառուցվում Արցախի Սոս գյուղում։ Մասնակի նորոգվում կամ լիովին վերակառուցվում են այլ կրթական հաստատություններ։
Առողջապահական ծրագրերի շրջանակներում շարունակվում են Ստեփանակերտի օնկոլոգիական կենտրոնի շինարարական աշխատանքները։ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում իրականացվել է լայնածավալ առողջապահական ծրագիր. Նոյեմբերյանի շրջանային հիվանդանոցը համալրվել է անհրաժեշտ բուժսարքավորումներով, ինչպես նաեւ անցկացվել է բնակիչների անվճար զննում եւ ավելի քան 40 տարբեր բարդության վիրահատություններ։ Արա Վարդանյանն ասաց, որ ծրագիրը նույնպես կրում է շարունակական բնույթ եւ նախաձեռնության երկրորդ փուլը նախատեսվում է այս տարի աշնանը։
Հիմնադրամը շարունակում է համայնքային զարգացման ծրագրերի իրականացումը։ 2015 թվականի ընթացքում Արցախի եւ Հայաստանի գյուղերում կառուցվել է ավելի քան մեկ տասնյակ բազմաֆունկցիոնալ համայնքային կենտրոններ։ Ծրագրի իրականացման գործում կրկին մեծ է եղել Ֆրանսիայի տեղական մարմնի դերը։ Սիրիահայերին աջակցության ծրագրի շրջանակներում Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Բրազիլիայի տեղական մարմինների աջակցությամբ իրականացվել է հումանիտար օգնության առաքում, ինչպես նաեւ անհատական աջակցություն է ցուցաբերվել սիրիահայ մեր հայրենակիցներին։
Հիմնադրամը շարունակելու է աշխատանքները բարեկամ պետությունների կառավարությունների հետ. «Կուզեի հատուկ նշել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության եւ Արգենտինայի կառավարության հետ սկսած համագործակցությունը, որը հետագայում կշարունակենք՝ ավելացնելով իրականացվող ծրագրերի թիվը եւ ծավալը»։
Հիմնադրամի աշխատանքների կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու եւ ծախսերը կրճատելու նպատակով ընթացքի մեջ է դրվել ԱՄՆ—ում արեւմտյան եւ արեւելյան շրջանների գրասենյակների միացման նախաձեռնությունը. «Հետագայում պլանավորում ենք նաեւ ուսումնասիրել այլ տեղական մարմիններում նմանատիպ գործընթացները»։
Ամփոփելով իր խոսքը՝ հիմնադրամի գործադիր տնօրենն ասաց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն այն եզակի հայկական բարեգործական կազմակերպությունն է, որ ամեն տարի անցնում է բազմաբնույթ ստուգումներ եւ դրամական հոսքերի եւ իրականացված ծրագրերի որակի վերաբերյալ. «Այսօրվա մեր իրականության մեջ ոչ Հայաստանում, ոչ սփյուռքում չկա որեւէ այլ կառույց, որն իր գործունեությունն իրականացնի նման թափանցիկ ոճով»։
Նա հայտնեց, որ ընդհանուր առմամբ 2015 թվականին հիմնադրամի տարբեր տեղական մարմինների ֆինանսավորմամբ ավարտին է հասցվել ավելի քան 30 նախաձեռնություն, իսկ 24 տարիների ընթացքում իրականացված ծրագրերի թիվն արդեն իսկ հատել է հազարի շեմը։ «Այս ամենը հնարավոր չէր լինի առանց մեր աշխարհասփյուռ հարյուր հազարավոր հայրենակիցների աջակցության, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի բնակիչների։ Համոզված եմ, որ ջանքերը համախմբելով կկարողանանք շարունակել մեր ազգանվեր աշխատանքը եւ աջակցել հայկական կարեւորագույն խնդիրների արդյունավետ լուծմանը»,–հավելեց նա։
Լրագրողների հարցերին պատասխանել է նաեւ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։ «Քառօրյա պատերազմի հետեւանքով իրենց տները լքած քաղաքացիների անվտանգությունն ու Արցախում նրանց մնալու հարցը երկու կարեւոր հրամայականներ են»,—անդրադառնալով Թալիշի ու Մարտակերտի բնակիչներին այլ տարածքում վերաբնակեցնելու ԼՂՀ կառավարության որոշմանը՝ ասաց նա։
Նրա խոսքով, այդ հարցի հետ կապված կան մի քանի մոտեցումներ, եւ ժամանակը ցույց կտա, թե որն է կիրառելի. «Իհարկե, թալիշցիների շրջանում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ցանկանում են վերադառնալ։ Միգուցե 1994—ին, երբ սկսվեց Թալիշի լայնածավալ բնակեցումը, հնարավոր էր մի քիչ հետ տալ բնակավայրը, որ կրակի տակ չլիներ։ Սակայն որոշ ռազմավարական խնդիրներ գերադասվեցին այդ կարեւոր հարցից։ Հիմա կտեսնեք՝ ինչ կարեւոր քայլեր կձեռնարկվեն»։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
|